Home / Օրենքի մարդիկ / ԱՄՆ ղեկավարը դժոխք է խոստանում, ՀԱՄԱՍ-ը գերիների վերադարձը հնարավոր է համարում

ԱՄՆ ղեկավարը դժոխք է խոստանում, ՀԱՄԱՍ-ը գերիների վերադարձը հնարավոր է համարում

Փետրվարի 10-ին Համասը հայտարարել է, որ անժամկետ կհետաձգի գերիների փոխանակության հաջորդ փուլը, քանի որ Իսրայելը չի պահպանում հրադադարի համաձայնագրով սահմանված պայմանները։ 

Համասի ռազմական թևի առաջնորդ Աբու Ուբայդիի հայտարարության մեջ ասվում է. «Վերջին երեք շաբաթների ընթացքում դիմադրության ուժերը հակառակորդի կողմից պայմանները չկատարելու դեպքեր են արձանագրում։ Օրինակ, հետաձգում են տեղահանվածների վերադարձը Գազայի հյուսիսային հատվածներ, կրակ են բացում սեկտորի տարբեր մարզերում, սահմանափակում են համաձայնագրով նախատեսված ձևերով հումանիտար աջակցության մուտքը։ Հետևաբար, շաբաթ օրը՝ փետրվարի 15-ին, նախատեսվող գերիների փոխանակությունը կհետաձգվի մինչև հետագա ծանուցում»։

Թեև հրադադարի մասին համաձայնությանը, իսրայելական ուժերը չեն դադարեցրել Գազայի և Արևմտյան ափի պաղեստինական բնակավայրերի ռմբակոծությունները։ Ծավալվող ռազմական գործողությունները մեկնաբանում են որպես ահաբեկչական խմբավորումների որս։ Իսրայելական ուժայինները դեռևս թույլ չեն տալիս, որ հումանիտար աջակցության մեքենաները մտնեն սեկտորի տարածք։ 

Ավելի ուշ խմբավորումը հայտարարել է, որ միջնորդների աջակցությամբ համաձայնագրի կետերը «ըստ նախատեսվածի» իրականացնելու դեպքում իրենք «բաց են» փոխանակման պրոցեսները վերսկսելու համար։ 

Իսրայելի Պաշտպանության նախարար Իսրայել Կացը Համասի հայտարարությունը որակել է որպես համաձայնության կոպիտ խախտում. «Ես Ցախալին հրամայել եմ բարձր մակարդակով պատրաստ լինել Գազայում իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։ Մենք թույլ չենք տա, որ հոկտեմբերի 7-ի իրականությունը վերադառնա»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Համասին ի պատասխան սպառնացել է վերջ դնել հրադադարի ռեժիմին, եթե Գազայում պահվող իսրայելցի գերիները տուն վերադարձած չլինեն մինչև փետրվարի 15-ի կեսօր. «իսկական դժողք կսկսվի»։ Նա նշել է, որ խոսում է իր անունից, և որ Իսրայելի իշխանությունները կարող են համաձայն չլինել։

Ամերիկայի նախագահի հայտարարությանն անդրադառնալով Համասի բարձրաստւճան ներկայացուցիչներից Սամի Աբու Զուխրին նշել է, որ սպառնալիքների լեզուն ստեղծված իրավիճակում միայն բարդացնում է խաղաղության հաստատման պրոցեսը և փաստացի ոչ մի արժեք չունի։

Թրամփն ավելի վաղ զայրացրել էր արաբական աշխարհին Պաղեստինը «Մերձավոր Արևելքի Ռիվերա» դարձնելու իր առաջարկով։ Միացյալ Նահանգների նախագահն ուզում էր վերցնել Գազան, տեղահանել բոլոր պաղեստինցիներին և «շքեղ համալիրներ» կառուցել սեկտորի ողջ տարածքում։

Գերիների փոխանակության նախորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 8-ին։ Համասն ազատ է արձակել ևս 3 իսրայելցի պատանդների, Իսրայելը՝ 183 պաղեստինցիների։ Ընդհանուր առմամբ այս պահին վերադարձվել են Իսրայելի 16 քաղաքացիներ։ 17 իսրայելցի դեռևս Համասի մոտ է։ Նրանցից 8-ը մահացած են։ 

Փետրվարի 8-ի փոխանակությունից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ծայրահեղ դժգոհ է գերիների վիճակից և խոստացել է Իսրայելի քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունքի դիմաց պատժիչ գործողություններ ձեռնարկել։