Գլխավոր / Հայաստան / Հայ Առաքելական եկեղեցին չպետք է հարկային արտոնությունից օգտվի, պնդում է պատգամավորը

Հայ Առաքելական եկեղեցին չպետք է հարկային արտոնությունից օգտվի, պնդում է պատգամավորը

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը դժգոհ է մնացել Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանից։ Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, և Բագրատյանը Միրումյանի պատասխաններն իր հարցերին որակել է որպես «ցինիկ»։

«Ես Ձեզ լրջագույն հարց եմ բարձրացնում՝ բացառել սահմանի վրա ԱԱՀ-ի (Ավելացված արժեքի հարկ) գանձումը, ինչը եղել է հայոց պետության մեջ մինչև 1996 թիվը։ Դուք պատասխանում եք, որ, ըստ էության, կոնկրետ առաջարկ չի ներկայացվել։ Ես Ձեզ հարցրել եմ, թե ինչպե՞ս կարող է անհատ ձեռներեցը ԱԱՀ վճարել, Դուք պատասխանում եք, որ օրենքով սահմանված կարգով կարող է։ Դուք հասկանում եք, որ եթե մարդը անհատ ձեռներեց է, չի կարող ԱԱՀ վճարել, քանի որ չի կարող հաշվապահ պահել»,- հարցրել է Հրանտ Բագրատյանը։

Պատգամավորը նաև բաձրացրել է Հայ առաքելական եկեղեցուն տրվող հարկային արտոնությունների վերաբերյալ հարցը։ Նա ընդգծել է, որ հարկավոր է փոխել օրենքը և հարկել Առաքելական եկեղեցին։

Միրումյանը նշել է, որ չի նախատեսվում եկեղեցուն տրվող արտոնության վերացումը, որովհետև, օրինակ, խնդիր կա կրոնական կազմակերպության պատկանող շինությունների կադաստրային արժեքների գնահատման հետ կապված։ Բացի դա, Միրումյանի խոսքով, դա որոշակի բեռ է Եկեղեցու համար, որի «ֆինանսական միջոցները, մեր տեղեկություններով, այսօր առկա չեն»։

ՀԱԿ խմբակցության պատգամավորը նաև խնդիր է տեսնում փոքր ու միջին և խոշոր բիզնեսների ներկայացուցիչների հարկման տարբերության մեջ։ Տնտեսագետի համար անհասկանալի է՝ ինչու 20 միլիոն դրամ գումար վաստակող մարդն օրենքով պետք է պետությանը տա 20 տոկոս շահութահարկ, իսկ 50 միլիարդ վաստակողը՝ 2 տոկոս։ Բագրատյանի խոսքով՝ դա ամենևին էլ չի նշանակում խրախուսել փոքր և միջին բիզնեսը, չնայած իշխանությունները նման խոստումներ են տալիս։