Հյուսիսային պողոտային կից Տերյան 23, 25, Լալայանց 37 շենքերի բնակիչներն այսօր երթ են անցկացրել դեպի նախագահական նստավայր․ նրանք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակ են փոխանցել՝ պահանջելով չքանդել իրենց շենքերը։ Բնակիչներն իրենց պահանջի հետ միասին ներկայացրել են նաև 18043 անձանց ստորագրությունները, ովքեր մոտ մեկ ամիս տևած ստորագրահավաքի ընթացքում միացել են բնակիչների պահանջին։
Երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանն ասել է, որ իրենց շենքերը Երևանի առաջին բարձրահարկներն են, այդտեղ ապրել են ավելի քան 50 հայտնի մտավորականներ, ուստի դրանք պատմամշակութային արժեք են հանդիսանում: Նա հիշեցրել է, որ շենքերը կառուցապատող «Լոքալ դեվելոփերս» ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորն է, դատարանով պահանջում է պարտավորեցնել բնակիչներին լքել իրենց բնարականները երկամսյա ժամկետում, քանի որ տարածքը ՀՀ կառավարության կողմից գերակա շահ է ճանաչվել: Բնակիչները, իրենց հերթին, հակընդդեմ հայցերով պահանջնում են պարտավորեցել ընկերությանը հարգել իրենց սեփականության իրավունքը:
Չնայած մի քանի բնակիչների գործերը գտնվում են տարբեր դատավորների վարույթներում, գործերից մի քանիսով վճիռներն արդեն կայացվել են հօգուտ գործարարի։ Գերավետյանի խոսքով՝ դատարանը խախտում է թույլ տվել, մասնավորապես, իր գործով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Արփինե Զարգարյանը մերժել է փաստաբան ներգրավելու մասին միջնորդությունը: Տերյան 25 (Հյուսիսային պողոտա) շենքում բնակվող Հեղինե Ուդումյանի և Կիմա Վարդանյանի գործերով դատարանը բավարարել է կառուցապատողի հայցը:
Գերավետյանը նշել է, որ Սամվել Մայրապետյանն էլ խախտել է օրենքով սահմանված պարտավորությունները բնակիչների հետ փոխհարաբերություններում։ Մայրապետյանն ուշացրել է կառուցապատելու գործընթացը, ինչն իրավունք է տվել բնակիչներին այլ գնորդի վաճառել իրենց բնակարանները։ Այդ հնարավորությունից նրանք, սակայն, զրկված են, բնակիչներին բաժանվել են ԴԱՀԿ֊ից ստացած որոշումներ, համաձայն որոնց նրանք կարող են իրենց բնակարանները միայն Մայրապետյանի ընկերությանը վաճառել:
«2007 թվականից մինչ օրս կառուցապատման բացառիկ իրավունքը տրվել է Մայրապետյանին: Ինքը այդ ամբողջ գործընթացը կարող էր անել 2007 թվականի մարտի մեկից մինչև 2009 թվականի հունվարի մեկը: Երկու անգամ որոշումների ժամկետն անցել է: Բացի դրանից, Մայրապետյանը պնդում է, որ Պուշկին 30/1 շենքը կառուցվել է մեր խնդրանքով և մեզ համար: Հետագայում պարզվեց, որ կա շատ լուրջ ենթատեքստ․ դրա շնորհիվ նա ազատվել է հարկեր վճարելուց: Մեր հաշվարկներով, մոտ 200 միլիոն դրամ Մայրապետյանը քաղաքի բյուջե չի մուծել»,- ասել է Գերավետյանը:
Նա ընդգծել է, որ այդ շենքում նախագծով 12 հարկ պետք է լիներ, սակայն 14-ն է կառուցվել, իսկ բնակիչների մի մասը դժգոհ է եղել շենքային պայմաններից ու չի ցանկացել բնակարան վերցնել այնտեղ։
Բնակիչները դժգոհ են նաև իրենց բնակարանների համար կառուցաապտողի առաջարկած գնից: «Տների համար օրենքով պետք է տրվի շուկայական գին գումարած 15% փոխհատուցում: Առանց 15 տոկոսի, միջինը 750 դոլարի համարժեք դրամ է՝ մեկ քառակուսի մետրի համար: Դա աննախադեպ է: Կոնկրետ իմ բնակարանը գնահատվել է 35 միլիոն դրամ (71 հազար ԱՄՆ դոլար)։ Բնակարանս 81 քառակուսի մետր է»,- ասել է Գերավետյանը: