Սրտի արատով և նյարդաբանական լուրջ խնդիրներով զինակոչված Ավետիք Մաթևոսյանի առողջական վիճակը վատացել է զինակոչման հաջորդ իսկ օրը։ Նրան մոտ մեկ ամիս հոսպիտալից հոսպիտալ են տեղափոխել, և միայն օգոստոսի 15-ին ուղարկել տուն՝ «արձակուրդի»։
Օմբուդսմենի գրասենյակից Մաթևոսյանի ծնողներն իմացել են, որ օգոստոսի 14-ին զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Ավետիքի հայրը՝ Ազատը Epress.am-ին ասել է, որ մինչև հիմա սպասում են տղայի էպիկրիզին, որպեսզի սկսեն նրա բուժումը քաղաքացիական հիվանդանոցում։
Ընտանիքն արդեն մեկ ամիս է՝ ահազանգում է որդու օրեցօր վատթարացող առողջական վիճակի մասին։ «Ազատության» հետ զրույցում հարազատները պատմել էին՝ Ավետիքը չի անցել նորմալ առողջական զննություն, զինկոմիսարիատը նրա ախտորոշման թղթերը չի փոխանցել հանձնաժողովին։ Հարցազրույցի ժամանակ տղան պատմել է իր գանգատների մասին, բայց բուժզննության նրան այդպես էլ չեն ուղղարկել։
«Երեխեն ուշաթափվում ընկնում ա», – «Ազատությանը» ասել է տղայի տատիկը՝ Անուշը։ Մայրը՝ Սոնան, պատմել է, որ որդին նյարդաբանական լուրջ խնդիրներ ունի վաղուց․ «Նոպաներ ա իրա մոտ, հիմա մատերը ձգվում ա ահավոր, չի կարողանում, մինչև դեղը չեն տալիս»։
18-ամյա Ավետիքին Կապանի զորամասից անմիջապես Սիսիան, Սիսիանից Երևանի Մուրացան հոսպիտալ, այնտեղից էլ կայազորային հոսպիտալ են տեղափոխել։ Այդ ընթացքում նրա վիճակը ավելի է վատացել․ նիհարել է, հյուծվել, հոգեբուժական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել։ «Մենակ քնցնում են երեխային։ Դա բուժում չէ։ Դողը չի անցնում, – պատմում էր մայրը․ — Իմ երեխան այդտեղ [կայազորային հոսպիտալում] եթե մնաց հոգեկանը խանգարված դուրս կգա, արդեն չի հիշում, չգիտեմ՝ ինչ դեղ են սրսկում»։
Ծնողները անընդհատ այս երկու նկարն էին ցույց տալիս․ ձախում նրա զորակոչի օրն է՝ հունիսի 27-ը, աջում՝ Երևանի կայազորային հոսպիտալում արված լուսանկար․
Կառավարությունը անցած երկու տարիների ընթացքում առնվազն երկու նախաձեռնությամբ կրճատել է հիվանդությունների ցանկը, որոնց հիմքով զորակոչիկներին տարկետում են տրամադրում կամ ազատում ծառայությունից։ Պաշտպանության նախարարությունն փորձում է հաղթահարել զորակոչիկների դեֆիցիտը՝ մարդաքանակ ապահովովելով նաև հիվանդների հաշվին։
«2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով՝ 44 հազարից դարձել 24 հազար <․․․>2003 թվականից 2019 թվականների ընթացքում բանակում չի ծառայել ավելի քան 82 հազար քաղաքացի», – թվերը 2023-ին հրապարակել է պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Բանակից, ըստ նրա, մարդիկ խուսափում են արտագաղթելով, հիվանդանալով, կաշառքով։
«Թվերին որ նայես, տպավորություն կստեղծվի, թե ամբողջ ազգը հիվանդ է», – անցած տարի մեկ անգամ չէ, որ կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա ենթակաները պարբերաբար խոսում են բուժզննություն իրականացնողների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, կաշառքի դեմ պայքարելու,կաշառքը ի վերջո գոնե օրինականացնելու, բժիշկներին պատժելու մասին։
Ընդհանուր առմամբ, զինկոմիսարիատները և պաշտոնյաները առաջնորդվում են մեղավորության կանխավարկածով, իբրև թե բանակից խուսափելու համար երիտասարդները իրենց հիվանդություններ են հորինում։
Բայց «սիմուլյանտների» դեմ պայքարից ամենաշատը տուժում են մարդիկ, որոնք իրոք առողջական խնդիրներ ունեն։ ՀՔԱՎ-ի իրավապաշտպանները պարբերաբար ահազանգում են, որ բուժզննությունը զինկոմիսարիատներում ըստ պատշաճի չի իրականացվում, գանգատները անտեսվում են, ուսումնասիրությունը հաճախ ձևական է արվում։
Նույնիսկ առողջական պատճառներով բանակային մահերի թիվն է վերջին շրջանում աճել։ Պաշտոնական գնահատմամբ՝ 2024-ին հիվանդությունից առնվազն 5 զինվոր է մահացել բանակում։ Վերջին դեպքը օգոստոսի 11-ին․ ՊՆ-ից հաղորդեցին, որ հանկարծամահ է եղել զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։