Home / Տեսանյութեր / Հայրիկյանը կրկին դատարան է դիմել․ իր դեմ մահափորձ կատարածներից փոխհատուցում է պահանջում

Հայրիկյանը կրկին դատարան է դիմել․ իր դեմ մահափորձ կատարածներից փոխհատուցում է պահանջում

ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն իր նկատմամբ մահափորձ իրականացնելու մեղադրանքով դատապարտված և այս պահին պատիժ կրող Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից և Խաչատուր Պողոսյանից 40 միլիոն դրամ վնասի փոխհատուցում է պահանջում: Այսօր այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Նա ասել է՝ տուժող կողմը ցանկանում էր, որպեսզի փոխհատուցման հարցը լուծվի քրեական գործի շրջանակներում, սակայն դատարանը, հրապարակելով ամբաստանյալներին ազատազրկման դատապարտելու որոշումը, փոխհատուցման հարցը թողել էր առանց քննության: Առաջին ատյանի դատարանում դատավարության ընթացքում տուժող կողմը նշել էր, որ Հայրիկյանը 20 միլիոն 500 հազար դրամ ծախսել է մարտի 28-ից մինչև մայիսի 16-ն արտերկրում վիրահատվելու և բուժվելու համար։ Եվս 20 միլիոն 500 հազար դրամ նրան անհրաժեշտ է երկրորդ վիրահատության և բուժման համար, քանի որ, ըստ հայցադիմումի, բելգիացի բժիշկները եզրակացրել էին, որ առաջիկա երկու տարիներին Հայրիկյանին երկրորդ անգամ վիրահատելու անհրաժեշտություն կառաջանա։

Պարույր Հայրիկյանի պաշտպանը փոխհատուցման հարցով դիմել էր նաև Վերաքննիչ դատարան, սակայն այդ ատյանը ևս հարցը չէր քննել:

«Մենք էլ օգտվել ենք քաղաքացիական հայց բերելու իրավունքից, քանի որ փոխհատուցման հարցը համարում ենք, որ պետք է լուծվի՝ անկախ նրանից դա կլինի քրեական գործի շրջանակներում, թե առանձին»,-ասել է Բաղդասարյանը:

Վարդան Սեդրակյանն այս գործով հրաժարվել է փաստաբանական օգնությունից և ինքն է պաշտպանում իր շահերը դատարանում:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող Սեդրակյանին 14 տարվա ազատազրկման էր դատապարտել, թեև մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը 12 տարի էր պահանջել: Մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանը 12 տարի է ստացել, իսկ Հայրիկյանի վրա կրակած Խաչիկ Պողոսյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: