Home / Հայաստան / Հայաստանցուն բռնել են Ուկրաինայում կռվելու համար

Հայաստանցուն բռնել են Ուկրաինայում կռվելու համար

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանը: Ռուսաստանի Քննչական կոմիտեն պնդում է, որ նա Ուկրաինայի զինված ուժերի կողմից կռվել է Ռուսաստանի դեմ։ Բալյանին վարձկալություն է մեղսագրվում և սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

ՌԴ ՔԿ-ի վարկածի համաձայն, Բալյանը Ուկրաինա է ժամանել 2022 թվականի նոյեմբերին Մոլդովայի տարածքով, ընդգրկվել Ուկրաինայի «տարածքային պաշտպանության ստորաբաժանումների կազմում», մասնակցել ռազմական գործողություններին՝ Դոնեցկի, Լուգանսկի և Խերսոնի շրջաններում։

2024 թվականի օգոստոսին Ռուսաստանում նրան հեռակա մեղադրանք է առաջադրվել և հետախուզում հայտարարվել։ Բալյանը ձերբակալվել է հոկտեմբերին «Ռուսաստանի տարածք մտնելու փորձի ժամանակ»։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, թե Հայաստանի քաղաքացին, իբր, ընդունել է մեղքը և «սպառիչ ցուցմունքներ» տվել։ «Մեղադրյալը պարզաբանել է, որ ծառայության ընթացքում մի քանի վիրավորում է ստացել։ Նրա ստորաբաժանումը, որը մարտական գործողություններ է ծավալել ԴԺՀ-ի տարածքում, կազմալուծվել է, քանի որ այնտեղ զինվործներ չեն մնացել․ գրեթե բոլորը կամ սպանվել են, կամ վիրավորվել», – գրել է Ռուսաստանի Քննչական կոմիտեն։ Տղամարդը, ըստ հաղորդագրության, նշել է, որ միայն Հայաստանի քաղաքացիություն ունի։

Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը նրան նախնական կալանքի է ենթարկել։

Բալյանը կամ նրա ներկայացուցիչները ՌԴ իրավապահների պնդումները մինչ այս պահը չեն մեկնաբանել։ Հաղորդագրություն չկա նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից։

armen balyan
Արմեն Բալյանը, լուսանկարը՝ ՌԴ ՔԿ-ի