Կնոջը` Դիանա Նահապետյանին (լուսանկարում), դանակի 21 հարվածով սպանելու մեջ մեղադրվող Վոլոդյա Մուրադյանին դատահոգեբանական փորձաքննության ենթարկած Էլդա Գրինն այսօր դատարանում պաշտպանել է իր տված եզրակացությունը, համաձայն որի ամբաստանյալը գտնվել է կումուլյատիվ աֆեկտի տակ:
Նշենք, որ Գրինի անցկացրած փորձաքննությունը թվով երկրորդն էր, մեկ այլ մասնագետ առաջին փորձաքննության ժամանակ նշել էր, որ Մուրադյանն աֆեկտի տակ չի եղել, ամբաստանյալի մոտ նկատվել է հոգեկան լարված վիճակ:
Արձագանքելով հարցին, թե ինչպես է եղել, որ երկու փորձաքննությունների մեջ հակասություններ կան, էլդա Գրինը խնդրել է դիմել առաջին փորձաքննության հեղինակներին:
Մեղադրող դատախազին և տուժողի իրավահաջորդների ներկայացուցչին հետաքրքրել է նաև, թե ինչու հակասություն կան վկաների ցուցմունքներ և եզրակացության արդյունքի հետ: Մասնավորապես, վկաներից մեկը՝ տուժող Դիանա Նահապետյանի դուստրը, պատմել էր, որ դեպքից հետո Վոլոդյա Մուրադյանը մի քանի հեռախոսազանգ է կատարել, նստել է մեքենան և հեռացել, այսինքն՝ նրա գործողությունները խոսել են աֆեկտի բացակայության մասին: Էլդա Գրինը պատասխանել է, որ ժամանակի զգացումը սուբյեկտիվ է, և հնարավոր է, որ վկայի մատնանշած գործողությունները դեպքից անմիջապես հետո չեն կատարվել:
Դիանա Նահապետյանի իրավահաջորդի փաստաբան Նարինե Մկրտչյանը հարցրել է Գրինին, թե, բացի ամբաստանյալի ցուցմունքներից և նրա հետ ունեցած հարցազրույցից, գործի նյութերում առկա ինչ փաստերի վրա է հիմնվել փորձագետը նման եզրակացություն կազմելիս։ Այլ փաստ Գրինը չի մատնանշել։
Մեղադրող դատախազը նշել է, որ փաստորեն երկրորդ փորձաքննություն էլ բոլոր հարցերին չի պատասխանում և անհրաժեշտություն կա երրորդ՝ համալիր հանձնաժողովային փորձաքննություն անցկացնելու: Այս մասին միջնորդությամբ դատախազը կներյանա հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա ապրիլի 18-ին, ժամը 12:00:
Հիշեցնենք, որ Մուրադյանը մեղադրվում է 104-րդ հոդվածի 2-ին մասի 5-րդ կետով՝ «առանձին դաժանությամբ սպանություն», որը ենթադրում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։ Պաշտպան կողմը միջնորդել է նրանց դատել ավելի մեղմ՝ 6-12 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով: Սպանության պահին աֆեկտի մեջ գտնվելու փաստը դատարանի կողմից ճանաչվելու դեպքում դա կհամարվի մեղմացուցիչ հանգամանք, և Մուրադյանն ավելի մեղմ պատիժ կստանա:
Լուսանկարը՝ swv.am