Home / Տեսանյութեր / Մարդիկ գիշերելու են Ազատության հրապարակում. ոստիկաններին կոչ են արել չսադրել (թարմացված)

Մարդիկ գիշերելու են Ազատության հրապարակում. ոստիկաններին կոչ են արել չսադրել (թարմացված)

23.50 Մոտ երկու հարյուր մարդ մնացել է Ազատության հրապարակում՝ որոշելով գիշերն այնտեղ անցկացնել: 

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից մեկը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին կոչ է արել առանց սադրանքների ապահովել մարդկանց անվտանգությունը, չգնալ շփումների ժողովրդի հետ և վիճակը չսրել: Նա նշել է, որ ՀՀ քաղաքացին Սահմանադրությամբ իրավունք ունի նստացույց իրականացնել և իրացնում է իր այդ իրավունքը: 

«Ցավում եմ, որ չհասկացաք, որ ոստիկանությունը ձեզանից մեկն է և կանգնած է ՀՀ քաղաքացու կողքին», – ասել է Օսիպյանը: 

«Մենք դա չենք տեսել, բայց չմանրանանք», – պատասխանել է նախաձեռնության անդամն ու հեռացել:

Օսիպյանը հայտարարել է նաև, որ ոստիկաններն իրավունք ունեն կիրառել ֆիզիկական ուժ այն դեպքում, եթե գիշերվա ընթացքում խախտվեն համակեցության կանոնները, տեղադրվեն վրաններ, չպահպանվի տարածքի մաքրությունը:

20.35 Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող հազարավոր քաղաքացիներ այսօր որոշում են կայացրել նստացույց սկսել Ազատության հրապարակում։

Նստացույց անելու մտադրության մասին բեմից առաջինը հայտարարել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։

«Երկու տարբերակ ունենք։ Կամ գնում ենք տներով, նստում խոհանոցում ու անիծում իշխանությանը, կամ մնում ենք էստեղ ու ապացուցում մեր ուժը», ֊ ասել է Շուշանյանը։

Նրա խոսքերից հետո հրապարակում սկսել են վանկարկել «Հիմա', հիմա'»։

Քիչ անց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարել են, որ մնալու են Ազատության հրապարակում, իսկ եթե մինչև երկուշաբթի ժամը 19։00-ն չստանան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման կասեցման մասին պաշտոնական փաստաթուղթ, ապա երթով շարժվելու են դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր։

2azat

Հարյուրավոր մարդիկ նստել են Ազատության հրապարակի հատակին։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մի քանի ոստիկանների ուղեկցությամբ մոտեցել է հարթակին, որտեղից հնչում էին ելույթները, և այնտեղ հավաքվածներին հայտնել է, որ նստացույցի մասին կոչերն անօրինական են։ Հարթակում գտնվողները հայտարարել են, որ իրենք նստացույց նախօրոք չեն ծրագրել, դա հավաքվածների ինքնաբուխ որոշումն էր։ Օսիպյանն ու նրան ուղեկցող ոստիկանները մի քանի հեռախոսազանգ են կատարել, որից հետո հայտարարել, թե մինչև 23։00-ն կարող են նստացույց անել, իսկ դրանից հետո հավաքվածների գործողություններն անօրինական են համարվելու։ Օսիպյանն ասաց, որ իրենք թույլ չեն տալու ակցիայի մասնակիցներին վրաններ բերել։

1azat

Այնուհետև ոստիկանները սկսել են ագրեսիվ ու սադրիչ գործողությունների դիմել։ Նախ նրանք մոտեցել են հրապարակում գտնվող անարխիստական բլոկի երիտասարդներին ու պահանջել են հանձնել նրանց մոտ առկա մի քանի անվադողերը՝ նշելով, որ ակցիայի իրազեկման թղթում անվադողերի մասին ոչ մի բառ չի եղել։ Երիտասարդներն ասել են, որ անվադողեր բերելն օրենքով չի արգելվում, որից հետո ոստիկանները հրելով, հարվածելով ու քաշքշելով նրանց հանել տեղերից, խլել անվադողերը՝ վնասվածքներ հասցնելով մի քանիսին։

3azat

Այնուհետև նրանք շարունակել են քայլել նստած մարդկանց միջոց՝ հրելով, հարվածելով ու սադրելով հավաքվածներին։ Ոստիկաններն անընդհատ ասում էին, որ նստացույցն ապօրինի է, իսկ ակցիայի մասնակիցները բարձրախոսներով կոչ էին անում ոստիկաններին դուրս գալ մարդկանց շարքերից։ Epress.am֊ի լրագրողի փոխանցմամբ, Ազատության հրապարակի մուտքի մոտ հավաքված ոստիկանները սկսել են քննարկել մարդկանց հրապարակից հատ֊հատ տանելու հարցը։

Հավաքվածները, սակայն, չեն հեռանում Ազատության հրապարակից։