Home / Հայաստան / Բաղդասարովին պատկանող «Միկա» մարզահամալիրը աճուրդի են հանել

Բաղդասարովին պատկանող «Միկա» մարզահամալիրը աճուրդի են հանել

Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա» մարզահամալիրը հանվել է աճուրդի։ Այս մասին տեղեկացնում է Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը։ Մարզադաշտի նախնական գինը սահմանվել է 9 մլրդ դրամ։ Գնման առաջարկներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 4-ը։

Epress.am-ը փորձել է ԴԱՀԿ-ից ճշտել՝ որ պարտքի համար է մարզադաշտը հարկադիր աճուրդի դրվել, սակայն ԴԱՀԿ-ի մամուլի պատասխանատու Ռիմա Ենգիբարյանը մեզ փոխանցել է, որ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրել, քանի որ գտնվում է արձակուրդում։

«Միկա լիմիթեդ» ընկերությունում, ինչպես նաև «Միկա» մարզահամալիրում մեր զանգերին չեն պատասխանել։

Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը չվճարված հարկային պարտականություններ ուներ, ինչպես նաև՝ աշխատակիցներին աշխատավարձային պարտքեր։ «Արմավիայի» աշխատակիցները բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել, նրանց մի մասն էլ դիմել է դատարան՝ պահանջելով հասանելիք գումարը։

Նշենք, որ «Միկա» մարզահամալիրի ստադիոնում ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության իր հանդիպումներն է անցկացնում «Միկա» ֆուտբոլային ակումբը, որը նույնպես պատկանում է Միխայիլ Բաղդասարովին։