Home / Հայաստան / Գորիսի սպանության գործով բողոքը մերժվել է․ դատարանի որոշումը կբողոքարկվի. Փաստինֆո

Գորիսի սպանության գործով բողոքը մերժվել է․ դատարանի որոշումը կբողոքարկվի. Փաստինֆո

Դատարանը մերժել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքը, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Փաստաբանը պահանջում էր վերացնել Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշումը և այդ որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը:

Ինչպես «Փաստինֆո»-ին է հայտնել Հայկ Ալումյանը, դատարանի հիմնավորումներին ծանոթանալուց հետո իրենք կբողոքարկեն դատարանի այս որոշումը Վերաքննիչ դատարան:

Հայկ Ալումյանը բողոքում խնդրում էր նաև որոշում կայացնել դիմողներ Արտակ և Էմիլ Բուդաղյանների իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին:

Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին վիճարկվող որոշումն ընդունվել է՝ «նրա արարքներում հանցակազմի բացակայության հիմքով»:

Քննիչը հաստատված է համարել, որ «Սդղի գյոլ» կոչվող տարածքից վերադառնալիս Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանին ծեծի է ենթարկել միայն Զարզանդ Նիկողոսյանը: Մինչդեռ Հայկ Ալումյանը գտնում է, որ քրեական գործում առկա են ապացույցներ, որ ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանը ծեծի է ենթարկվել ոչ միայն Զարզանդ Նիկողոսյանի, այլ նաև՝ Սուրիկ Խաչատրյանի կողմից:

Ընդ որում, Զարզանդ Նիկողոսյանի մասնակցությունը ծեծին պայմանավորված է եղել հենց Սուրիկ Խաչատրյանի հրահանգով:

Քննիչը, հիմք ընդունելով Սուրիկ Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի և Արագած Ղևոնդյանի ցուցմունքները, գտել է, որ Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկողը եղել է միայն Զ.Նիկողոսյանը, և վերջինս գործել է իր նախաձեռնությամբ:

Փաստաբանը գտնում է, որ քննիչի՝ նման վարկածը ապացույցների միակողմանի գնահատման արդյունք է, դրանում նկարագրված հանգամանքներն անարժանահավատ են: Մասնավորապես, ըստ նրա, գործի նյութերից երևում է, որ Զարզանդ Նիկողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի փոխհարաբերություններն այնպիսինը չեն եղել, որ Նիկողոսյանն իրեն թույլ տար Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում սեփական նախաձեռնությամբ ծեծի ենթարկել վերջինիս կողմից մեքենա հրավիրված անձի:

Բացի այդ, Խաչատրյանի ընտանիքի անդամներն իրենց ցուցմունքներում պնդում են, որ Դավիթ Բեկի 1 հասցեի հարևանությամբ տեղի ունեցած դեպքի ժամանակ Բուդաղյանները հատկապես բացասական են տրամադրված եղել հենց Սուրիկ Խաչատրյանի և նրա ազգականների նկատմամբ:

Այդ դեպքում անտրամաբանական է և, ելնելով դրանից, անարժանահավատ, որպեսզի Զարզանդ Նիկողոսյանից տուժած Ավետիքը և նրա եղբայրը` Արտակը, չարությամբ լցված լինեին ոչ թե Նիկողոսյանի, այլ՝ Սուրիկ Խաչատրյանի հանդեպ:

Դրա հետ մեկտեղ, ստուգման չի ենթարկվել այն հանգամանքը, թե արդյոք հնարավո՞ր էր ավտոմեքենայում Զարզանդ Նիկողոսյանի կողմից Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելը՝ հաշվի առնելով, որ Ավետիք Բուդաղյանը զբաղեցնում էր վարորդի ետևում գտնվող նստատեղը, իսկ Զարզանդ Նիկողոսյանը նստած է եղել վարորդի կողքին:

Մանրամասները՝ Pastinfo.am-ում