Home / Դատարան / «Դու հիվանդ չես, դերասա՛ն»․ դատավորը՝ սայլակի վրա նստած կալանավորին

«Դու հիվանդ չես, դերասա՛ն»․ դատավորը՝ սայլակի վրա նստած կալանավորին

«Ձեր շինած երկիրն է, ի՞նչ ես ուզում, դերասա՛ն։ Ես քեզանից շատ բան եմ արել էս երկրի համար։ Դու հիվանդ չես, դու նույնիսկ վազում ես, մատերիդ վրա սաղին ֆռռացնում ես», – դատական նիստերի դահլիճից դուրս, դիմելով ամբաստանյալ, նախկին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանին, ասել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը։ Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հաջորդ դատական նիստին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնելու։

Այսօրվա դատական նիստը սկսվել և միանգամից հետաձգվել է ամբաստանյալ Արման Հայրապետյանի պաշտպանի բացակայության պատճառով: Նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ ինքը պատրաստվում էր այսօրվա նիստին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։

Միջնորդությունը պայմանավորված էր հունիսի 23-ին՝ նախորդ դատական նիստից հետո, դատավորի կողմից Շիրխանյանի հասցեին հնչեցրած արտահայտություններով։ Դատավորը սայլակի վրա նստած, հիվանդ կալանավոր Շիրխանյանին հեռացրել էր նիստերի դահլիճից՝ ոտքի չկանգնելու պատճառով։ Երբ Շիրխանյանին սայլակով տեղափոխել էին դատարանի դահլիճից, դատավորը դուրս էր եկել նրա հետևից, և Ալումյանի խոսքով, շատ կոպիտ ձևով խոսել նրա հետ։

«Երբ նկատեցին, որ ես այնտեղ եմ, լսում եմ, դուռը փակեցին», – նշել է Ալումյանը, սակայն նա ընթերցել է Շիրխանյանի կողմից փոխանցված գրությունը, որտեղ վերջինս պատմել է՝ ինչ է տեղի ունեցել փակ դռներից այն կողմ։ Դատավորը շարունակել է վիրավորել նրան և ասել է․ «Ձեր շինած երկիրն է, ի՞նչ ես ուզում, դերաասա՛ն։ Ես քեզանից շատ բան եմ արել էս երկրի համար։ Դու հիվանդ չես, դու նույնիսկ վազում ես, մատերիդ վրա սաղին ֆռռացնում ես»։

Հիշեցնենք, որ Շիրխանյանը ձերբակալվել է 2015 թվականին «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու» կասկածանքով։ Պաշտոնական վարկածի համաձայն` խմբի անդամները հանցագործություններ էին պատրաստում «քաղաքական գործիչների, քաղաքացիների, պետության առանձին ճյուղերի դեմ»։ Շիրխանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (Հանցավոր համագործակցությանը մասնակցելը): Հոդվածով նախատեսվում է 6-ից 10 տարի ժամկետով ազատազրկում։