Փետրվարի 14-ին, ժամը 13։00-ին Գյումրիում հանրային քննարկում է կազմակերպվում, որի թեման է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությանն առնչվող խնդիրները։
Քննարկման նախաձեռնող խումբն ընդգծում է, որ հանրային քննարկման պատճառ է հանդիսացել սպանությունից հետո ՀՀ իշխանությունների և իրավապահների անպատասխանատու ու անհասկանալի գործելաոճը, ծագած բազմաթիվ հարցերը, հակասությունները, իրավական խնդիրները, հանրությանը անհրաժեշտ անվտանգության երաշխիքների կարիքը։
«Հանրային քննարկման նախնական օրակարգում են հետևյալ հարցերը.
ա. Համադրել սպանությանն առնչվող հայտնի տեղեկությունները, հարցերը և հակասությունները, քննարկել դրանք, նախաձեռնել հանրային հետաքննություն՝ հանցագործությունը բացահայտելու համար:
բ. Վերլուծել բուն սպանությանը հաջորդած իրավախախտումներն ու հանցագործությունները, ՀՀ իրավապահների գործողությունները, սխալներին, անգործությանը, դիտավորություններին առնչվող փաստերը: Որոշել հանրության անելիքները բուն եւ հաջորդած հանցագործությունների բացահայտման, իրավապահների անգործության վերացման, գործը եւ մեղադրյալին ՀՀ արդարադատության համակարգ անցկացնելու համար:
գ. Նախաձեռնել համանման դեպքերից քաղաքացիական պաշտպանության հնարավոր մեխանիզմների մշակում. – Ի՞նչ ենք պարտավոր անել, որպեսզի անհնար լինեն նման հանցագործությունները:
Հանրային քննարկման սկզբում օրակարգը կարող է փոփոխվել, հնարավոր են խմբային աշխատանքներ, Ա հարցով քննարկումը կարող է որոշվել անցկացնել առանց հրապարակման կամ հղումների իրավունքի, սա չի նշանակում, որ լրագրողների մուտքը արգելվելու է: Ընդհակառակը՝ խրախուսվում է բոլոր լրագրողների ներկայությունը, մանավանդ, նրանց, ովքեր որևէ հրապարակված կամ չհրապարակված տեղեկություն ունեն բուն և հաջորդած հանցագործությունների մասին:
Հանրային քննարկմանը մասնակցելու հետաքրքրություն է հայտնել արդեն 220 հոգի՝ լրագրողներ, իրավաբաններ, իրավապաշտպաններ, փաստաբաններ, փորձառու իրավապահներ, այլ շահագրգիռ քաղաքացիներ», ֊ ասված է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։
Քննարկումը կկայանա Գյումրիի «Արաքս» հյուրանոցի «16/21» սրահում։