Քաղաքական հետապնդումներից փախած և Հայաստանում ապաստանած ռուսաստանցիները ահազանգում են՝ իրենց բնակության վայրերի մոտ նկատել են Ռուսաստանի Դաշնության զինվորական համազգեստով անձանց, որոնք անթաքույց հետևում են իրենց։
Ահազանգների մասին հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ ՀՔԱՎ-ը պարզել է, որ ռուսական զինվորական համազգեստով մարդիկ՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, «օգտագործում են չհաշվառված, հայկական պետհամարանիշով մարդատար ավտոմեքենա, որը նախատեսված է բացառապես օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար»։
«Ակնհայտ է, որ ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչները իրականացնում են արտաքին դիտարկում օպերատիվ հետախուզական գործողություն, ինչի համար պետք է ունենան ՀՀ Գլխավոր դատախազության կամ այլ իրավապահ մարմինների թույլտվությունը և համաձայնությունը։
Փաստորեն, ՌԴ իշխանությունները իրենց ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումներն իրականացնում են ո՛չ միայն Ռուսաստանի տարածքում, այլև՛ Հայաստանի Հանրապետությունում», – գրել է ՀՔԱՎ-ը։
Իրավապաշտպան կազմակերպությունը իշխանությունների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի տարածքում «Ռուսաստանի իրավապահ մարմինների անթույլատրելի, ապօրինի գործողությունների վրա»․ «Գտնում ենք, որ այս գործողություններն ուղղված են Հայաստանի՝ ինքնիշխան, ժողովրդավար և իրավական պետության դեմ»։
ՀՔԱՎ-ը դիմել է Հայաստանի Գլխավոր դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը և Ներքին գործերի նախարարությանը՝ պահանջելով «անհետաձգելի ու համարժեք միջոցներ ձեռնարկել ոչ միայն դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության իրավապահների ապօրինությունները Հայաստանում, այլև պատասխանատվության ենթարկել նման ապօրինի գործողություններ կատարողներին»։
Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչները ապօրինի օպերատիվ գործողություններ են անում Հայաստանի տարածքում։
Անցած տարվա դեկտեմբերին նրանք առևանգել և Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազա էին տարել Դմիտրի Սետրակովին՝ հետախուզման մեջ գտնվող պահեստազորայինին, որը փախել էր Ուկրաինայի ռազմաճակատից և ապաստանել Հայաստանում։ Ռազմաբազայից Սետրակովին փախցրել էին Ռուսաստան։ Օպերատիվ այս գործողությունները իրականացվել էին առանց հայաստանյան իրավապահ մարմինների թույլտվության՝ ապօրինաբար։ Թեև Հայաստանի վարչապետը խոսել էր ինչ-որ հետաքննության մասին, քրեական գործ հարուցված չէ։
տե՛ս Հայաստանում առևանգված ռուսաստանցին գտնվել է Ռոստովի ռազմական ոստիկանությունում
Մեկ այլ դեպքով Երևանի օդանավակայանից ձերբակալել և ռուս սպայի մոտ հարցաքննության էին տարել Ռուսաստանից փախած և Ուկրաինայում ապաստան ստացած ընդդիմադիր Իրինա Բելաչեուին։
տե՛ս Ռուս սպան խոսել է Հայաստանի անունից, հայերը ապօրինաբար ձեռբակալել են
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին 2018-ից ի վեր պահում էին ռուսական ռազմաբազայի տարծքում․ պաշտպանության կողմի պահանջները՝ Ռազգիլդեևին բերել հայաստանյան դատարան, մերժվում էին։
2015-ին ռուս ուժայինները որոնել, ձերբակալել և հայաստանյան իրավապահ մարմիններից փախցրել էին նաև Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովին․ ռազմաբազայից դուրս օպերատիվ գործողություններ անելու, մարդ ձերբակալելու իրավունք նրանք չունեին։
Ռուսական ФСБ-ն՝ անվտանգության դաշնային ծառայությունը, հասանելիություն ունի Հայաստանի սահմանը հատած բոլոր քաղաքացիների անձնական տվյալներին, ինչը ինքնին հակասում է հայաստանյան օրենքներին (վավերացված որևէ միջպետական պայմանագիր չկա)։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ օգոստոսի մեկից ռուս սահմանապահները հեռացվելու են «Զվարթնոց» օդանավակայանից (բայց մնալու են հայ-թուրքական, հայ-իրանական սահմանին և հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում)։
տե՛ս Հայաստանը շնորհակալ է «Զվարթնոցում» ապօրինի ներկայության համար