Նոյեմբերի 11-ին, երբ Բաքուն հյուրընկալել էր ՄԱԿ-ի Կլիմիայի փոփոխության գագաթնաժողովը, Հարավային Կովկասի որոշ ակտիվստներ հավաքվել էին Թբիլիսիում՝ բողոքելու ադրբեջանական ռեժիմի կեղծավորության, քաղաքական ճնշումների, էթնիկ զտումների, գրինվոշինգի (նավթային երկիր լինելով՝ կանաչ տնտեսություն խրախուսումը ձևացնելը) դեմ։ Ակցիային միացել էր նաև շվեդ հայտնի ակտիվիստ Գրետա Տունբերգը, որը 15 տարեկանից պիկետներ է անում՝ պահանջելով կառավարություններից որդեգրել կլիմիայական փոփոխությունները զսպող քաղաքականություն։
«Կովկասի հակապատերազմական ֆեմինիստական շարժումը» իր ակցիայից առաջ հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Ադրբեջանի ռեժիմը մարդկանց պատանդ է պահում բացօթյա բանտում։ Ցամաքային սահմաններն արդեն 4 տարի՝ 2020-ից սկսած, փակ են Քովիդի համավարակի պատրվակով։ Ռեժիմն ուզում է ամբողջական վերահսկողություն ունենալ մեր մարմինների ու մեր մտքի վրա։ Այն բանտարկում է այլախոհներին,, աքսորում նրանց, ովքեր համարվում են էթնիկ և քաղաքական օտար, երկրում մնացածներին արգելում է գնալ ու ապաստան գտնել ուրիշ տեղ, այն խեղդում է աղքատության մեջ և ճնշում այլախոհներին՝ պատանդ վերցնելով նրանց սիրելիներին:
Չլռողներին՝ լրագրողներ, ակտիվիստներ, ֆեմինիստներ, կամ առանց կոչումների համարձակ մարդիկ գյուղերում, ինչպես Սոյուդլուում ու Նադարանում, բախվում են ոստիկանական բռնության, բանտարկության և որոշ դեպքերում անհետանալու ռիսկի՝ առանց անգամ ձևական դատավարության։ Սա միայն քաղաքական հետապնդում չէ. սա համակարգված լռեցումն է այն ձայների, ովքեր համարձակվում են պատկերացնել ավելի ազատ Ադրբեջան: Բայց ինչպես տեսնում ենք այսօր, ռեժիմին չի հաջողվում լռեցնել մեզ բոլորիս և մարդկանց, ովքեր հրաժարվում են զիջել և շարունակում են դիմադրել։
Մենք կանգնած ենք այստեղ Ադրբեջանի բանտերում հայտնված մեր ընկերների համար.
Բահրուզ Սամադովի
Սևինջ Վագիֆքիզիի
Նարգիզ Աբսալամովայի
Էլնարա Գասիմովայի
Իգբալ Աբիլովի
Ֆարիդ Մեհրալիզադայի
Գուբադ Իբադօղլուի
Աֆիյադդին Մամադովի
Ֆազիլ Գասիմովի
Այխան Իսրաֆիլովի
Էլվին Մուստաֆաևի
Մահամմադ Կեկալովի
Ուլվի Հասանլիի
Հաֆիզ Բաբալիի
Եվ 300 այլ քաղբանտարկյալների։
Մինչ այս քաղբանտարկյալները հյուծվում են ճաղերի հետևում, խոշտանգվում լռության մեջ, աշխարհը աչք է փակում: Տասնամյակներ շարունակ աշխարհը աչք էր փակում և հանդուրժում բռնապետին, որը ճնշում էր սեփական ժողովրդին: Ոչ միայն հանդուրժում, այլ հնարավոր դարձնում նրա թագավորությունը՝ նավթային փողերով սնուցելով նրա կլանը: Միայն այն պահին, երբ այս բռնապետությունը վտանգավոր դարձավ հարեւան երկրների համար, ոմանք բացեցին իրենց աչքերը։ Ալիևին չհաջողվեց լուծել այս հակամարտությունը իշխանության 20 տարիների ընթացքում։ Նա գնաց Հայաստանի հետ պատերազմ սկսելու և էթնիկ զտումների ճանապարհով։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդքանից հետո մենք տեսնում ենք, թե ինչպես է շահույթն անտարբեր դարձրել մեծ-մեծ խոսողներին։
<…>Ադրբեջանում նավթի առաջին հորատումից ի վեր մեր տարածաշրջանը տառապում է կայսերական ուժերի լծի տակ։ Այսօր, թե’ Ռուսաստանն ու Արևմուտքը, թե’ Թուրքիայի պես լոկալ ուժերը շահագործում են մեր տարածաշրջանը հանուն շահույթի ու վերահսկողության՝ խորացնելով մեր ժողովուրդների բաժանումը։ «Կանաչ էներգիայի» քողի տակ, Արևմուտքը նոր արդյունաբերական շուկաների է ձգտում, մինչ Ռուսաստանն ու Թուրքիան կառչում են իրենց իմպերիալ ամբիցիաներից։ Մեր երկրներն օգտագործվում են որպես գրավատներ, շահույթի ու հակամարտության դաշտեր՝ պառակտված արտաքին շահերի կողմից։ Մեկ դարում շատ բան չի փոխվել. «բաժանիր և տիրիր» գաղութատիրական կայսերապաշտական տրամաբանությունը շարունակվում է։