Այսօր երեկոյան մի խումբ քաղաքացիներ ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա են անցկացրել ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի՝ պառկելով Բաղրամյան 26-ի դարպասների առջև՝ փողոցի երթևեկելի հատվածում։ Ակցիայի առաջին ալիքի մասնակիցներին բերման են ենթարկել, սակայն դրանից հետո մարդկանց նոր խումբ կրկին պառկել է նախագահականի առջև ու նույնպես տարվել ոստիկանություն։
Փետրվարի 19-ին կալանավորված ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ, քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին դատարաններում և հանրային վայրերում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ ավանդաբար պառկում է գետնին՝ ի նշան քաղաքացիական անհնազանդության։
Նույն կերպ վարվել են Բաղրամյան 26-ի առջև այսօր ակցիա անցկացրած քաղաքացիները, ովքեր նման կերպ արձագանքում են «Նուբարաշեն» ՔԿՀ֊ում Գասպարիին խոշտանգելու և ծեծելու մասին լուրին։
Ոստիկանները քաղաքացիներին գրկած տեղափոխել են մայթ: Որոշ ժամանակ անց դեպքի վայր ժամանած ոստիկանները մեքենայով նրանց տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ակցիայի երկրորդ ալիքի մասնակիցներին տարել են Կենտրոնի բաժին: Ըստ Epress.am-ի տվյալների` այս պահին երկու ակցիաներից բերման են ենթարկվել Արտակ Գևորգյանը, Հերբերտ Գևորգյանը, Սիփան Փաշինյանը, Կար Ղուկասյանը, Մաքսիմ Սարգսյանը, Տիգրան Մազմանյանը, Վիկա Հարությունյանը, Գոհար Սարոյանը, Գոհար Խաչատրյանը, Մուրադ Վարձելյանը, նաև մի քանի քաղաքացիներ, ում անունները չի հաջողվել ճշտել։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի շարք օգտատերեր կոչ են անում շարունակել ակցիան ՀՀ նախագահական նստավայրի դիմաց։
Երկրորդ ակցիան․
Առաջին ակցիան․ Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայան