Home / Առողջապահություն / Ծննդատուն – վայնկոմատ – մորգ

Ծննդատուն – վայնկոմատ – մորգ

ԵՍ ՎԱՂՈՒՑ ԶՂՋՈՒՄ ԵՄ

Եթե ինձ հնարավորություն տրվեր ևս 13 անգամ ծնվել, բայց մի պայմանով, որ ամեն անգամ պետք է ծնվեմ ու ապրեմ հետսովետական որևէ երկրում, ապա խոստովանում եմ` ես կնախընտրեի չծնվել ընդհանրապես։

Վայրի վայրեր են սրանք` կյանքը մահով փոխարինած վայրի տրամաբանությամբ։

Մահվան պաշտամունքով սնվող ՉԻՆՈՎՆԻԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Մեծ կամ փոքր հասակով, մեծ կամ փոքր քթերով, մեծ կամ փոքր ախորժակով, բայց առանց բացառության` միկրոսկոպիկ սրտերով կաբինետային մանյակների երկրներ։

Իսկ դու ընդամենը վիճակագրական +1 ես, ո՜վ իմ զինապարտ գլխաքանակ։ Դու հաջորդ աղյուսն ես արյունոտ պատի։ Մինչև 100 կիլո կշռող պիտանի միս ես կաբինետային մանյակների «անասնաֆերմաներում»։ Քեզ «բուծում են» մեկ նպատակով, որ Կալաշնիկով բռնես ու կոտորվես, դառնաս երեկոյան ՏԽՈՒՐ ԼՈՒՐ` Անուն Ազգանուն։

Անուն Ազգանուն, լսու՞մ ես, դու պիտի մեռնես, քանի դեռ իրենք…բանակցում են։ Ամիսներով, տարիներով, տասնամյակներով` հավերժ… բանակցում են մանյակները։ Բանակցում են ճշտելու, թե դու հատկապես երբ պիտի մարմնովդ մեկ ցրիվ գաս ու մաս-մաս փտես հետսովետական գունատ արևի տակ, անմշակ ցեխերի մեջ, կամ ինչպես գրված է կարևոր գրքերում` «պատմական հողի վրա», որը որոշվել է, որ միշտ ու մշտապես ավելի թանկ է, քան քո էդ ողորմելի, անպետք, ոչ պատմական կյանքը։

Քո ճանապարհը ևս հայտնի է վաղուց` ծննդատուն – վայնկոմատ – մորգ։ Իրենց ճանապարհը` մանյակների, փոքր ինչ այլ է` կաբինետից բունկեր, բունկերից` վերանորոգված կաբինետ։

Սա կրկին որոշել են իրենք։
Սա դու չես որոշել։ Քեզ հարցնող չկա։

Հետսովետական քույր գետոներում` այդ միանման ու մոխրագույն, անճոռնի մարդանոցներում նորաձև չէ ապրելը, պատվաբեր չէ ծերանալը։ Խարկովից մինչև Տաշկենտ, Բաքվից մինչև Լենինգրադ մեռնելն է միակ օրակարգը։ Իսկ մեռնելիս` անպայման սպանելը նաև։

Որովհետև ապրելու մասին չէ պոստսովետական երազանքը։ Առավել ևս` երջանիկ ու անհոգ, կամ հանկարծ մտքովդ չանցնի` երկար։

Օ՜ ոչ. Հետսովետը մամլիչ մեքենա է, որի վառելիքը մարդկային տառապանքն է ու կոնֆլիկտը, կոնֆլիկտը, կոնֆլիկտը…։

Համարվում է, թե տարբեր աստվածներ կան էնտեղ. մի տեղ Հիսուսն է, մի տեղ` Ալլահը, մի ավելի մեծ տեղ` երկուսը միասին, այնինչ իրականում կա միայն մեկ պաշտելի աստված` ՄԱՀԸ։ Մահն իր փառամոլ քրմերով` կաբինետային մանյակներով, բունկերային դահիճներով, սպանելու ու սպանվելու հրավիրող քառակուսի արկղերով, պատմական քարտեզներով, և իհարկե` անցյալի` մահաբեր անցյալի հիվանդ դավանանքով։

Ես չէի ուզի 13 անգամ նորից ծնվել էս անխափան մսաղացում։
Ծնվես ու ապրես, մինչև բանակցեն, որ մեռնես։ Չէ, շնորհակալ եմ, անկեղծ չեմ ուզում։
Տո նույնիսկ մեկ անգամ ծնվելուս համար ես վաղուց զղջում եմ։

Ruben Vardazaryan