«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանն ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին ուղղված բաց նամակում իր մտահոգությունն է հայտնել վերջինիս ճակատագրի վերաբերյալ։ Իրավապաշտպանը այս տարվա հուլիսից գտնվում է անազատության մեջ՝ Հայաստանի օգտին լրտեսության և հայրենիքի դավաճանության մեղադրանքով։
Լեյլա Յունուսն ու Լաուրա Բաղդասարյանը, ապրելով թշնամական երկրներում, շուրջ 10 տարի տարբեր համատեղ մեդիա ծրագրեր են իրականացրել։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բաղդասարյանը նշել է, որ երկար ժամանակ նախընտրում էր հրապարակավ չարտահայտվել՝ գիտակցելով, որ Հայաստանից հնչող յուրաքանչյուր խոսք կամ աջակցություն Բաքվում կարող է վատթարացնել Յունուսի վիճակը։ Բաղդասարյանի ներկայիս գնահատականով, սակայն, ավելի վատ այլևս լինել չի կարող։
Ավելի վաղ Լեյլա Յունուսի փաստաբանը հայտարարել էր իր պաշտպանյալի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Նրա խոսքով՝ կալանավայրի բժիշկը իրավապաշտպանի մոտ ախտորոշել է լյարդի արագ զարգացող հիվանդություն, ինչպես նաև արյան մեջ շաքարի բարձր պարունակություն։
«Այլևս իմաստ չունի ներսում պահել ողջ ցասումը», – բաց նամակում նշել է Լաուրա Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ իր վրա հատկապես ազդել է Յունուսի հայտարարությունն այն մասին, որ հնարավոր է՝ մինչև տարվա վերջ չապրի։
Ըստ Բաղդասարյանի` Լեյլա Յունուսի հետ տեղի ունեցողը ցուցադրական պատիժ է. «Ինչպես ժամանակին մարդկանց այրում էին խարույկի վրա, հավաքվում էր հրապարակը, և բոլորը վախենում էին, որ հանկարծ մենք չհայտնվենք այդ սյունին գամված և չայրվենք, նույն զգացումները հիմա ունեն մարդիկ Ադրբեջանում, որոնք ուղղակի իմանում են, թե ինչ են անում այդ կնոջ հետ և ուղղակի սա դաս է նրանց համար»։
Միջազգային հանրությունը դատապարտել է իրավապաշտպանների ազատազրկումը Ադրբեջանում, սակայն, Բաղդասարյանի կարծիքով, դա բավարար չէ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը բարելավելու համար: Նրա խոսքով՝ բանտարկված իրավապաշտպանները միջազգային արժեքների հանդեպ ունեցած հավատի գերին են:
«Էներգակիրներով հարուստ երկրների համար գործում են խաղի այլ կանոններ, Ադրբեջանի իրավապաշտպանները հայտնվել են այս երկակի ստանդարտների արանքում գտնվող անօդ տարածության մեջ։ Նրանցից պահանջվում է ընդամենը էն կովի պես կաթ տալ և վերջ, հիմա այդ կովը կտրորի ձեր ցանած խոտը, ձեր աճեցրած փոքրիկ ծիլերը, այդ երկրում, որ ժողովրդավարություն է կոչվում, թե այդ կովն ինչ կանի, դա կարևոր չի, ձեզ միայն կաթն է հետաքրքրում», – ասել է Բաղդասարյանը։
«Արիֆ և Լեյլա Յունուսները կալանավորվեցին մեկ շաբաթվա տարբերությամբ՝ օգոստոսի սկզբին: Հենց օգոստոսից հայ ադրբեջանական շփման գծում իրավիճակը աննախադեպ լարվեց: Բայց չէ՞ որ մենք հենց դրա դեմ էինք հանդես գալիս», – Լեյլա Յունուսին ուղղված իր բաց նամակում գրել է Լաուրա Բաղդասարյանը՝ ցավով նշելով, որ չստացվեց, ավելին՝ իրավիճակը գնալով վտանգավոր է դառնում։
«Ես շատ մեծ վտանգներ եմ տեսնում այս ամենի մեջ, ես կարծում եմ, որ սրանով ավարտվելու է հետպատերազմյան մի մեծ փուլ, որի ընթացքում հայ և ադրբեջանական կազմակերպությունները փորձում էին ինչ-որ կոնտակտներ ստեղծել, պահել, զարգացնել, ծավալել և այլն»։
«Իմ սիրելի Լեյլա, խնդրում եմ, մի՛ մահացիր», – եզրափակում է Բաղդասարյանը։