Home / Հայաստան / Պատգամավորները վախվխելով բարձրացնում են անվերահսկելի վիվառոների հարկերը

Պատգամավորները վախվխելով բարձրացնում են անվերահսկելի վիվառոների հարկերը

Շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ոլորտի համար առաջարկվում է սահմանել 10% շրջանառության հարկ` առկա հարկերից և տուրքերից բացի: Իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, նախագիծը ներկայացնելիս, նշել է` քննարկումների փուլում օրենքին դեմ էին Ֆինանսների նախարարությունն ու Պետական եկամուտների կոմիտեն։

Հայաստանի բյուջեն երկու անգամ գերազանցող բուքմեյքերական ընկերությունների շահույթի վերաբերյալ Ազգային ժողովում անհանգստանում են 2019 թվականից։ Այն ժամանակ մի շարք սահմանափակումներ մտցվեցին թե՛ բուքմեյքերական ընկերությունների, թե՛ խաղացողների համար։ Մասնավորապես, արգելվեց գրասենյակներով գործունեություն ծավալելու հնարավորությունը, խաղերն ամբողջությամբ տեղափոխվեցին առցանց հարթակներ։ 2022-ին արգելվեց նաև բուքմեյքերական գործունեության գովազդը։

Սահմանափակումները, կարծես, այդքան էլ չաշխատեցին։ Եթե 2010 թվականին բուքմեյքերական ընկերությունների շրջանառության ծավալները կազմում էին 35 մլն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը 2,6 մլն դոլար էր (7,2 %), ապա 2010-2023 թթ. ընթացքում շրջանառությունն աճել է ավելի քան 440 անգամ և 2023-ի ծավալները կազմել են 15,8 մլրդ դոլար, իսկ հավաքագրվող հարկերը 67 մլն դոլար (0,4%)։

«Այսինքն շրջանառության ծավալում հարկերի տեսակարար կշիռը իջել է», – նշել է Սարգսյանը։

Այս շրջանառության ծավալները վերաբերում են միայն օնլայն կազինոներին։ Ընկերությունները, ըստ Սարգսյանի, հրաժարվում են ներկայացնել բեթինգի (օրինակ սպորտում արված խաղադրույքների) ծավալները։

«Նաև խնդրել եմ ներկայացնել, թե որքան է կազմել հաշիվների լիցքավորումը բանկերի միջոցով և որքան գումար են իրենք վերադարձրել քաղաքացիներին։ Այդ թվերը նույնպես ընկերությունները չեն ներկայացրել», – ասել է պատգամավորը։

Նրա կարծիքով, 2019-ին ընդունված նախագծերի շնորհիվ բուքմեյքերները էլ ավելի են հարստացել, քանի որ կրճատել են իրենց ցախսերը․ գրասենյակներ չեն պահում, աշխատավարձերը, գովազդը և դրանցից առաջացած հարկերը չեն վճարում։

2024 թվականին մեկ այլ օրենքի նախագծով սահմանափակվեց խաղալու իրավունք ունեցող անձանց ցանկը։ Մասնավորապես՝ զինծառայողներին, իրավապահներին և նպաստառուներին արգելվեց խաղադրույքներ կատարել։ Նախատեսվում էր, որ վերահսկումը պետք է իրականացնի հենց խաղային գործունեություն կազմակերպողը։ Իսկ կազմակերպողներին պետք է վերահսկի ՊԵԿ-ը կողմից մշակված խաղային օպերատորը։ Օպերատորը մինչև հիմա պատրաստ չէ, նախագիծը դեռ մշակման փուլում է։

Սարգսյանը և մյուս պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, խոսում էին այն մասին, որ բուքմեյքերները հաճախ թաքցնում են իրենց իրական շահույթը և քիչ շրջանառություն են ցույց տալիս։ Ընտրյալները փորձում էին հասկանալ, թե ով է պատասխանատուն, ով պետք է պարզի շրջանառության իրական չափերը։

«Կան տեղեկություններ, որ այս ընկերությունները կեղծ անձանց մեծ դրամական շահումներ են տալիս։ 70 մլն դրամական շահում են տվել մի քաղաքացու, ով 1-2 ամիս հետո գնացել և 200 հազար դրամի սպառողական վարկ է վերցրել։ Այսինքն վերլուծելով հասկանում ենք, որ այդ քաղաքացին գումարի տնօրինողը չի եղել։ Մեծ շահում տալով՝ ընկերություններն իրենց շահույթն են նվազեցրել, որպեսզի տարվա վերջում քիչ շահութահարկ վճարեն», – ասել է պատգամավորը։

Բացի այդ, պատգամավորների մոտ կա կասկած, որ խաղերի կազմակերպիչները կեղծում են վերադարձնելիության տոկոսի մասին ինֆորմացիան։ Ընկերությունները, Սարգսյանի խոսքով, նշում են, որ խաղադրույքների ծավալի 98,15 %-ը հետ են վերադարձնում խաղացողներին և ընդամենը 1,85 %-ն է իրենց շահույթը։ Պատգամավորի հետազոտությունները ցույց են տվել, որ ընկերությունների ծրագրային ապահովումները այնպես են սարքած, որ իրենց շահույթը 10 % է, ոչ թե 1,85։

Դաշնակցական Աղվան Վարդանյանը համաձայնելով, որ խնդիրը օրհասական է, նշեց՝ ավելի արմատական քայլերի կարիք կա։ Սարգսյանը հակադարձեց՝ չենք կարող այս պահին ավելի կտրուկ փոփոխություններ անել, որպեսզի դաշտը չգնա ստվեր։

Բուքմեյքերներին և օնլայն կազինոներին ազգային անվտանգության սպառնալիք, աղետ և պատուհաս անվանելուն զուգահեռ, Սարգսյանը, կարծես, ավելի անհանգստացած էր տեղական խաղերի կազմակերպիչների ճակատագրով։

«Vbet-ը և միջազգային այլ կայքեր, գործելով Հայաստանում առանց տուրք վճարելու, ոչ հավասար պայմաններ են ստեղծում տեղի չորս կազմակերպությունների համար», – նշել է նա։

Պատգավաոր Բաբկեն Թունյանը հստակեցրեց նախագիծը՝ «ոչ թե շրջանառության հարկ ենք կիրառում, այլ կրկնապատկում ենք պետական տուրքը խաղային ոլորտի համար»։

Պատգամավորը նշեց, որ տուրքն ավելանալու է տարին մեկ այնքան ժամանակ, քանի դեռ չի ներդրվել խաղային ոլորտի մոնիթորինգային կենտրոնը և օպերատորի համակարգը, որը կվերահսկի խաղերի կազմակերպիչներին։

Նիստերի ընթացքում հնչեցին նաև այլ կարծիքներ։ ՔՊ-ական Արսեն Թորոսյանն, օրինակ, առաջարկում էր պայքարել ոչ թե հետևանքների դեմ, այլ պատճառների՝ մասնավորապես, դպրոցներում կախվածությունների վերաբերյալ իրազեկման արշավներ կազմակերպելով։ Իր կուսակից Զարուհի Բաթոյանը առաջարկում էր ներդնել սոցիալական պատասխանատվության ինստիտուտը։ Օրինակ, պարտադրել խաղեր կազմակերպող ընկերություններին գումար հատկացնել կախվածությունների բուժման կլինիկաներին։

Մեծամասնության մեկ այլ ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանը առաջարկել էր թույլ տալ խաղալ միայն նրանց, ովքեր ունեն ամսեկան 1 մլն և ավել եկամուտ․ «Եթե հարուստ է, թող խաղա ինչքան ուզում է»։ Այնուհետև առաջարկեց բուքմեյքերներին հարկել 50 %-ով, վերջում էլ հայտարարեց, որ պետությունը պետք է բաժնեմաս ունենա օնլայն կազինոներում և բեթինգային ընկերություններում։

Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցման ժամանակ որոշակի մեղմացումներ կլինեն նախագծում, որպեսզի «ոլորտը չգնա ստվեր և դուրս չգա Հայաստանից»։