Home / Հայաստան / Սոցապը խոստացավ լուծել բնակվարձերից զրկված և բողոքի դուրս եկած ղարաբաղցիների խնդիրը

Սոցապը խոստացավ լուծել բնակվարձերից զրկված և բողոքի դուրս եկած ղարաբաղցիների խնդիրը

Մայիսից բնակվարձի և կոմունալ ծախսերի 40+10 աջակցությունից զրկված մի խումբ ղարաբաղցիներ այսօր բողոքի ակցիա էին անում Սոցապ նախարարության դիմաց։ Պահանջում էին օրենքի հետադարձ ուժով վճարել չորս ամիսների չստացած սոցաջակցությունը։ Նախարարությունից վստահեցրել էին՝ նոր օրենքի նախագիծ են պատրաստում խնդիրը լուծելու համար։

Դեռևս հուլիսին բազմաթիվ ղարաբաղցիներ Սոցապի թեժ գծից իմացել էին, որ իրենց գումարը ոչ թե ուշացնում են, այլ առհասարակ կտրել են։ Նրանց ասել էին, թե իրենք այլևս չեն համարվում 2023 թվականի տեղահանվածներ։ Եթե պետությունը նրանց համարում է 2020 թվականի տեղահանվածներ, պետք է 10 միլիոն դրամի սերտիֆիկատներ տրամադրի՝ տուն գնելու համար։ Նրանք, սակայն, սերտիֆիկատները նույնպես չեն ստացել։ Սոցաջակցությունից զրկված ընտանիքներն ու անհատները այս ամիսների ընթացքում պարտքեր են կուտակել, մեծ մասը փողոցում հայտնվելու վտանգի առաջ է կանգնած։

Սոցապ նախարարությունում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ընդունել էր նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Նա ղարաբաղցիներին խոստացել է առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում խնդրի վերաբերյալ օրենքի նոր նախագիծ ներկայացնել Կառավարությանը։

Նախարարի տեղակալի հետ հանդիպմանը մասնակցած Յուրի Ավանեսյանի խոսքով օրենքի նոր նախագծով աջակցության ծրագրից դուրս մնացածները ընդգրկվելու են նոր ծրագրի մեջ և հետադարձ ուժով ստանալու են մայիս ամսից մինչև այսօր չստացած գումարները։

Ավանեսյանը նաև նշեց, որ Սոցապում նրանց խոստացել են, որ բողոքի ակցիայի մասնակիցներին կներառեն 2023 թվականի տեղահանվածների ցուցակում։ Ակցիայի մասնակիցներից ոմանք չէին հավատում Սոցապ տեղակալի խոստմանը, ասում էին, որ իրենց անընդհատ տեղից տեղ են ուղարկում, խոստանում հարցին լուծում տալ, բայց արդեն չորս ամիս է, իրենց խնդիրները մնում են օդում կախված։

տե՛ս Բաքվից Շուշի, հետո Ստեփանակերտ, հիմա Երևան ու փողոց

2020-ին տարհանվել ենք Գանձասար, 2023-ին՝ տեղահանվել Արենի

Արցախցիներին թոշակներ և նպաստներ խոստացան․ բողոքի եկածները կսպասեն 3 օր