հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Սևազգեստ մայրերին հրում էին․ ոստիկանն ափսոսում էր ծաղիկները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սևազգեստ մայրերին հրում էին․ ոստիկանն ափսոսում էր ծաղիկները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ծառիս քոքն եք կտրել, ծաղիկի՞ց եք խոսում», այսօր՝ հունիսի 11-ին, նախագահական նստավայրի դիմացի մայթին՝ Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ, մի քանի անգամ բղավեց 2013 թվականին Լեռնային Ղարաբաղում զոհված Արմեն Մուրադյանի մայրը՝ Հերիքնազ Մուրադյանը։ Նրան և ամուսնուն՝ Հովսեփ Մուրադյանին, խիստ վրդովեցրեց ոստիկանի արտահայտությունը, ով, քաշքշելով Հերիքնազ Մուրադյանին, հայտարարեց, թե նա մայթի մոտ տնկած «ծաղիկներն է կոխրճում»։ Այդ պահին ոստիկանները քաշքշում էին Մուրադյանների ձեռքի պաստառը, որի վրա պատկերված էին բանակում զոհված երիտասարդները։

Դրանից քիչ անց Հովսեփ Մուրադյանը ևս մեկ անգամ պոռթկաց, երբ նկատեց, որ ոստիկաններից մեկը նկարահանող սարքը պահել է ուղիղ իրենց վրա՝ տեսանկարահանելով նյարդայնացած ամուսիններին։

«Անջատի, դու իրավունք չունես ինձ նկարես» բղավելով՝ Մուրադյանը վազեց դեպի ոստիկանը՝ փորձելով խլել տեսանկարահանող սարքը։ Ոստիկանը հետ֊հետ գնաց, դեպքի վայր հասած ոստիկանների գործողությունները համակարգող մայորն իր ենթականերից պահանջեց հետ քաշվել, իսկ բանակում զոհվածների ծնողները շարունակում էին անեծքներ տեղալ իրավապահների հասցեին։

Միջադեպից առաջ նրանք մոտ մեկ ժամ գտնվում էին նախագահական նստավայրի մոտակայքում. Հովսեփ Մուրադյանը՝ պաստառները դիմացի մայթին՝ «Սիրահարների այգու» ճաղավանդակներին փակցրած, բողոքի ակցիա էր անցկացնում, իսկ սևազգեստ մայրերը՝ Հերիքնազ Մուրադյանը, Գոհար Սարգսյանը, Իրինա Ղազարյանը, Նանա Մուրադյանը և Անահիտ Մկրտչյանը, կանգնել էին նախագահականի մայթին՝ դարպասներից մոտ 25 մետր վերև։ Նրանց դիմաց ոստիկանները պատնեշ էին կազմել՝ թույլ չտալով, որպեսզի մայրերն առաջ շարժվեն։

Գոհար Սարգսյանը պահանջում էր պատասխանել՝ որ օրենքի համաձայն են ոստիկանները փակում իրենց ճանապարհը, եթե իրենք պաստառներ չունեն, ակցիա չեն անցկացնում և ցանկանում են անցնել նախագահականի մոտով։ Ոստիկանները պատասխան չէին տալիս մինչ այն պահը, երբ դեպքի վայր ժամանեց Հովսեփ Մուրադյանի կողմից հրավիրված ՄԻ պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը։ Նա ոստիկաններից մեկի հետ մի կողմ քաշվեց, և լրագրողների ներկայությամբ հարցրեց, թե որն է ճանապարհը փակելու պատճառը։ Ոստիկանը նախ նշեց, թե մայրերը «ոչ հարիր արտահայտություններ են» անում, իսկ հետո ասաց, որ իրենք չեն կարող մայրերին թույլ տալ առաջ անցնել, քանի որ նրանք դարպասի մոտ ակցիա են անցկացնում։

Նանա Մուրադյանը պահանջեց ընթերցել օրենքը, որով արգելվում է բողոքել նախագահականի դիմաց։ Ոստիկանները միայն ասացին, որ մայրերը կարող են փակել մուտքը և խանգարել նախագահականի բնականոն աշխատանքը։ Գոհար Սարգսյանը ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներից պահանջեց հրավիրել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, որպեսզի վերջինս բացատրի ոստիկաններին, թե նրանք իրավունք չունեն խոչընդոտել իրենց ազատ տեղաշարժը։ Մայրերը դժգոհ էին նաև ՄԻՊ ներկայացուցչից. պահանջում էին ոստիկանների հետ զրույցները վարել իրենց ներկայությամբ, այլ ոչ թե հեռանալ։ Նրանք մի քանի անգամ նշեցին, որ ՄԻ պաշտպանը «Սերժ Սարգսյանի մարդն է», ու իրական օգնություն նրանից դժվար է ակնկալել։

Մայրերն ի վերջո փողոցի երթևեկելի մայթ դուրս եկան, ոստիկանները նրանց սկսեցին քաշքշել՝ հրելով դեպի մայթ։

Մայրերը, այնուամենայնիվ, հասան նախագահական նստավայրի դարպասի մոտ։ Նրանք նշում էին, որ իրենց պահանջը նույնն է մնում, հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, ու այժմ, ոստիկանների գործողությունները հաշվի առնելով, իրենք լուռ ակցիա են անցկացնում՝ չխոչընդոտելով նախագահականի «բնականոն գործունեությանը», ինչպես նշված է «Հավաքների ազատության մասին» օրենքում։ Այն, որ մուտքը չի փակվել և «բնականոն գործունեությանը» մայրերը չեն խոչընդոտում, արձանագրեց նաև ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը։ Այնուամեմայնիվ, ոստիկանները շղթա կազմեցին և, «մենք չենք հրում» ասելով, մայրերին հրելով հեռացրեցին դարպասների մոտից։ Այդ ընթացքում նրանք ՄԻՊ գրասենյակի ներկայացուցչից պահանջում էին իրենց կողքին լինել, որպեսզի «զգաս ոնց են բրդում» ոստիկանները։ Վերջինս, ոստիկանների շղթայի հետևում կանգնած, ասաց․ «Ես ձեր կողքին եմ»։