Ալիևը ուժ է ցուցադրում, կան վիրավորներ, Ղարաբաղում ավելի վատ է
Տեղ գյուղի հատվածում այսօր Հայաստանի զինված ուժերի երկու զինծառայող է վիրավորվել։ Նախօրեին մեկ վիրավորի մասին է հաղորդել նաև Բաքուն։ Սահմանային կրակոցների համար կողմերը միմյանց են մեղադրում, վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրությունները ինտենսիվացել են։ Առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ ժամը 5։30-ին ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայող է վիրավորվել․ նրա վիճակը գտահատվել է բավարար։ Ավելի ուշ Ղարաբաղի ՊԲ-ն տեղեկացրել է, որ ժամը 9-ին ադրբեջանական զինուժը 82 մմ տրամաչափի ականանետ է կիրառել Շուշիի շրջանում։ Արդեն կեսօրից հետո Երևանը հաղորդել է ևս մեկ վիրավորի մասին՝ կրկին Տեղ գյուղի հատվածում։ Ռազմական գերատեսչությունից վստահեցրել են՝ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 13:40-13:50-ը, ըստ ՀՀ ՊՆ-ի, ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել նաև Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Բաքուն հանդես է եկել հայելային մեղադրանքներով և պնդել, թե հայկական ուժերն են սկսել գնդակոծությունները, իսկ իրենք «պատասխան միջոցներ են ձեռնարկել»։ Կրակոցների մասին հայկական և ադրբեջանական կողմերը հաղորդել են նաև նախօրեին․ հունիսի 11-ին Բաքուն հայտնել էր մեկ զինծառայողի վիրավորման մասին: սահմանազատման աշխատանքներ կրակոցների ֆոնին Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին կայացել է դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպումը՝ հաղորդել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը: Քննարկել են ընթացիկ խնդիրները։ նոր պահաջները՝ Բաքվից Մինչ այդ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել։ Բաքուն խաղաղություն է ուզում և դրական է գնահատում Երևանի դիրքորոշման փոփոխությունը (Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը և անկլավները, ճանաչելու պատրաստակամությունը)` հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Առաջիկա օրերին նախատեսված բարձր մակարդակի բանակցությունների նպատակը, ըստ նրա, մեկն է՝ «կողմերին մոտեցնել խաղաղության պայմանագրին»։ Խաղաղությանը նվիրված իր ելույթում Ալիևը գովել է ադրբեջանական բանակը և հայտարարել է, թե ժամանակակից աշխարհում կարևորը ուժի գործոնն է, և պետք չէ հույս դնել միջազգային իրավունքի, միջազգային կառույցների բանաձևերի և որոշումների վրա։ Ավելի ուշ, վկայակոչելով հենց այդ «միջազգային սկզբունքները», կարծիք է հայտնել, թե խաղաղության պայմանագրի նախագիծը արդեն իսկ կարելի է ստորագրել։ Անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր՝ հաշտեցման համաձայնագիրը պատրաստ չէ ստորագրման։ Երևանը արդեն տևական ժամանակ խոսում է «Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հասցեագրման» անհրաժեշտության մասին։ Միջազգային ներգրավվածությունը Ղարաբաղի հայերի հետ բանակցություններում Բաքուն մերժում է և պնդում, թե դա Ադրբեջանի ներքին հարցն է, որի լուծմանը երրորդ երկրները միջամտել կամ նույնիսկ միջնորդել չեն կարող։ Ստեփանակերտը այս ձևաչափով բանակցություններից հրաժարվում է։ Տարաձայնություններին Ալիևը երեկ չի էլ անդրադարձել։ Փոխարենը նոր պահանջներ է դրել՝ հայկական կողմը պետք է Ադրբեջանի հետ համաձայնեցնի այն ձեռնարկությունների գործունեությունը, որոնք, Ալիևի խոսքով, կարող են բնապահպանական վտանգ ներկայացնել։ Խոսքը մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանի մոտ (Երասխում) կառուցվող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի մասին է, որի շինհրապարակը պարբերաբար գնդակոծությունների է ենթարկվում։ Ադրբեջանական մի քանի կազմակերպություններ օրերս բաց նամակով դիմել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ոչ միայն դադարեցնել Երասխի մետաղաձուլական գործարանի կառուցումը, այլև փակել Զանգեզուրի, Ագարակի, Թեղուտի, Ախթալայի, Կապանի հանքավայրերը։ Նախօրեին Ադրբեջանի նախագահը կառավարությանը հանձնարարել է աջակցել կառավարամերձ «բնապահպանների» (անցյալ տարվա դեկտեմբերին նրանք ի հայտ էին եկել Լաչինի միջանցքում՝ սկիզբ տալով Ղարաբաղի առ այսօր շարունակվող շրջափակմանը) պահանջներին և գործի դնել պաշտոնական խողովակները, «որպեսզի Հայաստանը դադարեցնի այդ վտանգավոր գործելակերպը»: Ղարաբաղում սով է սպասվում Ուղիղ 7 ամիս շրջափակված Ղարաբաղը այս պահին ընդհանրապես կտրված է Հայաստանից։ Գազ և էլեկտրաէներգիա արդեն վաղուց չի մատակարարվում։ Արդեն գրեթե մեկ ամիս է ադրբեջանական անցակետը ամբողջությամբ փակ է՝ հումանիտար բեռնափոխադրումներ չեն լինում։ Ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխող Կարմիր խաչի հատուկենտ մեքենաներն էին միայն վերջին շաբաթներին անցնում կամրջով։ Երեկ Ադրբեջանը նաև դրանց տեղաշարժն է արգելել՝ պատճառաբանելելով, թե այդ մեքենաներով փորձել են արգելված ապրանքներ տանել (ծխախոտ, բջջային հեռախոսների էկրաններ, բենզին)։ Հայաստանի արտգործնախարարությունը ահազանգել է՝ Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու վտանգի առաջ․ «Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղ սննդի մատակարարումը։ Եթե Լաչինի միջանցքի անխափան գործելու պարագայում Լեռնային Ղարաբաղը ստանում էր շուրջ 400 տոննա բեռ, իսկ դեկտեմբերի 12-ից հետո ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով փոխադրվում էր դրանից տասնյակ անգամներով պակաս սնունդ, ապա այժմ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ ցանկացած ապրանքի մատակարարում ի սպառ արգելվել է։ Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ փորձ է կատարվել տեղափոխել ծխախոտ և բջջային հեռախոսների մարտկոցներ, մի կողմից ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության ճարահատ և արժանապատվությունը ոտնահարող իրավիճակը, մյուս կողմից ևս մեկ անգամ ապացուցում բեռների անխոչընդոտ տեղաշարժի չգործելու փաստը։ Նույնպիսի իրավիճակ է ստեղծվել նաև առողջապահական ոլորտում։ Հստակորեն նկատվում է պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար ահրաժեշտ դեղորայքի պակաս<․․> Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ նկատվում է մահացության տեմպերի աճ։ ․․․Այս ընթացքում անհապաղ բժկական օգնություն ստանալու նպատակով ԿԽՄԿ միջոցով ՀՀ են կարողացել փոխադրվել միայն մի քանի տասնյակ հիվանդներ և նրանց ուղեկցող անձինք։ Նրանք ստիպված են եղել անցնել մարդկային արժանապատվությունը վիրավորող գործընթացներով, նկարահանվել և որպես գործիք են օգտագործվել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ ապացուցելու, որ Լաչինի միջանցքով իբրև թե գործում է մարդկանց անխափան անցում», - դիմելով միջազգային հանրությանը, գրել է Հայաստանի արտգործնախարարությունը։ Ղարաբաղի ՄԻՊ-ը հավելել է՝ ռուս խաղաղապահներն իրենց պահպանման համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի․ «Միջազգային հանրությունը սպասում է հազարներով մարդիկ մեռնեն, որպեսզի հետո երկերեսանիորեն ափսոսանքներ արտահայտի»։ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու պահանջով հարյուրավոր մարդիկ այսօր Ստեփանակերտի փողոցներ են դուրս եկել, նրանք պաշտոնյաներից ավելի կոնկրետ քայլեր են ակնկալում։
Անջուր էրեբունցիները եկել էին Վեոլիա ջրի օֆիս
Վեոլիայից համոզում են՝ ժանգաջուրը վտանգավոր չէ մարդու առողջության համար (https://youtu.be/LXDlPR007AQ)
Դարդենների կինոն
Կինոգետ Ալեքսանդր Մելյանի վիդեոէսսեն բելգիացի ռեժիսորներ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդենների կինեմատոգրաֆի մասին. Ոսկե ծիրան
Ծեծ, աղոթք, ուղղիչ բռնաբարություն, թուղթուգիր, մեղքի զգացողություն, Էրեբունու բորդել և այլն
— Ուզու՞մ ես ազատվել այդ ամենից։ Ցանկանու՞մ ես այդ ամենից ազատվել։ Ցանկություն չունե՞ս։ Մենք քեզ կբուժե՛նք։
Անառողջ պատանուն տանում են բանակ
Ռուդիկ Հախումյանից տասը օրից զորակոչելու են, անցյալ տարվանից նա հաշվառված է Սևանի հոգեկան առողջության կենտրոնում․․․
Վարչապետին․ Մատենադարանի աշխատողներին զրկել են Հոգաբարձուների խորհրդից
Հոգաբարձուների խորհրդի կազմում ընգրկվածների մեծ մասը բարձրաստիճան զանազան պաշտոնյաներ են
11,5 տարի․ Սումգայիթում դատեցին առևանգված զինծառայողներին
Իրավապաշտպանները վստահ են՝ հայ զինծառայողներին առևանգել են ապրիլին Հայաստանում հայտված ադրբեջանցիների հետ փոխանակելու․․․
Ես չեմ ուզում լինել Ադրբեջանի քաղաքացի
«Ես չեմ ուզում լինել Ադրբեջանի քաղաքացի։ Որովհետև ինձ հետ որպես քաղաքացի հաշվի չեն նստում, իմ իրավունքները ոտնահարվում են, ինձ զրպարտում և նվաստացնում են։ Մեզ լրտեսի պիտակ են կպցրել, անվանում են հայրենիքի դավաճան։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչում են մեզ մեղադրում», - Meydan TV-ին ասել է հավատացյալ մահմեդական Ռենա Ալիևան։ 2023-ի տարեսկզբից՝ ադրբեջանա-իրանական հարաբերությունների վատթարացման ֆոնին, Ադրբեջանում զանգվածաբար ձերբակալում են հավատացյալներին։ Նրանց մեղադրում են Իրանի օգտին լրտեսության և միաժամանակ թմրանյութերի շրջանառության մեջ։ Հարազատները ահազանգում են՝ ձերբակալվածներին խոշտանգում են ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու համար։ Ռենա Ալիևայի ամուսինը ապրիլին ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով, հետագայում իշխանական մամուլը Ռուսլան Ալիևին ներկայացրել է որպես Իրանի գործակալ։ Ռուսլանին ուժով ստիպել են խոստովանել, թե լրտեսությամբ է զբաղվել։ Կինը պնդում է, որ նա ձերբակալվել է իր կրոնական համոզմունքների համար։ «Սա՛ է նրանց քաղաքականությունը։ Եթե ՆԳՆ-ն այս մարդկանց լրտես է համարում, ի՞նչ կապ ունեն դրա հետ թմրանյութերը։ Չէ՞ որ նրանց իբր թմրանյութերի համար էին ձերբակալել։ Ի վերջո, լրտեսը պետք է անձնագիր ունենա, լեզուներ իմանա, գոնե կրթություն ունենա։ Իմ ամուսինը հասարակ, անկիրթ մարդ է։ Ասում են, թե նա հայրենիքի դավաճան է։ Այդ ի՞նչ դավաճանություն է նա արել։ Ո՛չ պաշտոն ունի, ո՛չ պետական աշխատանք, որտեղի՞ց նրան ինչ-որ հատուկ տեղեկատվություն, որը նա մի հատ էլ կարող էր ինչ-որ մեկին փոխանցել», - ասել է Ալիևան։ «դե ուրեմն թող դատ էլ չանեն» Մայիսի 16-ին Ադրբեջանի ուժային կառույցները համատեղ հաղորդագրություն էին տարածել, որում նշվում էր՝ իրանական ծառայությունների հետ համագործակցած Ռուֆուլլա Ախունզադեն և նրա որդին՝ Ալմուրսալ Ախունզադեն, Ադրբեջանում «Քերիմ» կրոնապետություն հաստատելու նպատակով զինված ապստամբություն կազմակերպելու և պաշտոնատար անձանց նկատմամբ մահափորձեր անելու գաղտնի ծրագիր են մշակել։ Հաղորդագրության համաձայն, այդ ծրագրի մաս է կազմել WhatsApp-ում և Telegram-ում գաղտնի խմբերի ստեղծումը։ Ռուսլան Ալիևը ձերբակալվել է որպես այդ խմբերից մեկի («Qisas 313»` «Վրեժ 313») անդամ։ Ռենա Ալիևան պնդում է, որ իր ամուսինը դաշնամուրներ է վերանորոգում։ Սոցցանցային այդ խմբին նա սկսել է հետևել, զուտ քանի որ դեմ էր հավատացյալների զանգվածային ձերբակալություններին։ Ո՛չ Ռուֆուլլա Ախունզադեին, ոչ էլ նրա որդուն Ռուսլանը անձամբ չի ճանաչել․ «Դեռ դատ չի եղել, բայց ՆԳՆ-ն արդեն իսկ նրան գործակալ է որակում։ Դե ուրեմն թող դատ էլ չանեն»։ Անկախ իրավապաշտպանների տվյալներով, այս պահի դրությամբ Ադրբեջանում 500 հավատացյալ է ձերբակալված։ տե՛ս Ադրբեջանում քաղբանտարկյալների կտրուկ աճ է գրանցվել․ ովքեր են նրանք Նրանցից 34-ը 2015 թվականին Ադրբեջանում հիմնադրված «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամներ են։ Ձերբակալված են նաև շարժման առաջնորդ Թալեհ Բահիրզադեին և նրա տեղակալ Աբբաս Հուսեյնովին։ Շարժման խորհրդի անդամ Աղա-Ալի Յաղյաևը ձերբակալությունները կապում է ադրբեջանա-իրանական հարաբերությունների սրման հետ և համարում, որ սա նպատակադրված ճնշում է հենց շիա մահմեդականների նկատմամբ․ «Հարյուրավոր հավատավորներ մեղադրվում են լրիվ դատարկ տեղը, մենք և մեր ընտանիքները տարիներով զգում են այդ մեղադրանքների դառնությունը ու ծանրությունը»: խոտովանել է, որ չբռնաբարեն Անցյալ տարվա դեկտեմբերին թմրանյութերի ապօրինի շրջանառության հոդվածով ձերբակալված Միրտոֆիկ Հուսեյնովն էլ է «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամ։ Նրա հայրը՝ Միրջալալ Հուսեյնովը, պատմում է, որ որդու ձերբակալությունից առաջ զանգ է ստացել անծանոթ համարից․ «Հարցրեցին՝ դո՞ւ ես Միրտոֆիկի հայրը։ Ասեցի, որ հա։ Քո որդին շիա՞ է։ Հա։ Նա նամազ է անո՞ւմ։ Հա։ Այս հարցերը ինձ կասկածելի թվացին, հետո որդիս անհետացավ, հետո իմացա, որ նա ձերբակալված է»։ Միրջալալ Հուսեյնովը պնդում է, որ ձերբակալելիս որդուն բռնության են ենթարկել, արդեն բաժնում սպառնացել են բռնաբարությամբ և այդկերպ խոստովանական ցուցմունք կորզել․ «Երբ որ տեսակցեցի տղայիս, նա շատ վատ վիճակում էր։ Հարցրեցի՝ ի՞նչ է եղել։ Սկզբից ամաչում էր պատմել, հետո ասեց՝ սպառնացել են, որ կբռնաբարեն մահակով, շշով։ Հենց այդ պատճառով է նա ստիպված եղել ստորագրել խոստովանականը»։ Meydan Tv-ի հետ զրույցում Ադրբեջանի ՆԳՆ խոսնակ Էլշադ Հաջիևը հերքել է մեղադրանքները և հայտարարել, թե դրանք «պաշտպանական բնույթ են կրում»։ «Եթե իմ որդու արյան մեջ ոչ թե թմրանյութ, այլ նույնիսկ նիկոտին հայտնաբերվի, ես նրան չեմ պաշտպանի։ Բայց ինչի՞ են իրենք այսպես վարվում։ Մենք ի՞նչ ենք արել այս պետությանը։ Երկրում ջունգլիների օրենքներ են գործում։ Այստեղ սահմանադրական իրավունքների մասին խոսք անգամ լինել չի կարող։ ․․․Մենք լրիվ մենակ ենք մնացել, մեզ ոչ ոք չի պաշտպանում», - ասել է Հուսեյնովը։ թմրալրտեսներ «Հավատացյալներին աջուձախ մեղադրում են թմրանյութերի վաճառքի մեջ, մեկուսացնում են զուտ այն պատճառով, որ նրանք սոցցանցերում Իրանի քաղաքական, ռազմական, մշակութային կամ կրոնական գործիչների լուսանկարներ են կիսել կամ որովհետև համաձայն չեն կառավարության քաղաքականության հետ։ Ցավոք սրտի, երբ երկու պետությունների հարաբերությունները վատթարանում են, տուժում են անմեղ մարդիկ։ ․․․Ադրբեջանի պաշտոնական և կառավարամետ լրատվամիջոցները իրանական լրտես են հռչակում մարդկանց, որոնց թմրանյութերի վաճառք է մեղսագրվում։ Հարց է առաջանում՝ եթե այդ մարդիկ լրտես են, ցույց տվե՛ք դա, ապացուցե՛ք, իսկ եթե թմրավաճառ են, ի՞նչ կապ ունի դրա հետ լրտեսությունը», - նշել է հավատացյալների ձերբակալությունները մշտադիտարկող Ռուֆատ Սաֆարովը։ Սա հավատացյալների նկատմամբ զանգվածային ռեպրեսիաների առաջին դեպքը չէ Ադրբեջանում։ Մինչ այս եղել են նաև «Նարդարանի» և «Գյանջայի» օպերացիաները։ Նարդարան 2015 թվականի նոյեմբերի 26-ին ադրբեջանցի ուժայինները ներխուժել են Բաքվին հարակից Նարդարան գյուղ՝ բնակեցված մեծամասամբ հավատավոր մահմեդականներով։ Վկաները պատմել են, որ նամազի ժամանակ դիմակավորված անձինք ներխուժել են «Մուսուլմանական միասնության» ղեկավար Հաջի Տալեհ Բահիրզադեի տուն։ Սկսել են կրակել։ Օպերացիայի ժամանակ զոհվել է գյուղաիներից 4-ն ու ոստիկաններից 2-ը։ Ավելի քան 60 մարդ ձերբակալվել է։ Ուժային կառույցները հայտարարել են, թե Բահիրզադեի բնակարանից զենք-զինամթերք են առգրավել։ Ապացույցներ, օպերատիվ կադրեր չեն ներկայացվել։ Գյուղացիները այս տեղեկությունները հերքել են։ Ձերբակալվածների մեծ մասը հայտարարել է, որ ինքնախոստովանական ցուցմունքները ստորագրել է խոշտանգումների ներքո։ «Նարդարանի գործով» անցնող մարդիկ ենթարկվել են երկարատև և դաժան կտտանքների՝ ահազանգել է փաստաբան Ֆազիլ Նամազլին։ Դաժան ձերբակալությունները նա բացատրել է համայնքի ընդդիմադիր դիրքորոշմամբ։ Բահիրզադեին և «Նարդարանի գործով» անցնող մարդկանց միջազգային կառույցները քաղբանտարկյալ են որակել։ Գյանջա 2018-ի հուլիսի 3-ին կասկածելի հանգամանքներում զինված հարձակման է ենթարկվել Գյանջայի նախկին քաղաքապետ Էլմիր Վելիևը և ոստիկանության սերժանտներից մեկը։ «Մահափորձի» համար մեղադրանք է առաջադրվել Գյանջայի բնակիչ Յունիս Սաֆարովին։ Իրավապահները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչական գործողություն։ Հայտարարվել է, թե «ահաբեկիչները» Ադրբեջանում փորձում են իսլամական պետություն հիմնել։ տե՛ս Գյանջայի սպանությունները՝ իշխանությունների սադրանք Մեկ շաբաթ անց՝ հուլիսի 10-ին, հաղորդվել է 70 հոգու ձերբակալության մասին․ արմատական կրոնական խմբավորման 150-200 անդամները, ըստ նրա, փորձել են Գյանջայում բողոքի ցույց անել։ Ձերբակալվածների հարազատները ահազանգել են խոշտանգումների մասին։ Մեղադրանքը նրանք շինծու են որակել։ «Գյանջայի» դեպքերը հետաքննած իրավապաշտպան Օղտայ Գյուլալիևը ձերբակալությունները որակել է «քաղաքական»։ «Գյանջայի գործում» իրավապաշտպանները բազմաթիվ լուրջ խախտումներ են գտել։ տե՛ս Ադրբեջանում սպանում են Գյանջայի գործով կասկածվողներին հավատացյալ ադրբեջանցի = իրանական լտես Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները լարվել են անցյալ տարի։ Աշնանը Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայտարարել են, թե զինված ցանց են բացահայտել, որի անդամները հավաքագրվել են իրանական հատուկ ծառայությունների կողմից։ Օրեր անց Իրանի տեղեկատվության և հետախուզման նախարարությունը հաղորդել է, թե Շահ Չերաղ մզկիթում ահաբեկչական գրոհը համակարգել է Ադրբեջանի քաղաքացին։ տե՛ս Բաքուն ու Թեհրանը շարունակում են բացահայտել միմյանց «ահաբեկիչներին» Ավելի ուշ կողմերը միմյանց դեսպաններին կանչել են արտգործնախարարություններ և փոխադարձաբար բողոքի նոտաներ հղել։ 2022-ի հոկտեմբերին Իրանը հյուպատոսություն է բացել Հայաստանի Սյունիքի մարզում և զորավարժություններ սկսել Ադրբեջանի հետ սահմանին։ Նոյեմբերին պատասխան զորավարժություններ է կազմակերպել նաև Ադրբեջանը։ տե՛ս Երեխաներն ու Հայաստանի արտաքին քաղաքականությունը Դիվանագիտական, ռազմական և ոստիկանական այս միջոցառումների ֆոնին ադրբեջանական մամուլը հիշել է Իրանի թյուրքախոս նահանգների բնակչության ճնշվածության մասին, Իրանը՝ մեղադրել Բաքվին իր սահմաններին «սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներ» և սիրիացի զինյալներ տեղակայելու մեջ։ Թեհրանից կտրուկ ընդդիմացել են նաև «Զանգեզուրյան միջանցքի» ադրբեջանական պահանջներին։ տե՛ս Իրանի հետ վեճը հասավ «Հարավային Ադրբեջան» Իրավիճակը կտրուկ սրվել է 2023-ի հունվարին՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից հետո։ Բաքուն կասեցրել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները և անցել շիա մահմեդականների զանգվածային ձերբակալությունների։ տե՛ս Թեհրան-Բաքու առճակատումը թեժանում է. կալանավորումներ, հուղարկավորություն Դեսպանատան վրա հարձակումը հունվարի 27-ին է եղել։ Սրանից հետո Ադրբեջանի ՆԳՆ-ն հաղորդել է ավելի քան 45 «իրանական լրտեսների» (շիա մահմեդականների) ձերբակալության մասին։ Օպերացիայից այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Ձերբակալվածների հարազատները պնդում են, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ոչ թե լրտեսության, այլ թմրանյութերի շրջանառության հոդվածով։ Փետրվարի 1-ին Ադրբեջանի ՆԳՆ-ն հաղորդել է ևս մեկ հատուկ օպերացիայի մասին, որի ընթացքում 39 մարդ է ձերբակալվել։ Նրանց մեղադրել են կրոնական քողի տակ դիվերսիա կազմակերպելու մեջ։ Թե ովքեր են այս մարդիկ և ինչ հոդվածներով են մեղադրվում՝ չի հաղորդվել։ Մարտի 12-ին Ադրբեջանի ուժային կառույցները ազդարարել են հավատավորների նկատմամբ հերթական հատուկ օպերացիայի մասին։ Ձերբակալել են ևս 32 հոգու, մեղադրանքները՝ լրտեսություն, թմրանյութերի շրջանառություն։ Մանրամասներ չեն հաղորդվել։ Ձերբակալված հավատացյալների հարազատները պնդում են, որ շարունակելու են պայքարել նրանց ազատ արձակման համար։ Իրավապաշտպանները շիա-մահմեդականների դեմ ներքաղաքական պայքարը աշխարհաքաղաքական առևտրի մաս են համարում։
Վարուժան Ավետիսյանի որդուն ազատել են, Ալեն Սիմոնյանին չեն էլ բռնել
Ըստ փաստաբանի, «դավաճան» «վիժվածք» բառերը հայհոյանք չեն, ըստ մեղադրյալի՝ դրանք «հոգու խոսք» են
Շատ հեշտ է ասել «Ադրբեջանը վատն է, իր հետ չենք բանակցի»․ բա հետո՞
Ի՞նչ է բանակցություններից հրաժարվելը տալու հայկական կողմին, ինչպե՞ս են դիմակայելու արտաբանակցային լուծումներին
Լրագրողն ու փաստաբանը հոսպիտալացվել են․ Կադիրովը զգուշացնում էր
Չեչնիայում դաժան ծեծի են ենթարկել «Նովայա գազետայի» լրագրող Ելենա Միլաշինային և փաստաբան Ալեքսանդր Նեմովին, որոնք․․․
Ավտոտնակի պայթյունից ավտոմեքենաներ և բնակարաններ են վնասվել․ կա տուժած
Երկու ավտոտնակ է փլուզվել, 9 մեքենա և բազմաթիվ բնակարանների պատուհաններ են վնասվել. ո՞վ է փոխհատուցելու