Հայաստանում երբևէ եղե՞լ են քաղբանտարկյալներ։ Ազգային ժողովում փետրվարի 27-ին այս հարցադրումն է բարձրացվել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի առաջ։
«Ես պատշաճ չէի համարի ո՛չ հերքել, ո՛չ հաստատել՝ հետևյալ դրդապատճառով․ որևէ նման գործի նյութերի ծանոթ չեմ եղել, մեզ մոտ քննարկվող որևէ դիմումով նման տիպի հարց չի շոշափվել, և, բնականաբար, ես կդժվարանամ ապրիորի հայտարարություններ անել։ Մեզ ով դիմել է, անկախ նրանից, թե ինչ քաղաքական հայացքներ ունի, մենք գործը քննել ենք զուտ սահմանադրական տեսանկյունից», – «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան ասել է Հարությունյանը։
Արդյոք ՍԴ նախագահն իրեն մեղավոր համարու՞մ է Հայաստանում ընտրությունների մեխանիզմի չկայացման, ժողովրդական ավանդույթների ձախողման, Հայաստանի հնարավոր զարգացման չարձանագրման մեջ, հարցրել է նույն խմբակցության ներկայացուցիչ Արարատ Միրզոյանը։
Պատգամավորը նշել է, որ դեռ 1995 թվականից սկսած Հայաստանում ավանդաբար կեղծվել են ընտրությունները, տեղի են ունեցել ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող զանգվածային խախտումներ։
«Ոչ չեմ համարում, բնականաբար, քանի որ ձեր գնահատականները և իմ գնահատականները, դատարանի գնահատականները չեն համընկնում։ Դուք այդ հարցադրումները կատարում եք ընդհանուր զգայական կամ ձեր ձեռքի տակ եղած որոշ փաստերի հիման վրա, մենք գնահատում ենք իրավիճակը այն նյութերի հիման վրա, որոնք մեզ ներկայացվում են։
Վերջին 2 համապետական ընտրությունների ժամանակ մեզ դիմում են՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Դիմում է քաղաքական ուժը, այդ քաղաքական ուժն ընտրատեղամասերում ունի շուրջ 2000 կամ ավելի իրավասյուբեկտ, որոնք կոնկրետ դերակատարություն ունեն ընտրատեղամասերում․ նրանք պետք է արձանագրություններ կազմեն, ստորագրեն, հատուկ կարծիք գրեն, դիմեն Սահմանադրական դատարան և այլն։ Ուսումնասիրում ենք արդյունքները․ վերջին անգամ հենց 1800, թե քանի ընտրական տեղամասերում այդ քաղաքական ուժի բոլոր իրավասու սյուբեկտները ստորագրել են այդ արձանագրությունները, առանց հատուկ կարծիքի, առանց վերապահման։ Ու այդ քաղաքական ուժը ասում է այդ ընտրությունները համարեք անվավեր։ Ինչի՞ հիման վրա», – ասել է Հարությունյանը։
Հիշեցնենք, որ «Ելքը» ընդունել է և չի բողոքարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն տեղեր է ստացել ԱԺ-ում։ Դաշինքի հետընտրական հայտարարության սկզբում նշվում էր, որ «ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում եւ ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե»:
«Ելքի» այլ պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հետընտրական հարցազրույցներից մեկում մասնավորապես նշել է․ «․․․Որպեսզի կարողանաս բողոքարկել էդ ընտրությունների արդյունքը, պետք է ունենաս համապատասխան փաստեր: Երբ, ասենք, ձեզնից գողանում են ձեր հեռախոսը, դուք կարող եք բողոքել, դիմել ոստիկանություն, բայց երբ դուք ձեր հեռախոսը վաճառում եք ձեր ուզած գնով, դա արդեն բողոքելու չի: Այսինքն, մենք չունենք մարդիկ, ովքեր բողոքում են: Ակնհայտ է, որ ընտրակաշառք բաժանվել է, բայց չկա որևէ փաստ, որ էդ ընտրակաշառքը բացահայտված լինի․․․»:
Նշենք, որ ԱԺ-ում այսօր քննարկվում է բարձրագույն դատական խորհրդի անդամների կազմը։ Ըստ օրենքի՝ բարձրագույն դատական խորհրդի 10 հոգանոց կազմից 5-ին ընտրում է Ազգային ժողովը։ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առաջին պաշտոնի համար ներկայացրել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը։