2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Թրամփի սիրտը Կանադա է ուզում, Մասկը շախ է տալիս

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 7-ին (հերթական անգամ) հայտարարել է, որ Կանադան պետք է ԱՄՆ 51-րդ նահանգը լինի։ Լրագրողների առաջ ունեցած իր ելույթում Թրամփն ասել է, որ ռազմական միջոցների չի դիմի, բայց պատրաստ է «տնտեսական ուժ» կիրառել։ «Քանի որ Կանադան ու Միացյալ Նահանգները միասին՝ իրոք ուժեղ կլինի», - հայտարարել է Թրամփը։ Իր Truth Social սոցիալական կայքում ԱՄՆ նախագահը երկու քարտեզ է հրապարակել, որոնցում Կանադան Ամերիկայի կազմում է։  Վերջերս իր պաշտոնաթողության մասին հայտարարած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պատասխանել է Թրամփին։ «Շանս չկա, որ Կանադան դառնա Միացյալ Նահանգների մաս», - X-ի իր էջում գրել է Թրյուդոն։  Նրան իհարկե պատասխանել է Թրամփի մտերիմ դաշնակից և բիզնեսմեն Իլոն Մասկը։ «Աղջիկս, դու այլևս Կանադայի նահանգապետը չես, այնպես որ կարևոր չէ, թե ինչ ես խոսում», - գրել է Մասկը հունվարի 8-ին։ Ավելի վաղը Դոնալդ Թրամփը Թրյուդոյին «Կանադայի նահանգապետ» էր անվանել։  Կանադան Թրամփի նոր ծավալապաշտական ծրագրի միակ թիրախը չէ։ Նա արդեն սպառնացել է Պանամայից վերցնել Պանամայի ջրանցքը, և ասել է, որ ԱՄՆ-ին շտապ պետք է Գրենլանդիան։