Իրանում վերջին երեք շաբաթվա բողոքի ցույցերը սկսվել են Թեհրանի շուկայից: Դեկտեմբերին նախագահ Մահմուդ Փեզեշքիանի կառավարությունը վերացրել է ներկրող ընկերությունների համար գործող դոլարի էժան փոխարժեքը, որը սահմանված էր միջազգային պատժամիջոցների ազդեցությունը զսպելու համար։ Փոփոխությունը առաջինը վնասել է միջազգային առևտրականներին, օլիգարխիկ շերտերին և «արժույթի մաֆիային»։ Արտասահմանից ուտելիք, դեղեր և այլ ապրանքներ բերող ընկերությունների սուբսիդիաները կտրելով՝ կառավարությունը խոստացել էր սուբսիդիաներ տալ ուղիղ սպառողներին։ Սակայն, իրադարձություններն ավելի արագ զարգացան, քան խոստումները։
Ցույցերի առաջին օրը՝ դեկտեմբերի 28-ին, 1 դոլարի արժեքը կազմում էր 1.43 միլիոն ռիալ։ Տարադրամի արժեզրկման հետևանքով առաջին անհրաժեշտության ապրանքների գները կտրուկ աճել են։ Իրանի վիճակագրական կենտրոնի տվյալների համաձայն, դեկտեմբեր ամսին երկրում գնաճը հասել է 42 տոկոսի։ Սննդի գներն աճել են 72 տոկոսով, առողջապահական և բժշկական ապրանքների գները՝ 50 տոկոսով՝ 2024 թվականի նույն ամսվա ցուցանիշների համեմատ։ Անգամ միջին խավի համար նման գնաճն անհաղթահարելի է։
Առևտրականներին շուտով միացել են հանրության լայն շերտերը։ HRANA (Human Rights Activists in Iran) իրավապաշտպան կառույցի տեղեկություններով, լայնամասշտաբ ակցիաներ են երկրի ավելի քան 100 քաղաքներում, ցույցերին միացել են 34 համալսարաններ։
Թեև ի տարբերություն նախորդ բողոքի ցույցերի, օրինակ՝ պարտադիր հիջաբ կրելու դեմ ակցիաների, այս շարժումը տնտեսական հիմք ունի, ցուցարաները արտահայտում են նաև կուտակված քաղաքական դժգոհությունները։ «Այս շարժումն ունի իր սեփական ռիթմը, ձևավորված տարիների կուտակված ճնշման, բռնաճնշումների և ապրած փորձի շնորհիվ (..) Իրանի բողոքի շարժումը աճել է հենց այն պատճառով, որ թույլ է տվել տարբեր պայքարների միավորում՝ առանց որևէ մեկի դժգոհությունը արհամարհելու»,- BBC-ի պարսկական ծառայությանն ասել է նախկին քաղբանտարկյալ, ակտիվիստ Լեյլա Հոսեյնզադեն։
Ցույցերի 12-րդ օրը՝ հունվարի 8-ին, իշխանություններն անջատել են ինտեռնետը ողջ երկրում և սկսել են կրակել ցուցարարների վրա։
HRANA-ի տվյալներով, հունվարի 12-ի դրությամբ սպանվել է առվազն 490 ցուցարար և 48 իրավապահ մարմինների ներկայացուցիչ։ Նվազագույնը 10 600 մարդ ձերբակալվել է։
Բողոքի ակցիաների ժամանակ հնչում են հակակառավարական կարգախոսներ՝ մահ Խոմեյնիին, մահ դիկտատորին, մահ իսլամական պետությանը։ Ցույցերի լուսանկարներում երևում են նախորդ՝ թագավորական ռեժիմի դրոշը՝ եռագույնը առյուծի նկարով։ Ցուցարարները հարձակվել են որոշ մզկիթների վրա։
Իշխանությունները պնդում են, որ ցուցարարներին ուղորդում են ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունները։ Հունվարի 7-ին Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել Ալի Արդեստանիին, որը մեղադրվում էր իսրայելական հետախուզական ծառայության՝ Մոսսադի հետ համագործակցության մեջ։ Վերջին օրերին լուրեր են ստացվում նաև ցույցերի ընթացքում ձերբակալվածների մահապատիժների մասին։
Կառավարությունը հունվարի 13-ին կազմակերպել է նաև հակընդդեմ ցույց, որին, ըստ ընդդիմադիր ակտիվիստների, ստիպում են մասնակցել պետաշխատողներին։ Քանի որ ինտերնետը փակ է, իշխանական ցույցի մասին վստահելի տեղեկություններ չկան։
Ցույցերի ֆոնին ակտիվացել են արտերկրում ապրող իրանական ընդդիմադիրները, մասնավորապես՝ Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի որդի Ռեզա Փահլավին։ Ակտիվիստները սակայն պնդում են, որ թեև այդ գործիչները երկրում իսկապես ունեն աջակիցներ, նրանք իրականում որևէ կապ չունեն պրոտեստների կազմակերպման հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ռազմական ուժ կկիրառի Իրանի դեմ, եթե երկրի իշխանությունները սկսեն կրակ բացել ցուցարարների ուղղությամբ։ Ի պատասխան, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը սպառնացել է հարձակումներ սկսել ամերիկյան և իսրայելական ռազմաբազաների ուղղությամբ։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաները հանդիպումներ են ունենում իրանական կողմի հետ, քննարկում են միջուկային ծրագիրը։
Հիշեցնենք, որ ըստ կանխատեսումների Իրանի տնտեսական վիճակի վատթարացումը շարունակելու է խորանալ, նույնիսկ եթե ցույցերը ճնշվեն։ Այս տարի լրանում է 2015-ին կնքված Իրանի միջուկային ծրագիրը, և շատ երկրներ արդեն իսկ վերսկսել են պատժամիջոցները։ Թրամփը հետ է կանգնել համաձայնագրից ու նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ դեռ 2018-ին։ 2025-ի օգոստոսին պատժամիջոցները վերսկսել է նաև եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա։
Պատժամիջոցները ազդում են հատկապես նավթի վաճառքի վրա։ 2026 թվականի պետական բյուջեի կանխատեսումներով նավթի արտահանման եկամուտները կտրուկ կնվազեն և կկազմեն բյուջեի ընդամենը 4 տոկոսը, ինչը անցած տարվա համեմատ 48.3%-ով պակաս է։ Բյուջեի ծախսերը փակելու համար Կառավարությունը մտադիր է հարկերը բարձրացնել։
Epress.am Լուրեր Հայաստանից