Մարտի 3-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է սառեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, մինչև երկրի ղեկավարությունը ցույց չտա, որ «հակված է խաղաղության»։
Որոշումը կայացվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Սպիտակ Տուն այցից օրեր անց։ Փետրվարի 28-ին նախատեսվում էր ստորագրել համաձայնագիր Ուկրաինայի հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ։ Դրան նախորդած ուղիղ հեռարձակվող հանդիպման ժամանակ Թրամփն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկուն մեղադրել են անշնորհակալ լինելու մեջ և առաջարկել վերադառնալ այն ժամանակ, երբ նա «պատրաստ կլինի խաղաղությանը», որի շուրջ՝ առանց Ուկրաինայի մասնակցության, հիմա բանակցում են ԱՄՆ-ը և Ռուսաստանը:
«Նախագահը հստակ հասկացրել է, որ իր նպատակը խաղաղությունն է։ Մեզ պետք է, որ մեր գործընկերները ևս հակված լինեն այդ նպատակին։ Մենք դադարեցնում և վերանայում ենք մեր աջակցությունը, որպեսզի համոզվենք, որ այն նպաստում է խնդրի լուծմանը», – Թրամփի որոշման մասին լրատվամիջոցներին հայտնել է Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչը։
«Սա օգնության վերջնական սառեցում չէ, սա դադար է, պաուզա», – նախագահի վարչակազմի իր աղբյուրներին մեջբերել է Fox New-ը։
Bloomberg-ի փոխանցմամբ, որոշումը տարածվելու է ողջ ամերիկյան ռազմատեխնիկայի վրա, որը դեռևս չի հասել Ուկրաինա, այդ թվում զինամթերքը, որն արդեն ճանապարհին է կամ գտնվում է Լեհաստանի տրանզիտային գոտում։
Ամերիկյան պաշտոնյաներին հղվելով CNN-ը գրում է, որ Սպիտակ Տունը, հավանաբար, ուկրաինական կողմից հանրային ներողության է սպասում։ Փետրվարի 28-ի միջադեպից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զելենսկին ասել է, որ ներողություն խնդրել չի պատրաստվում, քանի որ «ոչ մեկի չի վիրավորել»։ Նա վստահություն է հայտնել, որ որոշ ժամանակ անց բանակցությունները կվերսկսվեն։
Բարաք Օբամայի ադմինիստրացիայում Սպիտակ Տան Անվտանգության ազգային խորհրդի նախկին աշխատակից Չարլզ Կուպչանը BBC-ի հետ զրույցում քննադատել է Թրամփի որոշումը. «Սա հարկադրման և ձեռքերը ոլորելու հանդուգն դիվանագիտություն է»։
Ամերիկյան պաշտոնյաների խոսքով, առանց Միացյալ Նահանգներից մատակարարվող զենքի Ուկրաինան նույն տեմպով մարտերը կկարողանա շարունակել մինչև տարվա կեսեր։ Զինամթերքի պակասը կզգացվի մի քանի ամսից. «Կա պոտենցյալի բաց, որը Եվրոպան միայնակ չի կարող լրացնել»։