Home / Տեսանյութեր / Մսի կոմբինատի նախկին տնօրենը դատապարտվեց «Գոմեշի գործով». Azatutyun.am

Մսի կոմբինատի նախկին տնօրենը դատապարտվեց «Գոմեշի գործով». Azatutyun.am

Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա վճռով դատապարտվեց ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով: Միաժամանակ, դատարանը որոշեց դատավճիռը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով չորս տարվա փորձաշրջան, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը։

Ավելի վաղ այս գործով մեղադրողը պահանջել էր նախկին տնօրենին դատապարտել 4 տարվա ազատազրկման, դատավճիռը պայմանականորեն չկիրառել և սահմանել 5 տարվա փորձաշրջան։

Օհանջանյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն նույն քանակությամբ «Բրիկետ» տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս մատակարարելու մեջ։ Նա, ըստ մեղադրանքի, Պաշտպանության նախարարությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 126 միլիոն 936 հազար դրամի (շուրջ 310 հազար դոլար) վնաս։

Հիշեցնենք, որ դեռևս 2012 թվականի մայիսին «Բանակում անարդարություններին ոչ» նախաձեռնությունը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահին, ՀՀ Պաշտպանության նախարարին, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձանց՝ կոչ անելով քննություն սկսել զորամասերում Հնդկաստանից բերված սառեցված գոմեշի մսի մատակարարման վերաբերյալ:

2012 թվականի օգոստոսին ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈՒ գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը։

2012 թվականի սեպտեմբերի վերջին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ հրապարկվել էր գոմեշի միս Հայաստան ներմուծող ընկերությունների ցանկը, իսկ այն ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ ինքը ներմուծման հետ կապ չունի: Խոշորագույն ներմուծողն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը: