Home / Դատարան / Ռազմական հեղաշրջում քարոզող արքեպիսկոպոսի բանտարկության մասին

Ռազմական հեղաշրջում քարոզող արքեպիսկոպոսի բանտարկության մասին

Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը երեկ դատապարտվեց երկու տարվա ազատազրկման՝ հարցազրույցներում ռազմական հեղաշրջման կոչեր անելու անելու։ Աջապահյանն արդեն մոտ երկու ամիս կալանքի տակ է։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը դեռ նախորդ շաբաթ նրան մեղավոր էր ճանաչել 442-րդ հոդվածի 2-կետով՝ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Լրացուցիչ դատալսումներում պետք է որոշվեր պատժաչափը։ Չնայած առաջադրված հոդվածը տարբեր սանկցիաներ էր ենթադրում՝ տուգանք, հանրային աշխատանքներ, ազատության սահմանափակում, մեղադրող կողմն ու դատավորը ամենախիստ պատժաձևն ընտրեցին՝ երկու տարվա բանտարկություն։

Մեղադրանքի հիմքում արեպիսկոպոսի առնվազն երկու հարցազրույցներն են։ Առաջինում նա հայտարարել է․ «Ուրեմն իմ էս վերջին 6 տարվա գործունեությունից պարզ չի՞, թե ես ինչ եմ ասում։ Քանի անգամ ասեցի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում է պետք, պատերազմի օրերին ասեցի և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին»։ Երկրորդում վերահաստատել է իր առաջարկը․ «Շատ էլ լավ եմ արել՝ ես իշխանությունը զավթելու կոչ չեմ արել, կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չէ։ Ես ուժային կառույցներին ասել եմ՝ փրկեք այս երկիրը, այս խելագարից փրկեք»: Ըստ մեղադրանքի, հարցազրույցներից մեկը 2024-ի փետրվարին է հեռարձակվել, մյուսը՝ 2025-ի հունիսին։ Հունիսի 28-ից Աջապահյանը կալանավորված է։

Բայց Աջապահյանն այս մասին նոր չի սկսել խոսել։ Դեռ անցած տարի Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հաղորդում էր ներկայացրել դատախազությանը և ԱԱԾ-ին՝ վկայակոչելով Օրագիր նյուզում 2023-ին հրապարակված հարցազրույցը, որում ընդդիմադիր հոգևորականը հայտարարում էր․ «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմենիստան»։ Հատուկ ընդգծվել էր, որ նույնաբովանդակ հայտարարություններ արքեպիսկոպոսը նախկինում էլ է արել։ Դատախազությունից և ԱԱԾ-ից այն ժամանակ պատասխանել էին, որ չեն տեսնում այնպիսի «գործողություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ ՔՕ նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։ 

Քրեական գործը հարուցվեց միայն վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակաարշավ սկսեց Հայ առաքելական եկեղեցու ընդդիմադիր վերնախավի և անձամբ կաթողիկոսի դեմ, որոնք 2021-ից հետո տարբեր ինտենսիվությամբ ընդգրկված են համակարգային ընդդիմության մեջ։ Նախքան Աջապահյանին ձերբակալելը կալանավորեցին Բարգատ Գալստանյանին, որը Տավուշի թեմի «սառեցված» առաջնորդն է։ Սահմանազատումից հետո հենց նա էր առաջնորդում ընդդիմության փողոցային ցույցերը, հիմա նրան և նրա մի խումբ համակիր-գործընկերներին մեղադրում են ահաբեկչություն և իշխանության յուրացում նախապատրաստելու մեջ։

Աջապահյանը իրեն մեղավոր չի ճանաչում, բայց չի էլ զղջում ռազմական հեղաշրջման կոչեր անելու համար։ Նրա փաստաբանները դատավճիռը համարում են քաղաքական հետապնդում և պատրաստավում են բողոքարկել դատավճիռն ընդհուպ մինչև Եվրադատարան։ Մայր աթոռը դատավճիռը որակել է քաղաքական հաշվերահարդար։ Իրավապաշտպաններից շատերը հիմա խոսում են պատժի անհամաչափության մասին․ «սա վատ նախադեպ է, երբ մարդու բանտարկում են զուտ խոսքի համար», «ակնհայտ է, որ գործն ունի քաղաքական համատեքստ» և այլն։ Epress.am-ը որոշ (նաև հակադիր) կարծիքներ է հավաքել սոցցանցերից․

Զարուհի Հովհաննիսյան․ — <․․․> Փաստացի, մենք գործ ունենք արդարադատությունը որպես մահակ գործածելու հերթական դրսևորման հետ։ Որքան էլ խոսենք պատժիչ արդարադատությունից դեպի վերականգնողական արդարադատություն անցման մասին, միևնույն է, դատական համակարգն ազատազրկում օգտագործում է ըստ հրահանգի։

Հայ ազգային կոնգրես կուսակցության հայտարարությունից․ — <․․․> Միքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդման ողջ գործընթացը՝ շինծու քրեական վարույթի հարուցումից սկսած, Շիրակի թեմի առաջնորդարանում ու Սրբազանի կեցավայրում իրականացված խուզարկությունները, Աջապահյանի ձերբակալության համար Մայր Աթոռի տարածքում հատուկջոկատայինների արշավանքը, ապա՝ նրա կալանավորումն ու դատական ողջ ֆարսը, վկայում են՝ իրականում տեղի է ունենում ամենավայրագ ձևերով քաղաքական հետապնդում։

<․․․> Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը բացառապես քաղաքական հրահանգով պայմանավորված հաշվեհարդար է։ <․․․> Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը համարում է, որ գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քաղաքական բանտարկյալ է, որը կալանավորվել և դատապարտվել է իր հայտարարությունների համար։ <…> Կոնգրեսն, ըստ այդմ, պահանջում է ազատ արձակել Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաեւ Սամվել Կարապետյանին, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին եւ բոլոր մյուս քաղբանտարկյալներին։

Գոռ Մադոյան․ — Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանը հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատապարտվեց ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Միքայել Աջապահյանը հանրային խոսքի համար՝ 2 տարվա։ Մարդուն հանրային խոսքի համար կալանավորելն ու 2 տարով դատապարտելը արդարադատության խեղում է ու քաղաքական հաշվեհարդար։ Հատկապես որ տարիներ անց են փորփրել ու հիշել, որ այդ թեմայով կարող են գործ կարել։

<…> Դատել բացարձակապես հայեցողական որոշմամբ, լռեցնելու, քաղաքական հաշվեհարդար տեսնելու կամ ուղղակի պատժելու համար։ Կամայական, որովհետեւ քրեական օրենսգիրքը ենթադրում է նաեւ ֆինանսական տուգանք կամ հանրային աշխատանքներ, բայց օջախապետության վացափային ռեժիմն ընտրել է ամենախիստ պատիժը՝ կալանավորումը։

Այս հոդվածով Փաշինյանին ու նրա կողմնակիցներին եթե դատես՝ մի երկու ցմահի ժամկետ կհավաքվի։ 2019թ. դատարանները շրջափակելու կոչը հանգիստ տեղավորվում է սահմանադրական կարգի տապալելու մեջ, ընդ որում ի տարբերություն Աջապահյանի, Փաշինյանի կոչին գործ է հետեւել <…>

***

ՀՀ քաղաքական համակարգի ամբողջ թշվառությունն ու հեգնանքն այն է, որ Փաշինյանը դատապարտվել էր Սերժ Սարգսյանի օրոք զանգվածային անկարգություններ հրահրելու, պետական շենքեր գրավելու մեղադրանքով, հետո եվրոպական դատարանի վճռով ու ՀՀ դատարանով, եթե չեմ սխալվում 2022թ.-ին, արդարացվեց:

Բայց այդ նույն Փաշինյանի օրոք Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգի տապալման գործով նորահավաք սահմանադրական դատարանի կողմից արդարացվեց, իսկ Աջապահյանը այն նույն մեղադրանքով` զուտ հրապարակային խոսքի, կոչի համար դատապարտվեց 2 տարով: Սա է այս իշխանության արդարադատությունն ու իրավական երկիրը:

Հրայր Մանուկյան․ — Ասեմ, թե ինչու եմ համարում Աջապահյանի պատժաչափը համաչափ, իսկ հակառակի հիմնավորումները՝ անհամոզիչ։

1․ Դեմոկրատիական կարգում իշխանությունը բռնի տապալելուն կողմ լինելու մասին մտքեր արտահայտելը ու նույնիսկ դրա ուղիղ կոչը դեռևս բավարար չեն՝ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Եթե ռազմական հեղաշրջում անելու Աջապահյանի առաջին կոչից հետո գործ հարուցվեր, դա կլիներ անթույլատրելի։ Բայց երբ որ կա նաև որոշակի հավանականություն, որ նման կոչը կարող է իրագործվել, այդ դեպքում քրեական գործ պետք է հարուցվի։ Երկրորդ անգամ Աջապահյանը նման կոչ է արել այն պարագայում, երբ որ երկրում բռնի ուժով իշխանությունը տապալելու փաստացի փորձեր էին արվում այնպիսի մարդկանց կողմից, ովքեր հարգում էին Աջապահյանին ու կարող էին խրախուսվել նրա խոսքից։ Այս սկզբունքը հայտնի է «Բրանդենբուրգի թեստ» անունով, ըստ որի՝ ազատ խոսքը կարող է պատժվել միայն այն ժամանակ, երբ որ ոչ միայն ա) ուղղված է անօրինական գործողություններ հրահրելուն, այլև բ) «հավանական է, որ կհրահրի կամ կառաջացնի նման գործողություններ»: Ես զարմանում եմ, երբ առաջին անգամվա գործի չհարուցման հանգամանքը որպես «փաստարկ» են օգտագործում՝ պնդելու համար, թե քաղաքական հետապնդում է՝ այն պարագայում, երբ որ առաջին անգամ գործ չհարուցելը քաղաքական հետապնդման բացակայության փայլուն նշան է։ Երբ որ թեստից անտեղյակ մարդիկ կամ լրագրողներն են ասում, զարմանալի չէ՝ մարդիկ ոչ միայն իրավական, այլև դեմոկրատական սկզբունքներին լիարժեք չեն տիրապետում (Մի գրառում տեսա, որ ասում էր՝ մենք իշխանությունը ուժով տապալելու հարց նույնիսկ Սերժի ժամանակ ենք քննարկել ու գործ չի հարուցվել), բայց աչիքս ընկել են նաև նման փաստարկներ գրող իրավապաշտպաններ։

2․ Այն ինչ-որ գրեցի՝ դա կայացած դեմոկրատական երկրներին է վերաբերում։ Բայց Հայաստանի նման խոցելի դեմոկրատական երկրնում (կիսաավտորիտար կարգ մինչև 2018-ը, ավտորիտար քաղաքական ուժեր մինչև հիմա և այլն) ՌԻՍԿԸ ավելի մեծ է, որ նման խոսքը բռնություն կխրախուսի։ Դատարանները պարտավոր են սա հաշվի առնել։

3․ Եթե բռնության կոչը հնչեր սովորական մի քաղաքացու կողմից, իր ընկերների հետ խոսակցության ժամանակ, կամ նույնիսկ՝ լրատվականներով, էլի կարելի էր անտեսել (գործնականում այդպես էլ անում են դեմոկրատական երկրներում)։ Նման փաստարկներ էլ եմ կարդացել՝ թե բա շատ բիսետկաներում խոսում են բռնի իշխանափոխությունից, իրենց էլ հո չեն բռնելու։ Իհարկե ամեն մեկին չեն բռնելու, բայց երբ որ բռնության կոչը արվում է հանրային ազդեցիկ դեմքի կողմից, այն էլ՝ կրկնակի, ու այն էլ՝ առանց զիջման որևէ խոսքի, պատիժը պետք է լինի առավելագույնս խիստ։

Հայկ Հովյան․ — <․․․> Ցանկացած իշխանություն ունի քաղաքական կյանքի կազմակերպման մասին սեփական մոտեցնումները և կանոնները: Դրանց մի մասը հստակ ֆիքսված են, մի մասը՝ ոչ այնքան: Թե ինչպիսի մոտեցում ունի ՀՀ ներկայիս իշխանությունը քաղաքական կանոնների մասին` գրել էի առավոտյան [«չեք կարող քաղաքականությամբ զբաղվել` բռնությամբ իշխանություն փոխելու կոչերով ու փորձերով,… պատժվելու եք ամենախիստ կերպով» և այլնԱնշուշտ քաղաքական գործիչներից ոմանք այդ կանոններին համաձայն չեն լինում և վիճարկում են: Օրինակ` Միքայել Աջապահյանը վիճարկում է զինված հեղաշրջման անթույլատրելիության կանոնը: Ինչպես է արձագանքում իշխանությունը… պատժում է, որովհետև չպատժելը կնշանակի համաձայն լինել, որ կանոնը կարելի է խախտել: Աջապահյանը ուներ երկու ճանապարհ՝ կամ ընդուներ, որ սխալվել է և գուցե ազատ կարձակվեր, կամ գնար բանտ: Աջապահյանը ընտրեց երկրորդ տարբերակը: <․․․> Բանտ են նստել Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը: Նստել են, որովհետև համաձայն չեն եղել խաղի կանոններին: Նստելուց հետո շարունակել են պնդել, որ իրենք ճիշտ են, ապա բանտից դուրս գալով շարունակել են պայքարը և հասել հաջողության: Բանտ նստելը քաղաքականության մի մաս է և քաղաքական գործիչը պետք է դա գիտակցի: Պետք չէ Աջապահյանից սարքել «տառապյալ», նա քաղաքական ընտրություն է կատարել և պետք է հարգել նրա այդ ընտրությունը: Թե ինչպիսի քաղաքական ճանապարհ Աջապահյանը կանցնի բանտից ազատվելուց հետո, ցույց կտա ժամանակը: Այսօր շատերը հիշել էին Փաշինյանը գրոհը  ռադիոտան վրա: Այո, Սերժ Սարգսյանը կորցրեց իրական իշխանությունը , երբ չկարողացավ պատժել ռադիոտուն ներխուժած Փաշինյանին` հետևաբար կորցրեց վերահսկողությունը կանոնի նկատմամբ, իսկ դրա հետևանքով և իշխանությունը: Փաշինյանն այս ամենը շատ լավ հասկանում է: <․․․>

Վարդինե Գրիգորյան — Գլխումս չի տեղավորվում ու չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է արդարացվել Աջապահյանի ազատազրկումը։ Ես չեմ կարծում, որ մարդը որևէ պատասխանատվություն չպիտի կրի խոսքերի (ԽՈՍՔԵՐԻ, ոչ թե հանցագործության դրդելու կամ կազմակերպելու) համար, բայց ազատազրկումը, այն էլ էս ժամկետով՝ համաչափ պատիժ չի։

Ժաննա Ալեքսանյան․ — Միքայել Սրբազանը՝ խղճի բանտարկյալ

Գեմաֆին Գասպարյան․ — <․․․> Պատժի ձևն ու չափն անընդունելի է ու ոչ համաչափ։ Քաղբանտարկյալ կարող է համարվել նաև այն քաղաքացին, որի պատժելի արարքի ծանրության և հետապնդնդման միջև կա էական, ակնհայտ անհամապատասխանություն և (ցանկացած) իշխանության քաղաքականության սպասարկելուն ուղղված բաղադրիչ։