Ուժային և դատաիրավական կառույցների բազմաթիվ ղեկավարներն այսօր առավոտյան ներկայացրել են աշխատանքից հեռանալու դիմումներ։ Այդ թվում՝ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նախկին պաշտոնյաները հրաժարվում են կոնկրետ պատճառներ նշել։ Քյարամյանը հայտարարել է, որ ինքն է որոշումը կայացրել՝ ներքին վերագնահատումներից հետո, Անդրեասյանը ֆեյսբուքում գրել է, որ չի ուզում խոսել խորքային պատճառներից և հեռանում է առանց «սկանդալի, մաղձի ու հիասթափության»։
Հրաժարական է ներկայացրել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը. «հեռանում եմ հանգիստ և խաղաղ»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ անց ֆեյսբուքում հայտարարել է, որ ինքն է «խնդրել» պաշտոնյաններին հեռանալ՝ միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել նրանց իրենց ներդրման համար։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Կառավարության նիստին Փաշինյանն ավելի կոնրկետ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգում կատարվող բարեփոխումների էֆֆեկտիվությունից։ Ըստ նրա՝ հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել. հանցավորության մակարդակն աճել է, ուժի կիրառման ստանդարտ չկա, դատարաններում գործերի քննությունը կարող է ձգվել ընդհուպ մինչև յոթ տարի։
«Նույն մարդիկ, ովքեր հանրապետությունում ճռիկներ-վռիկներ էին անում, նույն բանը էլի անում են։ Նրանք, ովքեր մյուսներին վերևից էին նայում, էլի անում են։ Սա չի կարող շարունակվել։ Ես կարող եմ մի տարի համբերել, չորս տարի համբերել։ Դատական, ուժային, իրավական համակարգի հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է»,- ասել է նա։
Այդ նիստին Փաշինյանն եկել էր թրաշված։ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր՝ վեց տարի նա պահում էր մորուք։ Նրա մորուքը մաքրելը մեկնաբանվում էր որպես երկար սպասված «թավիշի վերջ»։ Հիշեցնենք, որ Փաշինյանը հեղափոխությունից արդյունքներ չտեսնողներին խոստանում էր թավշյա մեթոդների վերջ նաև 2021 թվականի արտահերթ ընտրությունների քարոզարշավում, որը նա վարում էր մուրճը ձեռքին։
Պաշտոնանկությունների ֆոնին է մեկնաբանվում նաև երեկ Փաշինյանի տարածած տեսանյութը, որտեղ նա և առաջին տիկին Աննա Հակոբյանը Իջևանում մատաղ էին անում։
Հիշեցնենք, որ իրավապաշտպանները զգուշացնում էին, որ ներքին գործերի նախարարության բարեփոխումները չեն կայանա, եթե նախարարի պաշտոնում նշանակվել է կադրային ոստիկան Վահե Ղազարյանը։ Նրանք հայտարարել էին, որ նոր պաշտոնը պիտի զբաղեցնի քաղաքացիական անձ և ոչ թե ոստիկանության ներկա կամ նախկին ծառայող։