Home / Ոստիկանություն / Երևանի նորանանշանակ ոստիկանապետը հարվածել էր լրագրողին, կեղծ ցուցմունքներ տվել

Երևանի նորանանշանակ ոստիկանապետը հարվածել էր լրագրողին, կեղծ ցուցմունքներ տվել

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Երևանի ոստիկանապետի պաշտոնում նշանակել է Արտակ Պողոսյանին։ Լրագրող Անի Գևորգյանը, ֆեսյբուքյան իր էջում անդրադառնալով այդ նշանակմանը, նշում է, որ 2014 թվականի փետրվարին՝ մարտի 1-ին ընդառաջ իրազեկման ակցիաներից մեկի ժամանակ նա բերման է ենթարկվել բաժին, որտեղ Արտակ Պողոսյանը հարվածել է իրեն, ապա տեղի ունեցածի հետ կապված հարուցված քրեական գործով կեղծ ցուցմունքներ տվել:

«Տարիներ շարունակ Արմեն Խաչատրյանի, Վահե Գևորգյանի ու այլ փաստաբանների հետ միասին հետևողականորեն պայքարել ենք էդ օրը տեղի ունեցածի բոլոր մեղավորներին, նաև էս մարդուն պատասխանատվության կանչելու համար, որովհետև Հայաստանում ի վերջո պետք ա գա մի օր, որ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառողը իրական պատասխանատվության ենթարկվի: Մի բան էր, երբ նախորդ իշխանությունների ժամանակ տեսանք, թե ոնց էս մարդը ոստիկանության կենտրոնի բաժնի պետից դարձավ Երևանի փոխոստիկանապետ, բայց այլ բան է, երբ նրա կարյերայի աճը շարունակվում ա նոր իշխանության օրոք: ՀՀ-ում ապօրինությունների դեմ սկսված շատ կարեւոր պայքարի պայմաններում առավել ևս նման դեպքերն ու «հերոսները» չպետք ա անտեսվեն», ֊ գրել է Անի Գևորգյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ Պողոսյանի նշանակումը խայտառակ է որակել․ «Ինչպես ես եմ հասկանում, Երևանի ոստիկանապետ դառնալու համար պարտադիր է բռնություն կրողի համբավը, այն էլ ՄԻԵԴ-ով հաստատված։ Եթե հիշում եք, Աշոտ Կարապետյանը հայտնի էր որպես Գրիշա Վիրաբյանին խոշտանգող և սա հաստատված էր ՄԻԵԴ վճռով։ Իսկ նորանշանակ Արտակ Պողոսյանը ժամանակին ուշադրություն գրավեց, երբ Կենտրոնի ոստիկանապետն էր։ Նա ապտակել էր Կենտրոնի բաժին բերման ենթարկված ֆոտոլրագրող Անի Գևորգյանին։ Արտակ Պողոսյանը ներս էր մտել այն պահին, երբ Անին խոսում էր հեռախոսով, ապտակել էր, ձեռքից խլել հեռախոսը և ասել՝ «արա, ով ա սրա ձեռը հեռախոս տվել»։ Տպավորություն է, որ ոստիկանությունը չի ուզում հրաժարվել բռնություն կրողի համբավից և այս ավանդույթը պահպանվելու է։ Սա խայտառակ նշանակում է»։