Օգոստոսի 14-ի երեկոյան Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում տասնյակ հազարավոր կանայք բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ անցյալ շաբաթ Կալկաթայի հիվանդանոցում փորձնակ բժշկի բռնաբարության և սպանության։
Reclaim the Night («Վերադարձնենք գիշերը») անունով երթը դարձել էր արդեն գրեթե մեկ շաբաթ շարունակվող բողոքի ցույցերի կուլմինացիան։ Սոլիդարության ակցիները սկսվել էին օգոստոսի 8-ին՝ 31-ամյա կնոջ սպանությունից հետո։
36 ժամյա հյուծիչ աշխատանքային հերթապահությունից հետո բժշկուհին քնել էր սեմինարների սենյակում, քանի որ հանգստի համար հատկացված հատուկ տարածք հիվանդանոցը չունի։ Հաջորդ առավոտյան գործընկերները նույն տեղում գտել են նրա կիսամերկ դին՝ բռնության հետքերով։ Ոստիկանությունն ավելի ուշ հայտարարել է, որ կնոջը բռնաբարել ու սպանել են։ Ձերբակալվել է հիվանդանոցի կամավորական ոստիկանը։
Շաբաթվա սկբից Հնդկաստանի տարբեր քաղաքներում պետական հիվանդանոցները դադարեցնում են բոլոր ծառայությունները, բացի անհետաձգելի բուժօգնությունից։ Կրտսեր բուժաշխատողները բողոքի ցույցեր են իրականացնում` պահանջելով գործի արդար քննություն։
Երթերը հիմնականում խաղաղ են ընթանում։ Բացառություն է միայն դեպքը, երբ մի խումբ տղամարդիկ ներխուժել են RG Kar հիվանդանոց, որում տեղի էր ունեցել սպանությունը, և տակնուվրա արել անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը։ Ոստիկանությունը դեպքից հետո արցունքաբեր գազ է կիրառել հիվանդանոցի մոտ հավաքված ցուցարարների նկատմամբ։ Բախումների արդյունքում վնասվել են մի քանի ոստիկանական մեքենաներ։
Ավելի պակաս մարդաշատ ցույցեր կազմակերպվել են նաև հնդկական այլ քաղաքներում, մասնավորապես՝ Դելիում, Հայդարաբադում, Մումբայում և Պունայում։
Վարչապետ Նարենդրա Մոդին կոչ է արել «կանանց դեմ հանցագործությունների համար պատժել օրենքի ողջ խստությամբ»։
«Որպես հասարակություն, մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ գազանություններ են տեղի ունենում մեր մայրերի, դուստրերի ու քույրերի նկատմամբ։ Երկրում այդ թեմայով վրդովմունք կա, ես զգում եմ այդ դժգոհությունը», — օգոստոսի 14-ին հերթական Անկախության տոնին ժողովրդին ուղղված ելույթում հայտարարել է Մոդին։
Գերծանրաբեռնված հնդկական պետական հիվանդանոցների բժիշկներն արդեն վաղուց բողոքում են, որ իրենց չափազանց շատ են աշխատացնում, ու քիչ են վճարում։ Նշում են, որ ակնկալվող բժշկական օգնությունից դժգոհ հիվանդների կողմից բռնության դեպքերը նվազեցնելու ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրվում։
31-ամյա բժշկուհու սպանությունից հետո Հնդկաստանում շատերը հիշում են 2012 թվականին տեղի ունեցած նմանատիպ դեպքը, երբ մի խումբ տղամարդիկ ավտոբուսում բռնաբարել ու ծանր մարմնական վնասվածքներ էին հասցրել 23-ամյա ուսանողուհուն, ով ի վերջո մահացել էր։