Home / Տեսանյութեր / Ինչու Հայաստանում խոշտանգում հոդվածով պաշտոնյաների դեմ քրգործեր չեն հարուցվում

Ինչու Հայաստանում խոշտանգում հոդվածով պաշտոնյաների դեմ քրգործեր չեն հարուցվում

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսն անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստան կատարած իր այցն ամփոփող զեկույցում օբյեկտիվ և ճշգրիտ վերլուծել է իրավիճակը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք են հայտնել իրավապաշտպան Արման Դանիելյանը, փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը։

Վերջինիս խոսքով՝ զեկույցում տեղ գտած խնդիրներն այնքան խորքային են ու տարածական, որ ընդամենը մի քանի օր Հայաստանում անցկացրած հանձնակատարը կարողացել է տեսնել դրանք։

Միևնույն ժամանակ, փաստաբանները համաձայնել են, որ գործնականում այդ զեկույցը որևէ ազդեցություն չի ունենա, քանի որ նման զեկույցներ հաճախակի լինում են, հարցերը բարձրացվում են, սակայն դրանք լուծելու քաղաքական կամքը Հայաստանում բացակայում է։

«Վստահ եմ, որ պրակտիկայում ոչինչ չի փոխվի։ Անգամ եթե օրենսդրորեն գործադիրը ազդեցություն չունենա դատավորների նշանակման վրա, ներքին անկախությունը բացակայում է։ Դատավորների վրա ազդելու բազմաթիվ գործիքներ կան», ֊ ասել է Լուսինե Սահակյանը։

Երվանդ Վարոսյանը նշել է, որ ինքը՝ որպես անհատ փաստաբան, ամեն դեպքում ուրախ է, որ նման զեկույց կա․ «Մենք ամեն օր այդ մասին բարձրաձայնում ենք, բայց մեզ ասում են՝ դուք սուբյեկտիվ եք, պաշտպանի դիրքից եք խոսում։ Իսկ հանձնակատարն է՞լ է փաստաբան։ Ինքը սլաքները հիմնականում ուղղել է դատական համակարգին։ Դա շատ կարևոր է։ Մինչև դատական անկախ համակարգ չունենանք, արդյունք չենք ունենալու, ինչքան էլ բարեփոխումներ ունենանք»։

Վարոսյանը նաև ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ իր առաջարկներում հանձնակատարը շեշտում է՝ փոփոխություններ են անհրաժեշտ օրենսդրական դաշտում և պրակտիկայում։

«Նրանք հասկացել են, որ Հայաստանը պատրաստ է 200 տարի օրենք փոխել։ Մեր իշխանությունները պատրաստ են անընդհատ օրենք փոխել, առանձին ստորաբաժանումներ ստեղծել։ Ասեցին՝ դուք անկախ քննչական մարմին չունեք, քննչական կոմիտե ստեղծեցին։ Հարկ լինի, 100 հատ քննչական ծառայություն պատրաստ են ստեղծել, բայց ոչ պայքարել խոշտանգումների դեմ», ֊ ասել է փաստաբանը։

Նա բացատրել է, թե ինչու Հայաստանում խոշտանգման հոդվածով հիմնականում քրեական գործեր չեն հարուցում։ Վարոսյանի խոսքով՝ խոշտանգման դեպքերն ընկնում են «պաշտոնական դիրքի չարաշահում» հոդվածի տակ։

«Երբ իրավապաշտպան կազմակերպությունները, եվրոպացի փորձագետները գալիս, հարցնում են՝ քանի՞ քրգործ եք վատ վերաբերմունքի հետ կապված քննել ու ուղարկել դատարան, մեր պաշտոնատարները խառնում են ամեն ինչ իրար։ Ասում են՝ հարուցել ենք հարյուրից ավելի գործեր, ընդհանուր պաշտոնական դիրքի չարաշահումով էսքանն ուղարկել ենք դատարան, բայց հարցին, թե այդ գործերից քանիսն են վատ վերաբերմունքի հիման վրա հարուցվել, պատասխանում են՝ նման ստատիստիկա չենք վարում։ Վախենում են, որ հստակ հարց կհնչի՝ խոշտանգումների հոդվածով քանի՞ գործ եք հարուցել ու ինչո՞ւ դրանք չեն ուղարկվում դատարան»։

Փաստաբանները նշել են, որ Մուժնիեկսի զեկույցն օգտակար է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, քանի որ նման մակարդակով արված դիտարկումները հաշվի են առնվում վճիռներ կայացնելու ժամանակ։ Մյուս կողմից, Հայաստանում հաճախ ձևականորեն հարուցում են քրեական գործեր, որպեսզի Եվրոպական դատարանին ցույց տան, որ եղել է արդյունավետ քննություն։

Արման Դանիելյանի խոսքով՝ անցյալ տարի խոշտանգումների վերաբերյալ բողոքների հիման վրա 143 գործ է հարուցվել, բայց 141֊ը փակվել է․ «Այսինքն, ակնհայտ է՝ բացում են, որ միանգամից փակեն»։