Զինվորի մահվան գործի հետ կապված ընդդեմ Հայաստանի բողոք է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ 2014 թվականի հունիսի 20-ին Արարատի մարզի զորամասերից մեկում մահացած զինծառայող Գրիշա Խաչատրյանի ծնողներն ուզում են վերաբացել հանցակազմի բացակայության պատճառով կարճված գործը և պարզել իրենց որդու մահվան իրական հանգամանքները։ ՄԻԵԴ դիմելու մասին տարածած հաղորդագրության մեջ հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ)։
Պաշտոնական վարկածի համաձայն, դեպքի օրը՝ 10։00-ի սահմաններում, Գրիշա Խաչատրյանը և մեկ այլ շարքային՝ Մարտուն Հարությունյանը, միասին հերթափոխ են իրականացրել մարտական դիրքում։ 35 րոպե անց քննչական մարմնում տեղեկություն են ստացել, որ Խաչատրյանը մահացել է գլխի աջ հատվածում ստացած հրազենային վնասվածներից։
19-ամյա Խաչատրյանի մահվան լուրն առաջինը հաստատել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ, նախնական տվյալներով, զինծառայողը մահացել է հակառակորդի գնդակից։ Ավելի ուշ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ Խաչատրյանը մահացել է մարտական հենակետում, իսկ միջադեպի մանրամասները ճշտվում են։ Դրանից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Խաչատրյանը, նախնական տվյալներով, մահացու հրազենային վիրավորումը ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով:
Դիահերձմանը մասնակցած ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը պնդել էր, որ Խաչատրյանի հետ տեղի ունեցածը տիպիկ սպանություն է․ «Կապտուկները, արյունազեղումներն ու քերծվածքները կրծքավանդակի, ոտքի, ծնկի, գլխի գագաթակողային շրջանում են, առաջացել են բութ առարկայի հարվածի հետևանքով և նույնպես ապացույց են, որ Գրիշա Խաչատրյանին սպանել են»։
Տեսանյութը՝ այստեղ.
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 2015 թվականի հունիսի 20-ին կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով: Իսկ տուժող կողմի՝Խաչատրյանի իրավունքների խախտումները վերացնելու և գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու վերաբերյալ բողոքները մերժվել էին ինչպես դատախազության, այնպես էլ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների կողմից։ Վճռաբեկ դատարանն էլ գործը վարույթ չէր ընդունել:
Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում նշել էր, որ նախաքննության ընթացքում Խաչատրյանի կողմից ինքնասպանություն կատարելու հնարավորությունը միանշանակորեն հերքվել է։ Սակայն, սպանության վարկածը ամեն դեպքում չի հերքվել միանշանակորեն, և այդ պատճառով էլ գործը չէր կարող կարճվել։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է, որ ՄԻԵԴ դիմած գանգատում Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանն ի թիվս այլ բաների ընդգծել է, որ քննչական մարմնի առաջ քաշած վարկածը, համաձայն որի՝ Խաչատրյանը մահացել է իր կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու արդյունքում արձակված կրակոցներից, հիմք է տալիս պնդելու, որ վերջինիս պատշաճ ձևով չեն բացատրվել դրանք: Ինչը անձնակազմի նկատմամբ զորամասի հրամանատարության թույլ վերահսկողության արդյունք է: Չնայած դրան՝ զորամասի հրամանատարական կազմից որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել:
«Պետությունը անկախ և արդյունավետ քննություն չի իրականացրել մեղավորների բացահայտման և համարժեք պատժի նշանակման ուղղությամբ: Ավելին՝ պատշաճ բժշկական օգնության հնարավորություն չի եղել ոչ մարտական դիրքում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ոչ էլ դրան հարող տարածքում, ինչ անհնար է դարձրել Խաչատրյանին առաջին բուժօգնության տրամադրումը: Այսպիսով՝ պետությունը չի կատարել իր իրավասության տակ գտնվող անձանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու իր պարտավորությունը», – գրում է ՀՔԱՎ-ը: