Home / Բանակ / Սպաները կարող էին կանխել սպանությունները․ Հայաստանը պարտվեց ՄԻԵԴ-ում

Սպաները կարող էին կանխել սպանությունները․ Հայաստանը պարտվեց ՄԻԵԴ-ում

Հայաստանի Հանրապետությունը մեղավոր է 2010 թվականին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում սպանված զինծառայողների կյանքի իրավունքը խախտելու համար՝ վճռել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և պարտավորեցրել 30 հազարական եվրո վճարել ոչ մարտական պայմաններում զոհված զինվորներից երկուսի ծնողներին՝ Միքայել Հովհաննիսյանին և Սվետլանա Կարապետյանին։

Միքայել Հովհաննիսյանը 2009 թվականին զորակոչված և Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի №36534 զորամաս (Մարտունի 2) տեղափոխված Ռոբերտ Հովհաննիսյանի հայրն է։ Ռոբերտը Վանաձորից էր, սպանվել է 2010 թվականի հուլիսի 28-ին՝ 19 տարեկան հասակում։

Սվետլանա Կարապետյանը Ռոբերտի համածառայակից՝ 2008-ին զորակոչված և Մարտունու նույն զորամաս տեղափոխված Անդրանիկ Սարգսյանի մայրն է։ Անդրանիկը Երևանից էր, սպանվել է նույն օրը՝ 2010 թվականի հուլիսի 28-ին՝ 21 տարեկան հասակում։

ՄԻԵԴ-ի վճռի մեջ չեն նշվում Ռոբերտի, Անդրանիկի և նրանց հետ միասին սպանված մյուս զինծառայողների անունները՝ ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյան (Երևանից), ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյան (Էջմիածնից), Արտյոմ Մանասյան (Չարենցավանից)։ 

Չի նշվում նաև զինծառայող Կարո Այվազյանի անունը, որը հետմահու մեղադրվել է համածառայակիցներին սպանելու մեջ․ ըստ պաշտոնական վարկածի, 2010 թվականի հուլիսի 28-ին նա հրազենով սպանել է 1 լեյտենանտի ու 1 սերժանտի, այնուհետև նույն զենքով սպանել է դեպքի վայրին մոտեցած ևս 3 զինծառայողների ու ինքնասպան եղել։

ՄԻԵԴ-ը հիշեցրել է՝ դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է կալաշնիկով ավտոմատը, որով սպանվել էին զինվորները։ Այն եղել է մահացածներից Կարո Այվազյանի ոտքերի մոտ։ 

Հարցաքննվողները հետագայում փաստել են՝ սպանությունից ժամեր առաջ դիրքեր են եկել փոխգնդապետ Վ.Պ.-ն և փոխգնդապետ Ս.Գ.-ն, տեսել են, որ հերթապահություն իրականացնող զինծառայողները քնած են։ Շարքային Դ.Հ.-ն՝ սպանվածների համածառայակիցը, պատմել է, որ լսել է՝ ինչպես է փոխգնդապետ Վ.Պ.-ն վիրավորում, հարվածում զինվորներ Կարո Այվազյանին ու Անդրանիկ Սարգսյանին։ Այնուհետ զինծառայող Դ․Հ․-ն լսել է ինքնաձիգի լիցքավորման ու անմիջապես հետո կրակոցների ձայներ:

Բժշկական փորձաքննությունները ցույց են տվել, որ բոլոր զինծառայողները օգտագործել են քիչ քանակով ալկոհոլ, իսկ Կարո Այվազյանը, որը մեղադրվում է սպանության համար, եղել է հարբած։

Մինչև զինծառայության անցնելը՝ 1992-ից Այվազյանը բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այնտեղ բազմաթիվ անգամներ դատապարտվել է գողության, ապօրինի հրազենի և թմրանյութերի պահպանման, ուղղիչ հիմնարկից փախուստի համար: 2009-ին ԱՄՆ-ից արտաքսվել է Հայաստանի Հանրապետություն և զորակոչվել բանակ։

2012 թվականի հուլիսի 28-ին քննիչ Մ.Բ.-ն որոշել է կարճել վարույթը մեղադրյալների՝ շարքային Կ.Ա.-ի (երկու և ավելի անձանց սպանություն) և ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի (պաշտոնական լիազորությունների չարաշահում) մահվան հիմքով։ 

Իրավապաշտպանները երկար ժամանակ ահազանգում էին՝ պաշտոնական վարկածը մեծ հարցերի տեղի է տալիս։

Արթուր Սաքունցի խոսքով, Կարո Այվազյանի հասակը թույլ չէր տալիս, որ նա ինքնասպան լինել РПК հրազենով` փողի երկարության պատճառով: Դրանից բացի, նրա մարմնի աջ երիկամի ուղղությամբ կապտուկի հետք է եղել, ինչը կարող էր առաջանալ միայն կենդանության ժամանակ: Բռնության հետքեր են եղել նաև ժամկետային զինծառայող Գարեգին Հովսեփյանի վրա՝ նրա մատները կոտրված էին: Հակասություններ կային սպանության ժամերի հետ կապված: Զոհվածներից մեկի հարազատները պատմել են՝ սպանությունից մեկ օր առաջ են իմացել իրենց տղայի վիրավորվելու մասին։ Հարց է ծագել նաև՝ ինչ գործ է ունեցել այնտեղ գումարտակի հրամանատար Հովիկ Դանիելյանի վարորդ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը սպանվածների մեջ է, բայց դիրքում առհասարակ չպետք է լիներ։ Ենթադրելի է, որ նա այնտեղ կարող էր հայտնվել հրամանատարի հետ միայն, բայց պաշտոնական վարկածում հրամանատարի անունը նույնիսկ չի հիշատակվում։

ՀՔԱՎ-ը՝ ի դեմս իրավապաշտպան Արթուր Սաքունցի և կազմակերպության փաստաբան Արայիկ Զալյանի, ստանձնել է զոհված զինծառայողներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Անդրանիկ Սարգսյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությունը ներպետական  ատյաններում, ապա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Դեպքից 13 տարի անց՝ 2023 հոկտեմբերի 13-ին, ՄԻԵԴ-ը հրապարակել է վճիռը, ըստ որի Հայաստանը խախտել է ՄԻԵԴ 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի նյութաիրավական և դատավարական բաղադրիչները, նաև 13-րդ հոդվածը։ 

Զինծառայողները չէին սպանվի, եթե զորամասի հրամանատարությունը ուսումնասիրեր Կ․Ա․-ի նախկին դատվածությունները, Միացյալ Նահանգներում գտնվելու ժամանակ նրա կատարած իրավախախտումները, նրա արտաքսումը և զինծառայության զորակոչվելու հանգամանքները, պահպանվեր հրազենը բեռնաթափելու և պահեստավորվելու ընթացակարգը, չկիրառվեին ոչ կանոնադրական, փողոցային մեթոդներ։

ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն պարտավորվում է վճարել 30 հազարական եվրո Մ․Հովհաննիսյանի և Ս․Կարապետյանի որդիների կյանքի իրավունքի խախտման համար։