Home / Առողջապահություն / Բանտերում մահերի «մտահոգիչ» թիվը չի բերում հետաքննության

Բանտերում մահերի «մտահոգիչ» թիվը չի բերում հետաքննության

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում մահացել է չորս ազատազրկված անձ՝ մեկը մահացել է 20 օր հացադուլ անելուց հետո, մեկը՝ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց հետո, երկուսին գտել են խցում սավանով կախված։ Դատապարտյալների կյանքի համար պատասխանատու պետական մարմինները մահվան պատճառները փակ են պահում, պատասխանատվությունը գցում իրար վրա։

Հունվարի 10-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է 27-ամյա Ա․Հ․-ի դին՝ կախված վիճակում։ Հունվարի 17-ին «Արմավիր» ՔԿՀ-ում կախվել է 44-ամյա դատապարտյալ Ս. Հ.-ն։ Հունվարի 21-ին էլ Դատապարտյալների հիվանդանոցից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է 20-ամյա դատապարտյալ Դ․Վ․-ն։

2024 թ․ դեկտեմբերի 30-ին ՄԻՊ-ն անդրադարձել է հացադուլավորի մահվան դեպքին՝ նկատելով, որ հացադուլ հայտարարած անձանց հիվանդանոց տեղափոխումն անհարկի ձգձգելը երբեմն անդառնալի հետևանքներ է ունենում։

Քրեակատարողական ծառայության մամուլի բաժնից Epress.am-ին հայտնել են՝ մահերի վերաբերյալ մանրամասներ ասել չեն կարող, հարցն իրենց տիրույթում չէ։ Խորհուրդ են տվել դիմել Քննչական կոմիտե։ ՔԿ-ն խոստացել է պատասխանել՝ գրավոր հարցման դեպքում։ Արդարադատության նախարարությունն էլ «աշխատանքներ է տանում»՝ մահերի պատճառները պարզելու ուղղությամբ։

Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ հաճախակի դարձած մահերի և ինքնասպանությունների պատճառն, ամենայն հավանականությամբ, բանտերում թերի բուժսպասարկումն է։

«Այդ մարդիկ մինչև մահանալը բողոքել են իրենց առողջական խնդիրներից և ՔԿՀ-ներում բուժսպասարկման վիճակից», – նշել է Գաբրիելյանը։

Նրա խոսքերով, ազատազրկված անձանց հանդեպ բուժսպասարկող անձնակազմի կողմից կա խտրական վերաբերմունք, հաճախ նրանց դեղորայք չեն տրամադրում կամ հենց իրենց ցուցված դեղորայքը չեն տալիս, ուշացնում են զննումը, ուղղորդումը, դատապարտյալների տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոցներ և այլն։

«Պետությունը կատարեց բարեփոխումներ՝ բուժսպասարկումը անջատվեց ՔԿՀ համակարգից, որպեսզի դառնա անկախ մարմին և աշխատի հանուն դատապարտյալի և կալանավորի։ Թղթային տեղափոխումը շատ լավ է իրականացվել, բայց դատապարտյալն ու կալանավորը դրանից օգուտ չեն ստացել», – ասել է Դիտորդական խմբի նախագահը։

Արդարադատության նախարարությունից ևս չեն հերքում, որ մահերի և ինքնասպանությունների պատճառը անձանց առողջական վիճակն է, սակայն ավելացնում են՝ «նաև հոգեկան առողջության վերաբերյալ տվյալներ կան, որոնց մասով մանրամասներ հրապարակելն արգելվում է»։

Թե ինչպես է ստացվել, որ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձինք հայտնվել են քրեակատարողական հիմնարկներում, Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Epress.am-ին ասել է, որ իրենք դրա համար պատասխանատու չեն, հարցը դատական համակարգի և ԲԴԽ-ի տիրույթում է։

Վատ և թերի բուժսպասարկումը ևս, ըստ Խաչատրյանի, իրենց տիրույթում չի։ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը տեղափոխվել է Առողջապահության նախարարության ենթակայության ներքո, և դատապարտյալները, ովքեր ներբանտային պայմաններում չբուժվող առողջական խնդիրներ են ունենում, տեղափոխվում են Դատապարտյալների հիվանդանոց կամ քաղաքացիական բուժկենտրոններ։ Տեղափոխման պատասխանատուն առողջապահության նախարարությունն է։

Առողջապահության նախարարությունից հերքում են իրենց ուղղված մեղադրանքները։

«Թող դետալային ասեն, թե որ դեպքում դեղորայք չի տրամադրվել։ Չի եղել որևէ դեպք։ Ե՛վ դեղորայքային քաղաքականությունը և՛ բուժման ամբողջ շղթան Առողջապահության նախարարության ենթակայությամբ համապատասխան մարմինը ապահովում է՝ սկսած Հեպատիտ ՑԷ, Հեպատիտ ԴԷ հիվանդությունների բուժումից մինչև տուբերկուլյոզ և ներառյալ սքրինինգները, այսինքն կանխարգելիչ բուժօգնությունը և կանխարգելիչ միջոցառումները», – նշել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Ազատազրկված անձանց մահվան դեպքերի վերաբերյալ մանրամասները, սակայն, մամուլի խոսնակը բանավոր տրամադրել չցանկացավ․ «փակ հիմնարկների, հոգեկան առողջության կենտրոնների մասին բանավոր ինֆորմացիան ճիշտ և կոռեկտ չի»։