Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարծում է, թե Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորի պաշտոնում նշանակված նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը (լուսանկարում) գիտակցել է իր սխալը։ Այսօր լրագրողները ՀՀԿ-ական նախարարից հետաքրքրվել են, թե ինչպես է ինքը վերաբերվում անցյալ տարի լրագրողներին հայհոյած, նրանց աշխատանքը խոչընդոտած Խաչատրյանի նշանակմանը, ինչին ի պատասխան՝ Աշոտյանը նշել է, որ մի սխալի համար չի կարելի մարդուն ամբողջ կյանքում հետապնդել։
«Այո, եղել են դեպքեր, որտեղ մարդիկ իրենց ամբողջությամբ ճիշտ չեն պահել և դրանից հետո ներողություն են խնդրել։ Հիմա դուք ի՞նչ եք ասումˋ պետք է մարդկանց իրենց ամբողջ կյանքում հետապնդե՞նք»,- ասել է Աշոտյանը։
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ մի խումբ ՀՀԿ-ական ուսանողներ խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ, հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին։ Չնայած մամուլում տարածված տեսանյութերի, որտեղ հստակ երևում էր տեղի ունեցածը, Խաչատրյանի և մյուսների դեմ քրեական գործ չէր հարուցվել, ավելին՝ ուսխորհրդի նախագահը պարգևատրվել էր 400.000 դրամով՝ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից։
Այսօր Աշոտյանը նաև նշել է, որ Կրթության և գիտության նախարարությունը կապ չունի բուհի պրոռեկտորի նշանակման հետ, և իր համակուսակից Խաչատրյանին համեմատել է ԱԺ այն պատգամավորների հետ, ովքեր բանտում են եղել, սակայն հետագայում համաներմամբ ազատ են արձակվել։
«ԱԺ-ում պատգամավորներ ենք ունեցել, որ ամնիստիայի են ենթարկվել: Շատ տեսանյութեր կան, որտեղ ակտիվիստները հայհոյում են ոստիկաններին։ Այդ մարդիկ հասարակությունից կամ ոստիկաններից ներողություն խնդրե՞լ են: Ես չեմ հասկանում, թե ինչից է գալիս այդ մաղձը»,-ասել է Աշոտյանը։
Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավորներից երեքը՝ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Ալեքսանդր Արզումանյանը, ձերբակալվել են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո։ Փաշինյանն ու Արզումանյանը դատապարտվել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, Ջհանգիրյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Հետագայում նրանք ազատվել են համաներմամբ։ Տեղական և միջազգային բազմաթիվ կառույցներ նրանց ճանաչել են քաղբանտարկյալ։
Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերը բռնության գործադրմամբ ցրել են ընդդիմության վրանային քաղաքը, 2008-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո 10 օր խաղաղ հավաքներ էր անցկացնում Ազատության հրապարակում։ Նույն օրը՝ մի քանի ժամ անց, մարդիկ հավաքվել են Գրիգոր Լուսավորիչ փողոցում։ Երեկոյան ցուցարարների դեմ հրազեն է կիրառվել։ Սպանվել է 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ։ Մինչ օրս սպանությունների համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։