Home / Մշակույթ / Հետ նայելով՝ մտածում եմ, որ «այլևս երբեք»-ը սուտ էր

Հետ նայելով՝ մտածում եմ, որ «այլևս երբեք»-ը սուտ էր

Արդյո՞ք մարդկությունը կկարողանա վերապրել կլիմայական փոփոխության, համատարած և ագրեսիվ դեմենցիայի, կործանարար ԱԲ տեխնոլոգիաների համազարկ հարձակումը՝ դեռ պարզ չէ։ Մի բան, սակայն, պարզ է՝ քաղաքակրթությունը (մարդու աստիճանական «մարդկայնացումը», բնազդային վայրագության հանդեպ լեզվի գերիշխանությունը) քայքայվում է։ Այդ քայքայման նշանները մենք վաղուց էինք նկատում։ Տեսնում էինք, թե ինչպես է լիբերալ ապակարգավորումը ճանապարհ հարթում մարդ կոչվող կենդանիների միջև հարաբերություններում ուժի գերակայության համար։

Կոլապսն արդեն ընթացքի մեջ է, և այն սկսվել է 2023-ի հոկտեմբերի 7-ից՝ Համասի սարսափելի ագրեսիայից հետո․ այդ ագրեսիան պիտի բնորոշվի որպես «պոգրոմ»՝ նման ջարդերին, որոնց դարեր շարունակ ենթարկվել է հրեա ժողովուրդը եվրոպական երկրներում, կամ ջարդերին, որոնց տարիներ շարունակ ենթարկվում են Արևմտյան ափի պաղեստինցիներն իսրայելցի վերաբնակների զինված խմբերի կողմից։ 

Հաջորդած տարվա չդադարող դաժանություններից ակնհայտ դարձավ, որ «քաղաքակրթություն» կոչվող նախագիծը ձախողվել է, որ վայրագությունը գլուխ է բարձրացնում նորից՝ մարդկության պատմության մեջ է վերադառնում գազանը, վերադառնում է մարդասպան բռնությունը՝ որպես ինքնապաշտպանության և գոյատևման նախնական ռեֆլեքս։

Գազա անվանումն առաջին անգամ հիշատակվում է Թութմոսե III-ի ռազմական ձեռագրերում՝ մ.թ.ա 15-րդ դարում։ Սեմական լեզուներում քաղաքի անվանումը նշանակում է «վայրագ», «գազանաբարո»։ Ընդհանրապես, պատմության ընթացքում մարդիկ շատ հաճախ իրենց վերագրել են հնչեղ տիտղոսներ՝ ցուցադրելով ագրեսիվ կեցվածք, սպառնալով ջարդել և փշրել։ Այդպես էլ Գազայի բնակիչներն էին իրենց կոչում «գազանամիտներ»։

Աշխարհի դժբախտությունն ինչ-որ չափով կախված է այս ինքնանույնականացումից՝ դաժանության և վայրագության հետ, ուժի հետ, որը մենք չունենք, բայց սիրում ենք ցուցադրել կամ ստիպված ենք ցուցադրել՝ հույսով, որ կվախեցնենք նրանց, ովքեր մեզնից էլ դաժան են։

Միջերկրական ծովի արևելյան ափը ծածկող այս ավազոտ տեղանքը բազմիցս հիշատակվում է Աստվածաշնչում, հին եգիպտական ձեռագրերում և Ռամսես II-ի, Թութմոսե III-ի և Սեթի I-ի արձանագրություններում։ Երբ իսրայելցիները հասան Ավետյաց Երկիր, Գազան փղշտացիների քաղաք էր, այնտեղ՝ Քանանի լեռնային շրջաններում և որոշ առափնյա հատվածներում, բնակվում էին նաև անակիմները։ Հենց Գազայում էր, որ Սամսոնը՝ կուրացած և շղթայակապված, տապալեց Դագոնին նվիրված տաճարը, որը երեք հազարից ավել մարդ կարող էր տեղավորել։ Նա զոհվեց՝ իր հետ դժոխք տանելով հազարավոր փղշտացիների։

2023-ի հոկտեմբերի 7-ին իսրայելցիները պատասխանեցին դաժանությամբ և գազանությամբ։

Եթե դաժանությունը պերվերսիվ ցանկություն է, ապա գազանությունը կենդանական ռեֆլեքս է՝ արմատավորված ինքնապահպանման բնազդում։ Այսպես կոչված քաղաքակրթության վախճանի սկիզբը նշանավորվում է հենց այսպիսի գազանության վերադարձով՝ որպես մարդկային փոխհարաբերությունների միակ կարգավորիչ։

Առնվազն վերջին դարերում քաղաքակրթությունը ոչ այլ ինչ էր, քան փորձ՝ ենթարկելու գազանությունը քաղաքականությանը, բնազդը՝ կամքին, և, համախմբորեն, ենթարկելու քաոսը լեզվին։

Գազայից հետո ժամանակն է ընդունել, որ պատմությունը մարդկայնացնելու այս փորձը ձախողվել է, և չի լինելու երկրորդ հնարավորություն։ Ժամանակն է ընդունել, որ «քաղաքակրթություն» կոչվող էքսպերիմենտը ձախողվել է։ Քաղաքակրթությունից մնացել է միայն տեխնոլոգիաների ավերիչ ուժը՝ հատկապես ռազմական տեխնոլոգիաների։ Երբ գերակայում է դաժանությունը, տեխնոլոգիան դառնում է պատերազմի գործառույթ։

Մեզ մնում է միայն սպանելու մեր կարողությունը․ մենք կարող ենք սպանել ավելի բարդ և համակարգված ձևերով, քան որևէ այլ գիշատիչ կենդանի։

«Մտածել Գազայի մասին» նշանակում է նախ և առաջ ճանաչել բանականության և ժողովրդավարության ունիվերսալիզմի անուղղելի ձախողումը, այսինքն՝ քաղաքակրթության հիմքերի քայքայումը։ Բայց դա նշանակում է նաև որոնել փախուստի ուղիներ ապագայից, որը սպասվում է մեզ և հատկապես մեզնից նրանց, ովքեր ծնվել են այս դարում․ այն իսկապես հավակնում է դառնալ վերջինը։ Վերջին դարի մութ լույսի տակ ծնվածներին մենք պարտական ենք վերջին անգամ մտածել, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ պատմությունից այնպիսի ուղիներով, որոնք դեռ անպատկերացնելի են։

«Մտածել Գազայի մասին» ենթադրում է ընդունել, որ բառերը նշանակում են հակառակը նրա, ինչ պիտի նշանակեին ըստ պատմության, հոգեբանության և նշանագիտության։ Վայրագության դարում լեզուն օգտակար է միայն խաբելու, ստելու, ենթարկեցնելու և շահագործելու համար։ Այսօրվա դիսկուրսում, հիպերարագացված մեդիա միջավայրում չկա ժամանակ քննադատական անալիզի կամ էթիկական տարբերակման համար։ Չկա ժամանակ լսելու և հասկանալու։ Տեխնո-մեդիա ժամանակը այնքան է սեղմվել, որ հասկանալը և քննադատաբար զտելը անհնար է։ Իսկ սա նշանակում է, որ մարդկային պատմությունն ավարտված է, որովհետև մարդու համար (առանց այլ կենդանիների հանդեպ խտրականության) բառերը ունեն իմաստներ և ենթակա են մեկնաբանման, որպեսզի լեզուն կարողանա միջնորդել մարմինների միջև հարաբերությունները։ Երբ լեզուն վերածվեց մի նոր մարտադաշտի, որտեղ ուժեղը պարտադրում է իր մեկնաբանությունը, երբ անկախ միտքը և քննադատությունն առկախվեցին հանուն արագության՝ մենք մտանք գազանության տիրույթ։ Այստեղ ցանկացած լեզու բնաջնջման գործիք է։ Օրենքը ստեղծվել է որպես ունիվերսալ ֆորմա, որով պետք է կարգավորվեին սոցիալական խաղի մասնակիցների (այսինքն՝ լեզվի սուբյեկտների) միջև հարաբերությունները։ Վերջին դարերում օրենքը հաստատվել էր որպես ունիվերսալ դիսկուրս, որպես այլընտրանք ցեղային պատկանելության վայրագությանը։

Բանականության ունիվերսալության ժամանակակից ընկալումը հնարավոր դարձավ հրեական մտավոր ավանդույթի շնորհիվ՝ այն մարդկանց, ում թույլատրված էր մտածել քոչվորական վիճակում՝ մի տեղից, որը պատկանելիության տեղը չէր։ Նույնիսկ ինտերնացիոնալիստական գաղափարը, որը բերեցին կոմունիստ աշխատավորները, դարձավ մտածելի հրեական մշակույթի շնորհիվ, որն ազատ էր էթնիկ կամ տարածքային պատկանելիությունից։ Ահա թե ինչու է Գազայի ողբերությունը թվում վերջնական և անշրջելի։ Որովհետև պետությունը և բանակը, որոնք ներկայանում են իբրև այդ մշակույթի կրող և հենց այդ պատմության ժառանգորդ, դավաճանել են հրեական մտավորական ներդրումը արդի քաղաքակրթության մեջ։

«Մտածել Գազայի մասին» նշանակում է տեսնել, որ սիոնիստական ղեկավարությունը և Իսրայելի ժողովրդի ճնշող մեծամասնությունը դավաճանել են հրեական մշակույթը։ 

Ունիվերսալ բանականության ձախողումը և արդի հրեական մշակույթի դավաճանությունը մի մետաղադրամի երկու կողմն են։ Ի սկզբանե էլ Իսրայել պետությունը դավաճանել և մերժել է հրեական մտավորական ավանդությունը, բայց այսօր՝ Գազայից հետո, Իսրայելի քաղաքական ծրագիրն ու ողջախոհությունը վերածվել է բանականության ունիվերսալության կամ այդ պատրանքի քամահրալից հերքման։

Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողությունները և Իսրայելի ժողովրդի հանցակցությունը Նեթանյահուի սկսած գենոցիդին նշանավորում են հետդարձ դեպի մասնավորապաշտության (particularism) և «մարդկային» ապագայի հանդեպ հույսի վերացում։

Իսրայելը մեզ հենց այս դասը տվեց. պատմության մեջ զոհերը չգիտեն՝ ինչպես, և չեն կարող խաղաղություն կամ հատուցում հայցել, այլ կարող են միայն ձգտել վրեժի։ Սա նշանակում է, որ այսօրվա զոհերը կա՛մ մնալու են զոհ, կա՛մ իրենք են վերածվելու դահիճի։

Իսրայելական գենոցիդից հետո օրենքը, ունիվերսալիզմը և դեմոկրատիան թվում են պատրանք, որով գիշատիչներն իշխանության տակ էին պահում իրենց զոհերին։ Հիմա այս պատրանքը հոդս է ցնդել, և բացահայտվել է գաղութատիրության վայրի դեմքը․ Իսրայելը դրա վերջին դրսևորումն է։

Թվում էր, թե նացիզմի դեմ պայքարը և Հիտլերի Գերմանիայի դեմ հաղթանակը վերահաստատեցին արդի ունիվերսալիզմի սկզբունքները։ Նացիստների վայրագությունը պարտվեց հակաֆաշիստական ուժերի սիմետրիկ վայրագությանը, բայց Երկրրորդ համաշխարհայինի վայրագությունից հետո կարող էր սկսվել խաղաղության, օրենքի, դեմոկրատիայի ժամանակաշրջան, և այն պիտի տևեր հավետ։ Սա էր Nie wieder՝ «այլևս երբեք» արտահայտության իմաստը։ Այս բառերը դրված էին մշակութային և քաղաքական կրթության հիմքում՝ այն սերնդի համար, որ ծնվել էր Երկրորդ համաշխարհայինից հետո։ Ես այդ սերնդից եմ։ 

Հետ նայելով՝ մտածում եմ, որ այդ հավատը պատրանք էր։ 

«Այլևս երբեք»-ը ժամանակավոր էր, որովհետև հիմքեր չէին դրվել այնպիսի հասարակության համար, որում վայրագությունը դուրս կմղվեր մարդկային քաղաքակրթությունից։

Այդ հիմքերը եղբայրությունն ու սոցիալական հավասարությունն են։ Աշխատավոր դասակարգի կազմակերպված ուժի շնորհիվ էր միայն, որ կարելի էր ունենալ այդպիսի հույսեր, բայց վայրագության աղբյուրները՝ շահագործումը և ժամանակի վերածումը փոխանակային արժեքի, երբեք արմատախիլ չարվեցին։ Իսրայելի կազմակերպած գենոցիդը, որը ներկայացվում էր որպես վրեժ Համասից, ցույց տվեց, որ Nie wieder-ը սուտ էր։ Նացիստական գենոցիդի զոհերի ժառանգները պատրաստվում էին հզորանալ այնքան, որ իրենք էլ գենոցիդ անեն։

Ֆրանկո ‘Բիֆո’ Բերարդի
անգլերեն բնագիրը՝ Literary Hub ամսագրում