Home / Տեսանյութեր / Վարդգես Գասպարին շարունակում է պայքարել «ոխերիմ պաշտպանների» դեմ

Վարդգես Գասպարին շարունակում է պայքարել «ոխերիմ պաշտպանների» դեմ

Ինժեներ Վարդգես Գասպարին բազմիցս դիմել է Հանրային պաշտպանի գրասենյակ և պահանջել, որպեսզի իրեն փաստաբան չտրամադրեն, քանի որ ինքը պաշտպան ունի։ Գրասենյակը, սակայն, դատարանի պահանջով շարունակում է հանրային պաշտպան հատկացնել Գասպարիին։

Նախորդ շաբաթ Գասպարին դիմել էր Հանրային պաշտպանի գրասենյակ՝ պարզաբանում ստանալու համար, թե ինչ լիազորությամբ է նոր նշանակված հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը փորձել ծանոթանալ կամ ծանոթացել իր գործի նյութերին:

«Միայն ամբաստանյալի կողմից լիազորված անձն իրավունք ունի ծանոթանալու տվյալ գործի նյութերին, իսկ Ավետիսյանը գործերին ծանոթացել է առանց իմ համաձայնությունը ստանալու։

Իմ դիմումին Գրասենյակից չէին պատասխանում, իսկ երբ երեկ գնացի [գրասենյակ], ինձ պատասխանեցին, որ իրենք շատ զբաղված են ու ժամանակ չեն գտել, որ պատասխանեն իմ նամակին։ Բա որ էդքան զբաղված են, ո՞նց ա ժամանակ են գտնում պաշտպան են տրամադրում, ու առանց իմ դիմումին պատասանելու քրեական գործի նյութերին են ծանոթանում», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Վարդգես Գասպարին։

Նա կրկին պահանջել է իրեն տրամադրել Հանրային պաշտպանի գրասենյակի բոլոր փաստաբանների անունները, որպեսզի բոլորից հրաժարվելու դիմում ներկայացնի, սակայն մերժում է ստացել։

«Ի վերջո, Գրասենյակի խնդիրը նա է, որ ամբաստանյալը հրաժարվում է իրենց պաշտպանությունից, իսկ, եթե իրենք ուղիղ ասեն, որ պարտադրված են դատավորի կարգադրությունը անել, դա այլ հարց է։ Եթե իրենք ամբաստանյալի պահանջը անտեսում են և պարտադրված կատարում են դատարանի պահանջը՝ նշանակում է պաշտպանում են դատարանի շահերը։ Դուրս է գալիս, որ նրանք ոխերիմ պաշտպաններն են էլի»,- ասել է Վարդգես Գասպարին։

Հիշեցնենք, որ Գասպարին բոյկոտում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննությունը, որի շրջանակներում նա մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու մեջ։ Այդ գործի շրջանակներում դատարան չեն այցելում նաև նրա փաստաբանները, ու դատարանն ամեն անգամ Հանրային պաշտպանի գրասենյակին միջնորդում է նոր պաշտպան տրամադրել ամբաստանյալին։