Ուկրաինան և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են ուկրաինական բնական ռեսուրսների համատեղ արդյունահանման պայմանագիրը՝ հայտնել է BBC-ի աղբյուրը ուկրաինական կառավարությունում։ Ուկրաինային հաջողվել է հասնել որոշ բարենպաստ շտկումների։ Համաձայնագիրը, որը ամերիկացիներին հնարավորություն է տալիս զբաղվել ուկրաինական օգտակար հանածոների (հազվագյուտ հողային մետաղներ, նավթ, գազ) համատեղ արդյունահանմամբ, կարող է ստորագրվել վաղը՝ ասել է AFP-ի աղբյուրը։
Սպիտակ տնից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։ Ամերիկայի նոր նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հաստատել էր՝ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին նախատեսում է ժամանել Միացյալ Նահանգներ և ստորագրել պայմանագիրը։
Արևմտյան մամուլը գրում է, որ Վաշինգտոնը իրոք համաձայնել է վերանայել այն դրույթները, որոնցից ավելի վաղ հրաժարվել է Կիևը։
Պայմանագրի նոր տարբերակից, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, հանվել է ներդրումային հիմնադրամում 500 միլիարդ դոլար ներդրում անելու պարտականությունը, որը դրվել էր Ուկրաինայի վրա։ Կողմերը համաձայնել են, որ այդ հիմնադրամը պետք է լինի Ուկրաինայի և Միացյալ Նահանգների համատեղ սեփականությունը․ պայմանագրի նախորդ տարբերակում նշվում էր, որ ներդրումային հիմնադրամը պատկանելու է միայն ԱՄՆ-ին:
AFP-ի ուկրաինացի աղբյուրներից մեկը նշել է, որ նախագծի մեջ կա նաև անվտանգությանը առնչվող ընդհանրական մի դրույթ, որում չի հստակեցվում՝ ԱՄՆ-ն կոնկրետ ինչ պարտականություններ է ունենալու այն ապահովելու համար։ Զելենսկին մինչ այդ պնդում էր, որ անվտանգությունը Կիևի պայմաններից մեկն է։
հարստություն, որ Ուկրաինան (չ)ունի
Ուկրաինան Եվրոպայի՝ հազվագյուտ հողային մետաղներով ամենահարուստ երկիրն է։ Դրանք արդյունահանելու համար տեխնոլոգիաներ և հսկայական ներդրումներ են պետք, որոնք Ուկրաինան չունի։
Սեպտեմբերի վերջին (ամերիկյան ընտրություններից առաջ) Զելենսկին գնացել էր Վաշինգտոն՝ ներկայացնելու «Ուկրաինայի հաղթանակի» իր պլանը։ Financial Times-ն ավելի ուշ պարզել էր՝ 5 դրույթներից 2-ը Կիևը մշակել էր հատուկ բիզնեսմեն Թրամպի համար։ Զելենսկին առաջարկում էր պատերազմից հետո փոխարինել Եվրոպայում տեղակայված ամերիկացի զինվորականներին ուկրաինացիներով։ Բայց ավելի կարևոր էր առաջարկի տնտեսական կոմպոնենտը․ Ուկրաինան խոստանում էր կիսվել արևմտյան գործընկերների հետ իր երկրի կարևոր բնական ռեսուրսներով, նախևառաջ՝ հազվագյուտ մետաղներով և նավթով։
«Ուկրաինայի հազվագյուտ մետաղների պաշարները գնահատվում են 2-ից 7 տրիլիոն դոլար։ Ուկրաինան նաև կարևոր պարենային երկիր է․ Աֆրիկա մատակարարվող սննդի մոտ 50 տոկոսը Ուկրաինայից է։ Չափազանց կարևոր է, որ ուկրաինացիք պատրաստ են համագործակցել մեզ [ամերիկացիների], այլ ոչ թե ռուսների հետ։ Մեր շահերից է ելնում՝ թույլ չտալ, որ Ռուսաստանը գրավի այդ տարածքները», – դեռ այն ժամանակ հայտարարել էր հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։
Դեկտեմբերի սկզբին ռուսական զորքերը գրոհել էին Դոնեցկի մարզի ուղղությամբ և հասել ընդհուպ մինչև Կուրախովսկի ջրամբար, որի մոտ է գտնվում լիթիումի Շևչենկովսկի հանքավայրը։
Լիթիումը թանկարժեք հազվագյուտ հողային մետաղներից է, որն օգտագործվում է միկրոչիպերի, էլեկտրական սարքավորումների, ավտոմարտկոցների արտադրության մեջ։ Դրա պահանջարկը գնալով աճում է։ Լիթիումի խոշոր հանքավայրերից մյուսը՝ Զապորոժիեի մարզի «Կրուտայա Բալկան», որը գտնվում է Բերդյանսկի մոտակայքում, 3 տարի առաջ գրավվել է ռուսների կողմից։
Հարցը միայն լիթիումը չէ։ Ուկրաինան նաև գրաֆիտի, տիտանի և այլ հանածոների մեծ պաշարներ ունի։ Տիտանն օգտագործվում է, օրինակ, ավիատիեզերական արդյունաբերության և զենքի արտադրությունում։
Forbes-ի տվյալներով՝ 2023-ի դրությամբ Ուկրաինայի օգտակար հանածոների ընդհանուր արժեքը հասնում է մինչև 15 տրիլիոն դոլարի։ Բայց դրա մոտ 70 տոկոսը, բաժին է հասնում Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Լուգանսկի մարզերին, որոնք զգալի մասով բռնազավթված են Ռուսաստանի կողմից։
Իրինա Սուրգունը՝ «Երկրաբանական ներդրումային խմբի» համահիմնադիրը, Current Time-ի հետ զրույցում նշել է, որ Ուկրաինայի հսկողության տակ են գտնվում մոտ երկու տասնյակ ռազմավարական հանքավայրեր։ Բացի հիշատակված լիթիումից, որից կա նաև ռազմաճակատից հեռու գտնվող գոտիներում, Ուկրաինայում նաև ուրանի, գրաֆիտի և տիտանի մեծ պաշարներ ունի։
Գրաֆիտի պաշարներով Ուկրաինան թոփ-5 երկրների ցանկում է։ Բայց 5 հանքավայրերից ընդամենը մեկն է շահագործվում՝ Կիրովոգրադսկի մարզում։ Եվս երկու հանքավայրեր՝ Մերձազովում, արդեն ռուսական օկուպացիայի տակ են։ Գրաֆիտը անփոխարինելի է համարվում մարտկոցների արտադրության մեջ, բայց օգտագործվում է նաև միջուկային էներգետիկայիում։
Տիտանի հանքավայրերը հիմնականում Ժիտոմիրի, Կիրովոգրադսկի, Դնեպրոպետրովսկի մարզերում են, մասամբ նաև Կիևի մարզում։ Ուրանի, որը անփոխարինելի է միջուկային էներգետիկայի մեջ, երեք հանքավայրերը գտնվում են Դնեպրոպետրովսկի և Կիրովոգրադսկի մարզերում։ Պատերազմի մեկնարկից հետո ուրանի արդյունահանման ծավալները էապես կրճատվել են։
Թվարկված հազվագյուտ մետաղների հանքավայրերի զգալի մասը դեռ հետախուզված չեն։ Ուստի շատ դժվար է հաշվարկել իրական ծավալները և դրանց արժեքը։ Պաշարներ կան նաև վայրերում, որտեղ քաղքներ և գյուղեր են կառուցվել։ Դրանք արտահանել հնարավոր չէ առանց այդ քաղաքներն ու գյուղերը ոչնչացնելու։
Մյուս կարևոր նյուանսը՝ հազվագյուտ հողային մետաղների արդյունահանումը թեև շահութաբեր, բայց թանկարժեք և բարդ պրոցես է։ Նոր հանք բացելը կարա տարիներ, հարյուրավոր միլիոնների դոլարներ և նոր տեխնոլոգիաներ պահանջի։
Ուկրաինական կողմի փաստարկն է՝ առանց հարուստ պարտնյորների և շահառուների ուկրաինական ընկերությունները այսպես թե այնպես ի վիճակի չեն այդ գործը ի մի բերել։ Ուկրաինայի համար օտարերկրյա կապիտալի ներգրավվումը նաև հնարավորություն է՝ ապահովել նոր եկամուտներ, ստեղծել աշխատատեղեր, ենթակառուցվածքներ և այլն։ Ամեն դեպքում, այդ ամենը հնարավոր չէ, քանի դեռ պատերազմ է գնում։ Ուստի ուկրաինական կողմը իր հարստությունների մասնակի հանձնումը դիտարկում է նաև որպես անվտանգային խաղաքարտ։
Բայց ուկրաինացի փորաձետներից շատերը այս առաջարկին սկեպտիկ են վերաբերվում։ Сurrent Time-ի հետ զրույցում ուկրաինացի տնտեսագետ և բանկիր Սերգեյ Ֆուրսեն նշել է․ «Նույնիսկ լայնածավալ ներխուժումից, պատերազմից առաջ որևէ հետաքրքրվածություն ամերիկացի ներդրողների կողմից չենք նկատել, չկան գնահատականներ՝ որքանով դա կարող է շահավել լինել նրանց համար, ինչ որակի հանքավայրերի մասին է խոսքը, կոնկրետ ինչքան մետաղ են դրանք պարունակում»։
Գերմանիայից ու Ճապոնիայից բեթար
Մինչև վերջերս ուկրաինական կողմի առաջարկները քաղաքական մանիֆեստացիա էին թվում։ Բայց Թրամպի գալուց հետո դրանք սկսել են առարկայանալ։
Փետրվարի 23-ին Ամերիկայի նոր նախագահը ելույթ է ունեցել Պահպանողական քաղաքական գործողությունների կոնֆերանսին և հայտարարել, թե Միացյալ Նահանգները նախատեսում են պայմանագիր կնքել Ուկարինայի հետ, որն առնչվում է ոչ միայն հազվագյուտ հողային մետաղներին, այլև ուկրաինական այլ ռեսուրսներին։
Նա հայտարարել է, թե Ամերիկային պետք են այդ պաշարները նախևառաջ «Ուկրաինա ներդրած փողերը վերադարձնելու» համար։ Ըստ նրա, Եվրոպան Ուկրաինային 100 միլիարդ դոլար է տվել, իսկ Ամերիկան՝ 350 միլիարդ։
«Ավելի վատ է այն, որ Եվրոպան այդ փողերը տվել է որպես վարկ, ուստի հետ կստանա դրանք։ Իսկ մենք ոչինչ հետ չենք ստանա, և ես ուզում եմ, որ նրանք մեզ գոնե ինչ-որ բան տան այն գումարների դիմաց, որոնք մենք ներդրել ենք։ <․․․> Մենք խնդրում ենք տալ ոչ միայն հազվագյուտ հողային մետաղները, այլև նավթն ու այն ամենը, ինչ կարող ենք ստանալ», – հայտարարել է Թրամպը։
Նա նշել էր նաև, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մոտ են «համաձայնությանը»՝ դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։ Բանակցությունները սկսվել են այս տարվա փետրվարին, ընդ որում՝ Ուկրաինան բանակցային սեղան չի էլ հրավիրվել։
Ելույթի մյուս մասում Ամերիկայի նախագահը հարձակվել է Զելենսկու վրա, թե նրա վարկանիշը չի գերազանցում 4 տոկոսը։ Ռուս-ամերիկյան բանակցություններից առաջ արևմտյան մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ խաղաղության հաստատման մի պլան է քննարկվում, որով նախատեսվում են ընտրություններ Ուկրաինայում։ Ռուսները ակնկալում են, որ Ուկրաինայում այդկերպ հնարավոր կլինի հասնել իշխանափոխության։
Դեռ փետրվարի 17-ին The Telegraph-ը նյութ էր հրապարակել, ըստ որի ամերիկացիները նախատեսում են ստանալ առկա հանքերի ադյունահանումից գոյացող եկամուտների 50 տոկոսը, և 50 տոկոսը բոլոր նոր լիցենզիաներից, որոնք կտրվեն երրորդ կողմերին։ Զելենսկին, ըստ նույն լրատվամիջոցի, ամերիկացիների առաջ քաշած պահանջները համեմատել է պատերազմում պարտված ագրեսորի վրա դրվող ռեպարացիաների հետ։ «Սա ավելի վատ է, քան 1945-ի պարտությունից հետո Գերմանիայի և Ճապոնիայի վրա դրված ֆինանսական պատժամիջոցները»։
Ինչպիսին է եղել համաձայնագրի սկզբնական տարբերակը՝ հայտնի չէ։ Ըստ The Washington Post-ի, Զելենսկին հրաժարվել է այն ստորագրել։ Հետագայում պայմանները բարելավվել են։
Եվրոպան ու Պուտինն էլ են ուզում
Ուկրաինայի հարստություններով հետաքրքրված են ոչ միայն ամերիկացիները։ Այս ընթացքում հայտարարություններ են հնչել նաև Եվրոպայից ու Ռուսաստանից։
Եվրակոմիսար Ստեֆան Սեժուրնեն, օրինակ, հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը փետրվարի 24-ին Կիևին է փոխանցել Եվրամիության առաջարկած գործարքի նախագիծը․ «Եվրոպային անհրաժեշտ 30 կարևորագույն նյութերից 21-ը կարող է տրամադրել Ուկրաինան՝ փոխշահավետ համագործակցության շրջանակներում»։ Առաջարկված պայմանները չեն հանրայնացվել։
Մինչ այդ Վլադիրիր Պուտինը, որի ղեկավարած բանակը գրավել է Ուկրաինայի՝ բնական պաշարներով հարուստ տարածքների զգալի մասը, հայտարարել է, թե Ռուսաստանն էլ է պատրաստ համատեղ արդյունահանում առաջարկել Ամերիկայի ոչ միայն պետական, այլև մասնավոր կառույցներին․ «Մենք շատ ավելի, ընդգծում եմ՝ շատ ավելի շատ նման ռեսուրսներ ունենք, քան Ուկրաինան»։
Փայլփլուն փաթաթան
«Իհարկե, երբ մենք փորձում ենք միջազգային իրավունքը և երկրների ինքնիշխանությունը պաշտպանելու անհրաժեշտությունը փոխարինել ռեսուրսային պատերազմով, մենք ջուր ենք լցնում ռուսական մոտեցման ջրաղացին, ըստ որի՝ չկա որևէ Ուկրաինա, չկա ուկրաինացի ժողովուրդ, այդ ամենը Ռուսաստան է, և Արևմուտքը փորձում է խլել այդ տարածքի հսկայական ռեսուրսները, իսկ Ռուսաստանը ընդամենը պատերազմում է այդ ռեսուրսները իր վերահսկողության տակ պահելու համար։ Սա վտանգավոր է քաղաքական տեսանկյունից։ Բայց նժարի մի կողմում հիմա Ուկրաինայում զենքի պակասն է և ուկրաինական պետականության փլուզումը, մյուս կողմում՝ Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելը և ագրեսորին կանգնեցնելն է, որ նա չկարողանա մտնել այլ ուկրաինական տարածքներ, ինձ թվում է՝ պետք է ընտրել երկրորդը։ Եվ ինձ չի հետաքրքրում, թե որքան հազվագյուտ մետաղներ կհասնեն Թրամփի ժառանգորդներին և ամերիկացի բիզնեսմեններին, որոնք կարող են մասնակցել այդ պրոյեկտներին։ Բոլորս էլ հասկանում ենք, որ դրանց իրագործման համար պետք է անվտանգություն, երաշխիքներ, ներդրումներ, տեխնոլոգիաներ, և դա տասնամյակների հարց է», – մեկնաբանել է քաղաքագետ, լրագրող Վիտալի Պլոտնիկովը։
Ըստ նրա, այս համաձայնագրի նկատմամբ մեծ հետաքրքրությունը նաև ներքաղաքական հնարք է ամերիկյան նոր վարչակազմի համար, որը իրականում շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային նաև հիմա, թեև ներկայացնում է դա իր ընտրազանգվածին ավելի փայլուն փաթաթաններով։