Home / Բնապահպանություն / Երևանի ամենաթույն աղբանոցը

Երևանի ամենաթույն աղբանոցը

Նուբարաշենի աղբավայրի մուտքի մոտ մեզ դիմավորում են սոված շները, հրդեհի ծուխը, գլխապտույտ առաջացնող հոտը, ճանճերն ու արագիլները։ Մուտքի մոտ նստած է հերթապահը, որը կարծես հարմարվել է հոտին ու էլ չի նեղվում։ Նա գրանցում է աղբ բերող ավտոմեքենաների համարանիշերը։ Տաս րոպեն մեկ մի բեռնատար է մտնում ՝ բերելով աղբ Երևանի տարբեր մասերից։ Մուտքուելք են անում նաև ջրատար ու հողատար մեքենաներ, որոնք պատուհանները փակած մտնում են հրդեհը հանգցնելու։ 

Մեզ արգելում են մտնել բուն աղբավայր առանց քաղաքապետարանի թույլտվության։ Զիբիլանոցը համարվում է անվտանգային օբյեկտ, աղբը՝ արժեք, որը պիտի դառնա եկամտի աղբյուր։ 

Աղբը փողի վերածելու ծրագրեր են փնտրում արդեն 20 տարի։ 2010-ականներին մեթան գազը էլեկտրաէներգիայի վերածելու ծրագիր է ներկայացրել ճապոնական մի ընկերություն, քաղաքապետարանը մերժել է՝ առաջարկը համարելով «ոչ եկամտաբեր»։ Դրանից հետո Հայաստանը 8 միլիոն եվրոյի վարկ է փոխառել Եվրոպական վերակառուցման և Զարգացման բանկից՝ 1% տոկոսադրույքով, և 8 միլիոն եվրո Եվրոպական ներդումային բանկից՝ 0.34% տոկոսադրույքով։ Նախագծի համար Հայաստանը նաև 10 միլիոնի եվրոպական դրամաշնորհներ է ստացել։ Նոր աղբավայր կառուցելու փոխարեն անցած 10 տարիների ընթացքում «գիտելիք է կուտակվել»՝ ավելի վաղ հայտարարել է Երևանի քաղաքապետ Ավինյանը։ 

IMG_2110

IMG_2107

Իսկ մինչ այդ Նուբարաշենի աղբավայրը շարունակում է ընդարձակվել: Այն արդեն 58 հեկտար տարածք ունի։ 

Այստեղ հանդիպում ենք մեկին, ով անկաշկանդ հարցազրույց է տալիս։ Նա գիտի, թե որքան եկամուտ է բերում աղբը․ օրեկան տասը ժամ մետաղաջարդոն է հավաքում և հանձնում վերամշակման։ «Աղբավայրը փակ ձմերուկ է, մի անգամ սաղ օր ֆռաս՝ մի կիլո բան չես հավաքի, մյուս օրը կարողա գտնես միանգամից մի տաս կիլո։ Ամսական եկամուտը տատանվում է 300-900 հազար դրամի միջակայքում», – ասում է նա։ 

IMG_2132

Մեր զրուցակիցը մոտ երեսուն տարեկան է, ասում է՝ իր պես մետաղ հավաքող մի տասնհինգ հոգի էլ կա։ Մեկ այլ խումբհավաքում է պլաստիկ։ Ապակին հավաքվում է մինչ Նուբարաշեն հասնելը։ 

«Մենք եթե չլինեինք, հրդեհները շատ ավելի վատ չափերի կհասնեին։ Ուղղակի մենք միշտ մեջն ենք, շուտ ենք տեսնում բոցը, արագ զանգում ենք 911: Հիմնականում ապակուց է բոցը սկսվում, կամ էլեկտրական սիգարետների մարտկոցներից։ Եթե թույլ է բոցը, ինքներս ենք հանգցնում, էլ չենք զանգում հրշեջների։ Մեր քաղաքն է, մենք դա անում ենք կամավոր», – ասում է նա։ 

IMG_2137

Նուբարաշենը չունի իր պահակներն ու դիտակետերը, ուստի հրդեհի բացահայտման հույսը տեսակավորվող աղբ որոնողների վրա է։ 

«Ես ուղղակի ունեմ բիզնես մտածողություն։ Գիտեմ՝ որտեղից կարելի է փող աշխատել։ Օրինակ, քայլում եմ օրեկան մի տաս ժամ աղբավայրում մետաղ գտնելու համար, քաշեցի էդ հավելվածը, որը շատ քայլողներին կրիպտովայլուտա է տալիս։ Այսօր, օրինակ, քայլել եմ 600000 քայլ, կստանամ 3 ՆՖՏ (non-fungible token) և կփոխեմ դրամի ֆաստ բանկում»։ 

Գործից հետո Գ.-ն գնում է մարզասրահ, այդտեղ էլ է քայլերը հաշվում առողջ ապրելակերպ խրախուսող հավելվածով։ Նա պատմում է իր գործից, բայց խնդրում է չլուսանկարել. «Եթե դուք աղբ հավաքող լինեիք, կուզեի՞ք նկարվել գործի տեղը»։ 

IMG_2095

IMG_2090

Երևանի քաղաքապետարանը ավելի մեծ եկամուտների հույս ունի։ Վերջերս ասուլիսի ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ շուտով կլինի նոր մրցույթ՝ աղբը վերամշակող ընկերությունների համար։ «Աղբը ինքն իրենով ունի որոշակի արժեք, ով ճիշտ կկարողանա ուտիլիզացնել, մասնավորապես, էներգիայի տեսքով, նա էլ կշահի», – ասել է Ավինյանը։ 

Բացի կառուցապատողի համայնքային մրցույթից, կառավարությունն էլ է փորձում նոր միջազգային վարկեր գտնել։

Առաջնային խնդիրը սակայն Նուբարաշենի աղբավայրի կոնսերվացումն է, ընդունել է Ավինյանը։ Բայց այս պահին չկա հստակ պլան՝ երբ է Նուբարաշենը փակվելու։

IMG_2097

IMG_2080

«Էկոլուր» կազմակերպության փորձագետ Ռոզա Ջուլհակյանի խոսքով՝ Երևանին կից մի քանի աղբավայրեր մեր գլխին շուտով կդառնան նոր Նուրաբաշեն, եթե ոչինչ չարվի։ «Նուբարաշեն» ասելով նկատի ունի մեթան գազեր արտադրող աղբավայր։ Մյուս աղբավայրերը դեռ այդ չափսերի չեն հասել։ Դյուրավառ մեթան գազը առաջանում է մեծ ծավալներով տնտեսական աղբում և դա է հրդեհների տարածման պատճառը։ Այս տարի ամռանը միայն մոտ 10 հրդեհ է եղել։ Վտանգավոր է ոչ թե մեթանի, այլ աղբավայրի պլաստիկ և այլ նյութերի այրումը։ 

Ըստ նրա՝ դա միֆ է, որ աղբը մեծ փող է, միայն շատ հարուստ երկրները կարող են թույլ տալ իրենց աղբից փող սարքել․ «Մենք ավելի ճիշտ կլինի կենտրոնանանք անվտանգ՝ մեմբրանի թաղանթով աղբավայր սարքելու վրա»։ 

Քնար Խուդոյան
Անաստասիա Կարկոցկայա