Գլխավոր / Բանակ / Բանակը ազգի սարսափն է. ոչ «1000 դրամների» օրենքին

Բանակը ազգի սարսափն է. ոչ «1000 դրամների» օրենքին

«Թշնամու» գործողություններից վիրավորված կամ զոհված զինծառայողների անունից Ժողովրդից պարտադիր կերպով ամսական հազարական դրամ գանձելու մասին օրենքի հեղինակների` Հայաստանի իշխանությունների դեմ բողոքի ակցիա է անցել Երևանում: Քաղաքի տարբեր մասերում հայտնվել է «տղես զոհվեց՝ վարկերս փակեցի» գրառումը և #1000_դրամ հեշթեգը: Ակցիան զուգորդվում է հետևյալ տեքստով, որը տարածվում է համացանցում.

— Մեր հաշվին հարստանում են, մեր հաշվին քաղաքականություն են խաղում, մեր հաշվին մեզ իշխում են ու, հերթական անգամ, մեր հաշվին ուզում են «լավություն անեն»: Առաջարկում են ազգովի 1000 դրամ հավաքենք, բայց ոչ թե նրա համար, որ կարիք չլինի զոհվելու, այլ` զոհվելուց ավելի արխային լինելու, որ ոտքը կորցնելուց հանկարծ չմտածենք, թե Սերժի ու Ալիևի, Ամերիկայի ու Ռուսաստանի, տարատեսակ հարուստ ու իշխանավոր սրիկաների խաթեր ենք արյուն թափում: Առաջարկում են 1000 դրամ հավաքենք, որ իրենք մեզ ավելի հեշտ խաբեն:

Կարելի է շատ երկար խոսել, ինչ աղետալի բան է պատերազմը, բայց մարդիկ, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, առանց դրա էլ գիտեն դա: Չէ՞ որ իրե՛նց են մսաղացի մեջ գցում, չէ՞ որ իրե՛նց ընտանիքներն են բանակ տարված որդու համար սիրտը դող ընկած տուլիկ ուղարկում: Հարստահարված, իրավազուրկ, մեկը մյուսից ճնշված մարդիկ մոտիկից են ճանաչում պատերազմը, ու բարդ է գտնել այնպիսի մեկին, ով կասի. «պատերազմ եմ ուզում»:

Իշխանություններին պատերազմը ձեռք է տալիս. քանի պատերազմը չի ավարտվել, իրենց տեղերը տաք կմնան: Դրա համար էլ ջանք ու եռանդ չեն խնայում, որ հավերժացնեն պատերազմը ու բթացնեն մեր ցավը, բայց երբեք չլուծեն խնդիրը, երբեք չբուժեն ազգայնականության հիվանդությունը, որ անընդհատ նորանոր զոհեր է պահանջում:

Իշխանությունները նույնն են՝ մեկը մյուսից վատը, մեկը մյուսից հակաժողովրդական, մեկը մյուսից ստոր ու դաժան, և ամեն գրածը կարելի է վերագրել իրենց բոլորին: Բայց եկեք մենք մեր մասին խոսենք, Ադրբեջանի իշխանությանը քլնգելը թողնելով Ադրբեջանի ժողովրդին, ովքեր նույնպես հասկանում են այս ամենը, նույնպես դեմ են պատերազմին:

Մեր երկրում իշխանությունը վաղուց չի առաջարկել որևէ բան, որին հնարավոր կլիներ հավատալ: Ինչպե՞ս կարող ենք հավատալ, որ զոհվածների ընտանիքները և հաշմանդամները սրանից մի բան կստանան, եթե ամեն դրամի կեսը գնում է Սարգսյաններից մեկի գրպանը: Ինչպե՞ս հավատանք, որ այս գործը բարի է, եթե բանակում ինքնասպանության, սպայի ձեռքից հաշմանդամություն ձեռքբերելու կամ զոհվելու դեպքերը պարզապես չեն ընդունվում պետության կողմից. ձևակերպվում են որպես «թուրքի գյուլլի» զոհ: Միգուցե այս փողի մի մասն էլ այդ ընտանիքներին կտրամադրեն, որ բերանները փակ մնա:

Երբեք էլ բանակը լավ տեղ չի եղել, դժվար էլ դառնա: Բայց բանակ չգնալու համար մեր  մոտ մարդիկ երկրից են փախնում, երկու տարվա միջին եկամուտից ավել գումար են տալիս ու երակ են կտրում: Ասում են, թե բանակը ազգի պարծանքն է: Ո՛չ. բանակը ազգի սարսափն է: Ասում են, թե ապրիլից հետո Հայաստանում ազգային զարթոնք է և համախմբում, բայց բանակը կամավորական չի դարձել: Իշխանավորները իհարկե չեն հավատում սեփական ստերին և շարունակում են ստիպելով տանել բանակ, շարունակում են ճոռո-ճոռո խոսալ ու մեր հաշվին ապրել:

Նույնն էլ այս 1000 դրամները. ասում են, որ ժողովրդի համար է, բայց պարտադրում են: Ունես թե չունես, ուզում ես, թե չէս ուզում՝ ոչ ոք չի հարցնի: Նույնիսկ միմյանց օգնելու հարցը այլևս մեր հայեցողության տակ չի: Սա ժողովրդականության հետ ոչ մի կապ չունի, ավելին․ ցույց է տալիս թե որքան փտած կարող է լինել համակարգը։

tghes3

tghes4