Home / Առողջապահություն / Քանդվող տան ահաբեկված բնակիչը համարվում է ապահովված

Քանդվող տան ահաբեկված բնակիչը համարվում է ապահովված

Նախկին պատգամավոր Պարույր Կարապետյանը 5 հարկանի «Սեբաստիա» հյուրանոցը սեփականաշնորհել է 2003 թվականին ընդամենը 25 հազար դոլարով։

180 սենյակոց հյուրանոցում այդ ժամանակ փախստականներ էին ապրում՝ ադրբեջանահայեր, որոնք Հայաստան էին եկել Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերից հետո։ Պետությունը պարտավոր էր ապահովել նրանց բնակարաններով, փոխարենը տեղավորել էր նախկին հանրակացարաններում, հյուրանոցներում, լքված դպրոցներում, արտադրական շինություններում։ «Սեբաստիայում» փախստականներն ապրում էին ավելի քան 10 տարի։

Սեփականաշնորհումից հետո Կարապետյանն այնտեղ իսկական տեռոր էր սկսել․ բնակիչներին ծեծում էին, սպառնում, ստիպում ինչ-որ թղթեր ստորագրել և ազատել տարածքը։ Օրենքով փախստականներին ուղղակի վտարել չի կարելի։ Կառավարության որոշմամբ, հյուրանոցի տերը պարտավորվում էր նրանց ապահովել նոր բնակտեղով կամ փոխհատուցել։

Բնակիչներին առաջարկել էին  տեղափոխվել բազմահարկ շենքի առաջին հարկում գտնվող նախկին երաժշտական դպրոցի դասարաններ։ Ոչ ոք չէր համաձայնվել․ շենքը վթարային էր, առաջին հարկը՝ կիսափլատակ։ Նույնսիկ քաղաքապետարանն էր համարել, որ այն ապահով չէ ապրելու համար։ Բայց պետական գույքի նախարարը դրական եզրակացություն էր տվել, Միգրացիոն ծառայությունն էլ առաջարկել էր կա՛մ վերացնել շենքի թերությունները, կա՛մ վերաբնակեցման համար նոր կացարան տրամադրել։ Ոչ թերություններն էին վերացվել, ոչ էլ նոր կացարան էր առաջարկվել։

Բնակիչներին ծեծուջարդով ստիպել էին նոտարական թղթեր ստորագրել, որ պահանջներ չունեն և համարում են իրենց փոխհատուցված։ Փոխհատուցումը դրամական էր․ 800 դոլար՝ միայնակներին, 2400 դոլար՝ երեխաներ ունեցող ընտանիքներին։ Այդ գումարով նույնիսկ կիսափլված հանրակացարանում սենյակ առնել չէր լինի։ Փոխհատուցվածների մեծ մասը փողը ծախսել է Հայաստանից արտագաղթելու վրա։ Նրանք, ովքեր արտագաղթելու տեղ չունեին, ստիպված տեղափոխվել են նախկին երաժշտական դպրոց։

Մեր զրուցակից Տանյան այսպես է հայտնվել Չերյոմուշկայի նախկին դպրոցի 10 քառակուսի մետրանոց սենյակում։ Ատրճանակը վրան պահած՝ նրան տարել են նոտարի մոտ և ստիպել թղթեր ստորագրել առ այն, որ ընդունում է այդ սենյակը որպես նվեր և համարում իրեն բնակարանով ապահովված։ Տանյան ասում է, որ այլընտրանքներ այն ժամանակ չուներ․ եթե առաջարկվող 800 դոլար փոխհատուցումը վերցներ՝ կհայտնվեր շուտով փողոցում, եթե հրաժարվեր լքել հյուրանոցը՝ կտանեին հոգեբուժարան, ինչպես ուրիշներին են տարել։

Որպես միայնակ կնոջ՝ նրան տվել են ամենափոքր սենյակը․ մի ծայրից մյուս ծայրը՝ 2․5-3 քայլ, որտեղ հազիվ մահճակալ ու սեղան է տեղավորվում, ու փոքր զուգարան։ Ի սկզբանե տարածքը լրիվ քանդված էր, մեջը առնետներ էին ապրում։ Թաղապետարանը հետո թեթև վերանորոգում է կազմակերպել, բնակիչները սեփական միջոցներով փորձել են այն կարգի բերել, բայց անարդյունք․ շենքը նորմալ ֆունդամենտ չունի, ջուրը լցվում է միջանցք, գետինն անընդհատ քանդվում է, պատերին հսկայական ճաքեր են, պատերից մի քանիսն արդեն վաղուց պոկվել են առաստաղից ու ցանկացած պահի կարող են փլվել։ Բայց քանի որ շենքի ֆասադը դեռ քայքայված չէ, թաղապետարանն ու համապատասխան տեսչությունը այն քանդման ենթակա չեն համարում և չեն պատրաստվում վերաբնակեցնել փախստականներին։

Հեղափոխությունից հետո Միգրացիոն ծառայությունը ադրբեջանահայերին, որոնք 90-ականներից ապրում են «ժամանակավոր կացարաններում», բնակարանի գնման սերտիֆիկատներ բաժանեց։ Բայց Տանյան և նրա հարևանները շահառու չդարձան։ Թղթերով իրենք համարվում են ապահովված։ Բոլորը գիտեն՝ ինչ պայմաններում են այդ թղթերը ստորագրվել: Բայց առերևույթ հանցագործությունների «վաղեմության ժամկետներն» արդեն լրացել են, և պետությունը նախընտրում է առաջնորդվել թղթաբանական իրականությունով։ Պարույր Կարապետյանն, ի դեպ, Սեբաստիայի բնակիչների բռնի վտարելուց ընդամենը 2 տարի անց՝ 2005-ին, դարձել էր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, և պաշտոնավարել մինչև 2011-ը։ 2018-ին էլ պատգամավորի թեկնածու էր առաջադրվել «Դաշնակցության» ցուցակով։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստան են եկել տասնյակ հազարավոր նոր փախստականներ։ Հին փախստականների խնդիրները հիմա առաջնահերթություն չեն, չնայած չեն եղել նաև նախկինում։