Home / Առողջապահություն / Անդրեի մաման ու պապան մնացին փլատակների տակ

Անդրեի մաման ու պապան մնացին փլատակների տակ

Էս անգամ գիշերվա տագնապը լուրջ էր։ Արթնացա գմփոցներից, լույս չկար։ Առավոտյան իմացանք, որ կան զոհեր։ Նոյեմբերի 14-ին կրակի տակ էին Կիևի գրեթե բոլոր շրջանները։

«Ցերեկվանից օդում նկատելի էին հետախուզական դրոնները, պարզ էր, որ գիշերը հարձակում կլինի, — ասում է տեղացի կամավորականը․ — Անօդաչուներ և հրթիռներ բռնող ջոկատները ալարկոտ են դարձել․ որսի են դուրս գալիս, երբ կրակի տակ ենք արդեն»։

Նախնական տվյալենով 6 մարդ զոհվել է, մոտ չորս տասնյակ վիրավորների ցուցակում կան երեխաներ, հարյուրավոր մարդկանց տարհանել են։

«Բախտս բերեց էս գիշեր․ մեր տանիքին բեկորներ են ընկել։ Ապրում ենք 16 հարկանի շենքում, վերևից զուտ բեկորներ են ընկել։ Հարևան շենքին խփել են․․․ Վախից կնոջս գցել եմ մահճակալից, որովհետև լսում էի՝ ոնց է Շահեդը մոտենում։ Հետո մտածեցի՝ փառք Աստծո, գոնե շենքին չի խփել։ Երբ դուրս եկա փողոց, տեսա, որ հարևան շենքի բնակարաններից մեկն է մտել, պայթել է հենց բնակարանում։ ԱԹՍ-ը շարժվում էր դեպի թիրախը։ Եթե իրան խփեին, ինքը լրիվ ուրիշ կերպ կմտներ բնակարան։ Ինքը դեպի հենց այդ թիրախն էր թռչում», — պատմում է մեր վարորդը։

Մոտ 430 անօդաչու և 18 հրթիռ է արձակվել և պայթել 22 տարբեր տեղանքներում։ Բնակելի շենքեր են վնասվել, հիվանդանոց, դեսպանատան տարածք (հետո պարզվեց, որ Ադրբեջանինն է), խանութներ, գրասենյակներ։ Այդ մասին զեկուցեցին պաշտոնյաները։

Անդրեի մաման ու պապան մնացին փլատակների տակ։ 71 և 73 տարեկան էին։ Մի քանի օր առաջ գյուղից եկել էին ձմեռը ջեռուցվող մայրաքաղաքում անցկացնելու։

Ձախ ափի շրջաններից մեկում հրթիռով հարվածել էին 9 հարկանի շենքին։ Փլատակներում դեռ չորսը հոգու էին փնտրում։ Փրկարարների վրաններում մի կին շատ վատ վիճակում էր՝ այստեղ էին ապրում աղջիկն ու փեսան։ Նրանցից լուր չկա։

Այդ օրը հրդեհներ էին հանգցնում նաև Օդեսայի, Խարկովի, Չերկասի մարզերում։ Կրակի տակ էին նաև կիևամերձ շրջանները, որտեղից հայտնում են տասը վիրավորի, այդ թվում երեխայի մասին։

Այլ տեղեր չհասցրեցինք գնալ՝ մութ էր ու նոր տագնապ էր ազդարարվել։