Home / Բանակ / Բանակում վթարներից և սահմանին զոհերի թիվը զուգահեռ է աճում

Բանակում վթարներից և սահմանին զոհերի թիվը զուգահեռ է աճում

Վերջին հինգ տարում ոչ մարտական իրավիճակներում զինծառայողների մահերի պատճառների թվում ամենաշատը քաղաքացիական կամ մարտական մեքենաների վթարներն են՝ 76%։ Դրա մասին է վկայում «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության ուսումնասիրությունը։

«Շատ դեպքերում վթարվել են ոչ թե զորամասին կցագրված տրանսպորտային միջոցները, այլ անձնական ավտոմեքենաները։ Պարզ չէ, թե արդյո՞ք այս դեպքերում մահացած զինծառայողները վթարի պահին կատարել են ծառայության հետ կապված առաջադրանք։ Զոհերի զգալի մասը ռազմական մարդատար տեխնիկայի վթարների հետևանք է։ Հայտնի չէ, այդ վթարները ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, թե՞ ռազմական տեխնիկայի անսարքության հետևանք են», ֊ նշում են զեկույցի հեղինակները։

Դժբախտ պատահարները կազմում են ոչ մարտական իրավիճակներում զինծառայողների մահերի միջադեպերի 33%-ը։

Համեմատելով 2010-2015թթ․ գրանցված դժբախտ պատահարների և հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան ելքով միջադեպերի թիվը, երևում է, որ մինչև 2014թ. զոհերի թիվը գրեթե հավասար է եղել, իսկ 2015-ին երկու պատճառներով էլ գրանցվել է զոհերի թվի աննախադեպ աճ։ «Եթե հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերի թվի աճը կարելի է բացատրել հայ-ադրբեջանական սահմանում և շփման գծում լարվածության աճով, ապա դժբախտ պատահարների թվի աճը որևէ գործոնով պայնավորված չէ», ֊ ասված է զեկույցում։