Վարչական դատարանի աշխատակիցները՝ դատավորների օգանականները, դատական նիստերի քարտուղարները և գործավարներն այսօր գործադուլ էին անում։ Պահանջը՝ բարձրացնել աշխատավարձները։
Ցածր աշխատավարձերի և եկամուտների գերբևեռացման խնդիր կա բոլոր դատարաններում, դժգոհ են ոչ միայն Վարչականի աշխատակիցները, այլև նրանց կոլեգաները։ Վարչական դատարանում ակցիան կեսօրին է մեկնարկել, աշխատանքը դադարեցվել է։ Գործադուլավորները ասում են՝ շարունակելու են պայքարել այնքան ժամանակ, մինչև Դատական դեպարտամենտն ու Կառավարությունը չկատարեն իրենց խոստումը։
Աշխատանքի ծավալն ահռելի է, վարձատրությունը՝ անհամարժեք։ Sputnik Արմենիային-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկն ասել է՝ ամսական 80-90 հազար դրամ են ստանում, մաքսիմում՝ 100 հազար։
Երեք ամիս առաջ աշխատողներին խոստացել են, որ հուլիսի 1-ից աշխատավարձերը կբարձրանան։
«Այսօր առավոտյան պատասխանը ստացել ենք, որ աշխատավարձերը չեն բարձրանալու։ Անցած դեկտեմբերին ասում էին՝ հունվարին, հետո ասեցին՝ հուլիսին։ Հիմա հուլիսն եկավ, ասում են՝ նախագիծը հունվարին կներկայացնենք։ Արդեն քանի տարի է, այսպես է շարունակվում։ Ու դեռ նախագիծ կամ փաստացի գործողություններ չենք տեսնում, իսկ աշխատանքի ծավալը գնալով մեծանում է», – ասել է Sputnik-ի զրուցակիցը։
Եթե աշխատավարձը չբարձրացնեն, մարդիկ չեն մնալու դատարանում։ Ցուցարարներից մեկը պատմել է՝ աշխատանքը այնքան շատ է, որ գործավարներն ու օգնականները մինչև ուշ գիշեր մնում են աշխատավայրում, հետո տուն են գնում տաքսիով․ «Տակը բան չի մնում»։
Այս անգամ իրենց նույնիսկ պարգևավճար չեն տվել, քանի որ իբր թե հուլիսից աշխատավարձերը բարձրանալու էին։ Ակցիայի մասնակիցները գրությամբ դիմել են Դատական դեպարտամենտ, Վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարին, կառավարությանը, վարչապետին։ Սպասում են պատասխանի։ Ասում են՝ շարունակելու են գործադուլը։
Դատական դեպարտամից մեկնաբանել են՝ դատական իշխանությունը 2023-ից տարբեր մակարդակներում և տարբեր միջոցներով բարձրացրել է այս խնդիրը, «հարցը գտնվում է պետական մարմինների ուշադրության կենտրոնում»։
«Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարևորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչև աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը», – հայտարարել է Դեպարտամենտը: