Home / Մեդիա / «ՀՀԿ իրավունքների պաշտպան»․ ակցիա օմբուդսմենի ասուլիսի ժամանակ

«ՀՀԿ իրավունքների պաշտպան»․ ակցիա օմբուդսմենի ասուլիսի ժամանակ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան, Արդարադատության նախկին փոխնախարար Արման Թաթոյանի ասուլիսի ժամանակ ակցիա է անցկացվել։ Թաթոյանն իր գրասենյակում ներկայացնում էր ՄԻՊ արտահերթ զեկույցը 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ։ Ասուլիսի ընթացքում մի խումբ մարդիկ, որոնք չեն ներկայացել, դահլիճ են մտել և ՄԻՊ֊ի սեղանին փակցրել հուլիսյան ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները պատկերող լուսանկարներ։ Մասնավորապես, լուսանկարներից մեկում երևում է, թե ինչպես է Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը նռնակ նետում ցուցարարների վրա։ Լուսանկարներից մեկն էլ պատկերում է ոստիկանության գործողություններից տուժած, քթի կոտրվածքով արյունաշաղախ պառկած երիտասարդի։ Բացի լուսանկարներից, ակցիայի կազմակերպիչները փակցրել են նաև գրառում՝ «ՀՀԿ իրավունքների պաշտպան»։

Նույնպիսի գրառում է փակցվել օմբուդսմենի գրասենյակի ցուցանակի վրա։

Ակցիան չի ստիպել Թաթոյանին ընդհատել ասուլիսը, նա շարունակել է խոսել, իսկ նրա աշխատակիցը սեղանից պոկել է լուսանկարները։

Ասուլիսի ավարտից քիչ անց օմբուդսմենի գրասենյակը դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել․ «Անդրադառնալով իմ ասուլիսի ընթացքում քաղաքացիական հասարակության գործողություններին՝ ուզում եմ նշել, որ խորապես վստահ եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ենթադրում է նաև քննադատություններ և անհամաձայնության նման դրսևորումներ: Բազմիցս նշել եմ Հայաստանում քաղաքացիական հասարակություն դերի բարձրացման անհրաժեշտությունը. նորմալ եմ համարում, որ ինքս էլ կարող եմ որոշ շրջանակների կողմից քննադատության ենթարկվել: Մարդու իրավունքների պաշտպանը, անկախ ցանկացած հանգամանքից, գործել և շարունակելու է գործել բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ տուրք չտալով այս կամ այն կողմի հնչեցրած դիրքորոշումներին: Ուղղախոսությունն ավելի թանկ է, քան պոպուլիզմը»։

Նշենք, որ Թաթոյանը պաշտոնավարում է 2016 թվականից փետրվարից, նրա թեկնածությունն առաջարկել էր իշխող Հանրապետական կուսակցությունը․ նա ԱԺ֊ում ըտրվել էր 96 կողմ, 7 դեմ և 4 անվավեր ձայների հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսին «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավել էին Էրեբունի թաղամասում գտնվող Ոստիկանության պարեկապահակային գունդը, իսկ խմբի աջակիցներն այդ ընթացքում ցույցեր են անցկացրել Ազատության հրապարակում, Խորենացի փողոցում և Սարի թաղում, որոնց ժամանակ բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից։ Իրավապահների գործողությունների հետևանքով տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։