Home / Տեսանյութեր / Գառնեցիները ստիպեցին վարչապետին չեղարկել կառավարության ծրագիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գառնեցիները ստիպեցին վարչապետին չեղարկել կառավարության ծրագիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Գառնի համայնք այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ կառավարությունը չեղյալ կհամարի Ազատ գետից դեպի Արարատյան դաշտավայր ջուր տեղափոխելու ծրագիրը։

Գառնի գյուղի բնակիչներն այսօր առավոտվանից կրկին փակել էին Երևան-Գառնի ճանապարհը: Նրանք շարունակել են երեկ մեկնարկած բողոքի ակցիան՝ պահանջելով չեղյալ համարել Կառավարության որոշումը, որով Ազատ գետի և Գեղարդալիճ ջրամբարի ջուրը պետք է տեղափոխվեր Արարատի մարզի գյուղերի հողերը ոռոգելու համար։

Գյուղացիները համոզված են, որ Ազատի ջրերով պետք է ոռոգվեն վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող հողատարածքները: Այսօր ցուցարարներին նախ այցելել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով գյուղացիներին առաջարկել է իր հետ գնալ Երևան վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելու համար, սակայն գառնեցիները հրաժարվել են՝ նշելով, որ ցանկության դեպքում վարչապետն ինքը կարող է գալ։

Մարզպետը խոստացել է, որ Հովիկ Աբրահամյանը կայցելի համայնք․ ժամը 16։00-ին վարչապետը իրոք ժամանել է Գառնի Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Արամ Հարությունյանի և Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի ուղեկցությամբ:

Գառնեցիները հանդիպման հենց սկզբից ներկայացրել են իրենց պահանջները՝ բացառելով ելքի այլ տարբերակ, քան Կառավարության որոշման չեղարկումը․ «Դուք պետք է գայիք չեղարկման որոշումով»։

1garni

Վարչապետը նախ ժխտել է իրեն պատկանող հողատարածքների մասին տեղեկությունները, ապա ընդունել է, որ ծրագիրն ունի թերություններ, և իրենք դա շատ լավ են հասկանում։

«Եթե ծրագիրը խնդիր չունենար, ձեր ճանապարհ փակելը ոչ մի բան չէր փոխի, պետությունը կբացեր ճանապարհը, բայց եթե եկել ենք այստեղ, ուրեմն մենք էլ ենք հասկանում, որ թերություններ կան ծրագրի մեջ», ֊ ասել է Աբրահամյանը։

Նա հավաստիացրել է գառնեցիներին, որ ոռոգման ծրագիրը դադարեցվելու է, իսկ աշխատող տեխնիկան հանվելու է Ազատ գետի կիրճից․ «Գեղարդալճի ծրագիրն էլ ձեր հետ միասին կքննարկենք առաջիկայում»։

Գառնեցիները պնդել են, որ չեն հեռանա մինչև տեխնիկա դուրս չգա Գառնիի վարչական շրջանից։

«Եթե չեղարկման որոշումը փոխեն և մեզ չներկայացվի պաշտոնական փաստաթուղթը, մենք նորից կանգնելու ենք ու նույն կերպ շարունակելու ենք մեր պայքարը և այդ ժամանակ, գուցե, ավելի խստ միջոցների դիմենք։ Մենք պայքարում ենք ինչպես Ազատ գետի, այնպես էլ Գեղարդալճի համար, և եթե Գեղարդալճի որոշումը նույնպես չեղյալ չհամարեն, մենք նորից կանգնելու ենք պայքարի», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Գառնի գյուղի բնակիչներից Արուսյակ Այվազյանը։

Նշենք, որ գյուղացիները ջուրը տեղափոխելու ծրագրի դեմ բողոքում են դեռևս 2014 թվականից։