ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին իր խորին մտահոգությունն է հայտնել այս տարվա օգոստոսին շփման գծում գրանցված բռնությունների կապակցությամբ, որոնք ամենամահաբերն են եղել 1994 թվականի հրադադարից հետո։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ։ Եռակողմ հանդիպումը կայացել է երեկ Մեծ Բրիտանիայի Նյուպորտ քաղաքում։
«ԱՄՆ-ն հավատում է, որ բռնությունների դադարեցումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը խաղաղություն և բարգավաճում կբերի երկու երկրների ժողովուրդներին՝ օգնելով Հարավային Կովկասում կայունության հաստատմանը։ Այս նպատակներն ունենալով՝ Պետքարտուղար Քերին հորդորել է նախագահներին խստորեն հարգել հրադադարը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել երկու երկրների հասարակություններին խաղաղությանը պատրաստելու համար», – մասնավորապես, ասված է ԱՄՆ Պետդեպի հաղորդագրության մեջ։
Ջոն Քերին նաև կոչ է արել նախագահներին աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, ովքեր օգնում են կողմերին հասնել հակամարտության խաղաղ և տևական լուծման։
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր:
Համաձայն հայաստանյան կողմի մամուլի հաղորդագրության, կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում, իսկ ԱՄՆ պետքարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար: ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարևոր է կողմերի քաղաքական կամքը:
Երեկ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել նաև Նյուպորտում անցկացվող ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։
Իր խոսքում նա նշել է, որ Հայաստանում լավ գիտեն թե´ անվտանգության, թե´ խաղաղության գինը, և դրանց համար երկիրը ստիպված է պայքարել գրեթե ամեն օր։
«Վաղը այստեղ, այս նույն դահլիճում փաստաթուղթ է ընդունվելու, որը կապ ունի իմ ժողովրդի անվտանգության ու մեր տարածաշրջանի խաղաղության հետ։ Երկու տարբերակ կա. կա´մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, այստեղ` ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, կա´մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որևէ լավ տեղ չի տանում։ Կա´մ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կա´մ կրկին լուռ խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները, որոնք այդպես հեշտորեն հրահրում է սեփական զինվորի կյանքին որևէ արժեք չտվող ու նման թղթերից թևեր առնող Ադրբեջանը», – իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը։