Home / Հայաստան / Ոստիկանապետը ցուցարարների զայրույթն արդար չի համարում, առաջարկում է աղոթել․ «ՀԺ»

Ոստիկանապետը ցուցարարների զայրույթն արդար չի համարում, առաջարկում է աղոթել․ «ՀԺ»

Երեկ երեկոյան Գյումրիում ՀՀ ոստիկանապետ Վլադիմրր Գասպարյանը ՌԴ հյուպատոսարանի մոտ ակտիվ ցուցումներ էր տալիս տարածքը հսկող ոստիկաններին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Նա պատասխանել է լրագրողների հարցերին․

-Պարոն Գասպարյան, քիչ առաջ ոստիկանական նոր զորքեր են բերվել Գյումրի: Ինչի՞ հետ է կապված այդ ամենը, ինչո՞ւ են բերվել:

– Ոչ մի զորքեր էլ չեն գալիս, նորմալ ծառայություն ենք ուզում ապահովել Գյումրիում, ու ոչ մի կասկած չունեմ, որ ժողովուրդը… հասկացող ու զգոն է ժողովուրղը, այնպես որ պետք չէ աժիոտաժ ստեղծել, դա մեր ծառայությունն է՝ մի քիչ ուժեղացված ծառայություն է լինելու:

– Կա տեղեկատվություն, որ ռուսները խուճապի մեջ են և առհասարակ դուրս չեն գալիս բազայից:

– Չկա այդպիսի բան, չկա: Եթե դուք դրանից հաճույք եք ստանում, ես դրանից հաճույք չեմ ստանում:

– Ռուսական կողմի հետ բանակցություններում ի՞նչ եք քննարկել:

– Զգոնության ու ուշադրության կոչ եմ անում, որ ուշադիր լինեն զինվորականների հետ պատշաճ աշխատանք տանեն, որպեսզի զինվորականները քաղաքում չափ ու ձևի մեջ լինեն:

– Իսկ ի՞նչ կասեք վերջին միջադեպի մասին՝ դարձյալ երկու ռուս զինվորականների մասնակցությամբ:

– Դա միջադեպ չի եղել, ծառայողական քննություն է անցկացվում, էստեղ բոլորը բոլորին ճանաչում են… ռուս զինվորականները ճոճվելով են եղել ու որ թեմաներ չլինի, առաջարկել են տանել զորամաս, աննշան դեպք է:

֊ Ձեր կարծիքով ո՞վ պետք է այդ գործը [Ավետիսյանների սպանության] քննի։

֊ Դա իմ կարծիքը լինել չի կարող, կա օրենք, ու դա ոստիկանության դիրքորոշումը չի։ ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարն է եղել, ու մեր քննչական ղեկավարի հետ աշխատում են, վաղը հայտարարություն կանեն։

֊ Դո՞ւք ինչպես կպատժեիք Պերմյակովին։

֊ Ես պատժե՞լ։ Ես նույնիսկ չգիտեմ, հաստատ չէի սպանի։

֊ Վստահ ե՞ք, որ Պերմյակովը մենակ է եղել։

֊ Ես երբեք ոչնչի վրա վստահ չեմ լինում, մեր մեջ ասած։ Մենք մեր օպերատիվ գործողություններն ենք իրականացրել։

– Մարդկանց զայրույթը՝ թեկուզ քար նետելը արդա՞ր եք համարում:

– Երբեք: Բորբոքված էին, թող գնային եկեղեցի մոմ վառեին, աղոթեին, խաղաղվեին: Թող հասկանային, որ իրենց առաջ կանգնած է իրենցից շատ ավելի լավ հայ, որը պատրաստ է իր քաղաքացու համար զոհվել։

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանն իր ծեծի մեջ մեղադրում է ոստիկանապետին․ «Եթե իմ մեջ չար լինի, ես այնքան հնարավորություններ ունեմ, ես նմա՞ն եմ պրիմիտիվ մարդու։ Տխմարություն ու տգիտություն է, այլանդակություն է ուղղակի, գարշելի է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «ՀԺ»֊ի այսօրվա համարում