Կոտայքի մարզի 38-ամյա բնակիչն իր անասնաֆերմայում տևականորեն աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկել 3 կանանց և մեկ երեխայի․ նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Հայաստանի Քննչական կոմիտեն։
Տղամարդը, ըստ ՔԿ-ի, օգտվել է սեփական կացարան չունեցող կանանց խոցելիությունից և շահագործելու դիտավորությամբ նրանց առաջարկել է Գառնիում անասնաֆերմայում կթվորուհի աշխատել։ Կանայք ակնկալում էին, որ ամսական 1 կով կթելու դիմաց կստանան առնվազն 5.000 դրամ։ Կանանցից մեկն իր մանկահասակ երեխայի հետ 2018թ.–ից, իսկ մայրը և դուստրը իրենց անչափահաս ու մանկահասակ երեխաների հետ 2023-ի հունվարից տեղափոխվել ու բնակվել են անասնաֆերմայի տարածքում գտնվող քարե շինությունում, որը զուրկ է եղել կենցաղային տարրական պայմաններից։
Նրանց համար անհրաժեշտ սննդամթերքը 38–ամյա տղամարդն առաջարկել է ձեռք բերել իրեն պատկանող խանութից՝ անկանխիկ եղանակով, ձեռք բերված ապրանքների վերաբերյալ նշումներ կատարելուց հետո նրանց աշխատած գումարի հետ հաշվարկ կատարելու խոստումով:
Այնուհետև, հիմնականում աշխատանքի հետ կապված դժգոհությունների առիթներով, 38–ամյա տղամարդը կանանց նկատմամբ կիրառել է բռնություն, ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաև անասնագոմի մաքրման համար նախատեսված երկաթյա գործիքով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, նրանց հասցեին հնչեցրել բռնություն կիրառելու սպառնալիքներ ու հայհոյանքներ, ինչպես նաև ստիպել է կատարել այլ աշխատանքներ՝ անասուններին կեր տալ, դաշտ տանել, անասնագոմը մաքրել և այլն:
Գործի տվյալներով կանանցից մեկի՝ 4 տարի կատարած կթվորուհու և պարտադրված մյուս աշխատանքների դիմաց 38–ամյա տղամարդը նրան վճարել է 30.000 դրամ, որևէ հաշվարկ՝ նրա կատարած աշխատանքի դիմաց նրան վճարելու և խանութից վերցրած ապրանքների գումարն իբրև ծախս հաշվարկելու և այդ գումարների տարբերությունը պարզելու նպատակով, երբեք չի կատարել։ Ավելին, հիշյալ կնոջ անվան դիմաց՝ որպես պարտք, գրանցել է նաև տարիներ շարունակ փաստացի իր անասնաֆերմայի համար աշխատանք կատարած մեկ այլ անձի կողմից նույն խանութից վերցրած ապրանքներն ու ծխախոտը։ Արդյունքում՝ այդ տարիների ընթացքում կինը խանութում կուտակել է 2.004.740 ՀՀ դրամ գումարի չափով պարտք։
Մոր և դստեր կողմից 6 ամիսների ընթացքում կատարած աշխատանքների համար 38–ամյա տղամարդը նրանց վճարել է 15․000 դրամ և կրկին որևէ հաշվարկ չի կատարել։ Արդյունքում՝ մոր և դստեր պարտքը խանութում կազմել է 480.480 դրամ։
Բացի այդ, 38–ամյա տղամարդը պահանջել է, որ 2023թ. հունվարից իր կողմից արդեն շահագործման վիճակում գտնվող ընտանիքի 9-ամյա երեխան նույն տարվա փետրվարից յուրաքանչյուր օր արթնանա առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում, անասնաֆերմայում որպես կթվորուհի աշխատող անձի 14-ամյա որդու հետ օգնի անասնապահին՝ պահել խոշոր եղջերավոր անասունների հոտը: 9–ամյա երեխան մինչև հունիսի 7-ը նաև անձրևոտ և ցուրտ օրերին մնացածի խոշոր եղջերավոր անասունների հոտը տարել է անասնաֆերմայից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող դաշտ, որտեղ մինչև երեկո մնացել և օգնել է կազմակերպել կենդանիների արածելը, ինչից հետո նրանց տեղափոխել գոմ:
Դուստրը ոստիկաններին ահազանգել է իր մոտ գտնված մեկ այլ բջջային հեռախոսաքարտով, որի առկայությունը թաքցրել էր 38–ամյա տղամարդուց, քանի որ վերջինս վերցրել էր նրա բջջային այլ հեռախոսաքարտը:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար, հայտնում են ՔԿ-ից։