Home / Հայաստան / Մարտական մոծակներ. Գեներալին Մոսկվայում տրաքացրել է Ուկրաինան

Մարտական մոծակներ. Գեներալին Մոսկվայում տրաքացրել է Ուկրաինան

Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում վաղ առավոտյան պայթյուն է որոտացել, սպանվել է ռուսական բանակի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնական Իլյա Պոլիկարպովը։

Ըստ պետական գործակալությունների՝ պայթուցիկը տեղադրված է եղել բնակելի շենքի մուտքի մոտ կայանված ինքնագնացի բռնակին և գործադրվել է հեռակառավարման վահանակի միջոցով, երբ երկու տղամարդ մոտեցել են մուտքի դռանը։

Նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հռեակա կարգով քրեական հետապնդում էր հարուցել արդեն 7 տարի այս պաշտոնը զբաղեցնող Կիրիլովի դեմ՝ մեղադրելով նրան ռազմական հանցագործությունների մեջ։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունում BBC-ի աղբյուրները հայտարարել են, որ պայթյունն իրենց հատուկ օպերացիան էր։

Կիևը գեներալին «ռազմական հանցագործ և բացարձակապես օրինական թիրախ» է համարում, հայտարարվում է, որ հենց նա է «ուկրաինացի զինվորականների դեմ արգելված քիմիական զենք» կիրառելու հրաման տվել՝ ռազմաճակատի արևելյան և հարավային ուղղություններում։

Գեներալի և նրա օգնականի սպանության դեպքի առթիվ Ռուսաստանում քրեական գործ են հարուցել ահաբեկչության, սպանության, զինամթերքի ապօրինի շրջանառության հոդվածներով՝ հաղորդել են ՌԴ ՔԿ-ից։

Իգոր Կիրիլովը հանրաճանաչ է դարձել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո։ Պարբերաբար ելույթ էր ունենում ճեպազրույցներում, հարցազրույցներ տալիս լրագրողներին, տարածում ռուսական թեզերը, թե իբր Ուկրաինայում բիոլաբորատորիաներ են ստեղծվում՝ քիմիական և բիոլոգիական զենք մշակելու համար։

54-ամյա Կիրիլովը ռադիացիոն, քիմիական և բիոլոգիական պաշտպանության պետ է դարձել 2017-ի ապրիլին։ Մինչ այդ ղեկավարել է ՌՔԲ ռազմական ակադեմիան։ Հոկտեմբերին Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել նրա դեմ՝ հայտարարելով, որ նա համակարգել է Ուկրաինայում քիմիական զենքի կիրառումն ու հանդես եկել որպես «Կրեմլի ապատեղեկատվության բարձրախոս»։

Ուկրաինայի հակահետախուզությունը պնդում է, որ Կիրիլովի հրամանով պատերազմի մեկնարկից ի վեր «արձանագրվել է քիմիական զենքի կիրառման ավելի քան 4․8 հազար դեպք»։

Նա ամենաբարձրաստիճան ռուս զինվորականն է, որ սպանվել է թիկունքում՝ գրում է «Վաժնիյե իստորիի» պարբերականը։ Անցած տարվա դեկտեմբերին էլ Մոսկվայի մարզում գնդակահարվել էր Ուկրաինայի Ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվան։ РБК-ի աղբյուրները պնդում են, որ ինչպես և Կիվայի դեպքում՝ հիմնական վարկածը «Ուկրաինայի բանակի դիվերսիան է»։

Կիրիլովը ռուսական բանակի ամենահանրային գեներալներից էր համարվում։ BBC-ի հատուկ թղթակից Իլյա Բարաբանովը թվարկում է նրա էկզոտիկ հայտարարություններից մի քանիսը՝ «Պենտագոնը փորձում է ստեղծել ՄԻԱՎ և Հեպատիտ B փոխանցող փոքրիկ կենդանիների պոպուլյացիա», «Միացյալ Նահանգները սկսել են նոր համավարակի նախապատրաստման աշխատանքները», «Վաշինգտոնը փորձում է Ուկրաինայում տոքսիկ նյութերի օգտագործմամբ սադրանք կազմակերպել, որպեսզի մեղադրի դրանում Ռուսաստանին»։

Հենց նա էր տարածում ժամանակին շատ պոպուլյար քարոզչական թեզը, թե իբր Ամերիկան նախկին ԽՍՀՄ երկրներում բիոլաբորատորիաներ է կառուցում, պատրաստում է մարտական մոծակների, խանգարում է Քովիդ համավարակի հարուցիչների հետաքննությունը։ Ռուսական բանակի այլ զորքերի ղեկավարներից որևէ մեկն այդքան հաճախ ելույթներ չի ունեցել լրագրողների առաջ։ Սպանության օրն էլ, ըստ ռուսական ԶԼՄ-ների, Կիրիլովը պիտի ճեպազրույց ունենար մեդիաների համար։

Մահափորձը կազմակերպվել է ՌԴ ՊՆ-ում խորհրդակցությունների հաջորդ իսկ օրը․ հավաքի ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինն ու պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը պատմում էին, որ Ուկրաինայում ընթացող պատերազմում ռուսական բանակը վճռականորեն առաջ է շարժվում դեպի հաղթանակ։ Մի քանի օրից Պուտինը ասուլիս է ունենալու, որի ժամանակ, ըստ ամենայնի, կասի նույնը՝ Ռուսաստանի գործերը լավ են գնում, արևմտյան պատժամիջոցներն էլ զուտ նպաստում են երկրի զարգացմանը։